Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դուք ցանկանում եք, որ նրան դատեն Հայաստանում, ապա պայքարեք դրա համար»

Հունվար 19,2015 16:30

Ռուս լրագրողը ներկայացնում է Գյումրիում կատարվածի մասին ռուսական լրատվամիջոցների արձագանքը

Շաբաթվա սկզբին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդը ցնցել է ամբողջ Հայաստանը, ոտքի կանգնեցրել հայությանը եւ առաջացրել Ռուսաստանի ու ռուսական ռազմաբազայի նկատմամբ մեծ զայրույթ: Արդեն մի քանի օր է՝ Երեւանում եւ Գյումրիում կազմակերպվում են երթեր: Մասնակիցները հայաստանյան իշխանություններից պահանջում են նախանձախնդիր լինել, որ ռուս զինվոր Վալերի Պերմյակովի դատավարությունն ու պատժի կիրառումը Հայաստանում իրականացվի:

Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինվորի արարքը բոլոր լրատվականների գլխավոր ու ամենակարեւոր թեման է: Ռուսական լրատվամիջոցներն այս մասին անդրադառնում են շատ չեզոք, «ընտրված» ինֆորմացիա օգտագործելով, ինչը նկատելի է դարձել շատերին: Հայաստանում համոզված են՝ ռուսական լրատվամիջոցները ծածկում են եղելությունը եւ մանիպուլյացիայի ենթարկում իրենց հասարակությանը:

«Առավոտը» այս թեմայի մասին զրուցել է ռուսական «Независимая газета» թերթի լրագրող Ալեքսեյ Գորբաչովի հետ: «Ես դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը՝ կարդալով այն համացանցում: Մեր թերթն այս մասին գրել է այս շաբաթ, եւ հոդվածը դարձել է ամենաընթերցվածը»,- ասում է նա: Նշում է, որ կատարվածին իրենց լրատվամիջոցը անդրադարձել է՝ հիմնվելով բաց ռուսալեզու աղբյուրների վրա, որոնք հասանելի են եղել իրենց համար: «Հրապարակումներում հիմնականում նկարագրվում էր կատարվածը, մասնագետների կարծիքներ՝ ի՞նչ է պատահել եւ ո՞վ պետք է դա հետաքննի»,- պատմում է Ալեքսեյ Գորբաչովը: Նա ասում է, որ ռուսական համարյա բոլոր լրատվամիջոցները, այդ թվում՝ հեռուստաընկերությունները, ներկայացրել են կատարվածը: «Պետական հեռուստաընկերության ներկայացրածը շատ չեզոք էր: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ համարյա բոլորը լսել են այս դեպքի մասին: Կարծում եմ՝ ռուսական հեռուստաընկերությունների չեզոքությունը պայմանավորված է նրանով, որ սա վերաբերում է ռուսական բանակի հեղինակությանը: Ամբողջության մեջ կատարվածը ռուսական լրատվամիջոցներով քիչ է լուսաբանվում, որովհետեւ այն Ռուսաստանից դուրս է: Պետական հեռուստաընկերությամբ այն հեռարձակվեց ինչպես սովորական հանցավոր միջադեպ: Այլ լրատվամիջոցներով նշվում էր, որ զինվորը եղել է հարբած կամ հոգեկան անհավասարակշիռ վիճակում, եւ նաեւ ասվում էր, որ սա առաջին դեպքը չի նրա հետ, ոնց որ թե նա նախկինում նույնպես ցանկացել էր տուն փախչել»:

Ալեքսեյ Գորբաչովն ասում է, որ Հայաստանում տեղի ունեցող երթերի մասին ռուսական լրատվամիջոցները լուսաբանում են, ինքն էլ ուշադրություն է դարձնում, գիտի, որ երթերը հիմնականում ռուսական ռազմաբազայի շուրջ են տեղի ունենում. «Ավելին թե ինչ են խոսում այս թեմայով Հայաստանում՝ ես չգիտեմ: Ակնհայտ է, որ կատարվածը դառնալու է Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների կուլիսային պայմանավորվածությունների առարկա: Կարծում եմ, որ ձեր քաղաքացիները պետք է մեծ ուշադրություն դարձնեն դրան, եթե նրանք ցանկանում են, որ այս հանցագործությունը հետաքննվի օբյեկտիվորեն,- ասում է նա՝ ավելացնելով:- Եթե դուք ցանկանում եք, որ նրան դատեն Հայաստանում, ապա պայքարեք դրա համար: Եթե Ռուսաստանում արտասահմանցիները նման ծանր հանցագործություն են կատարում, ապա նրան դատում եմ մեզ մոտ: Ինչ վերաբերում է դատավճռի արդարությանը, ապա ես մտածում եմ, որ Ռուսաստանում հանցագործը նույնպես պատասխանատվության կենթարկվի խստորեն»:

Ռուս հասարակության ուշադրության պակասը կատարվածի նկատմամբ ռուս լրագրողը պատճառաբանում է նրանով, որ ոչ թե այն բավականին սարսափելի չէր, այլ որովհետեւ Ռուսաստանից դուրս եւ հեռու էր. «Մեզ մոտ ուշադրություն չեն դարձնում այն դեպքերին, որոնք կատարվում են Ռուսաստանից հեռու: Կատարվածը ինձ համար, որպես մարդ, սարսափելի էր, ես չեմ հասկանում, թե ինչպես կարող էր դա պատահել, եւ շատ ցավում եմ այդ դեպքի համար: Ցավում եմ ամբողջ ընտանիքի, հատկապես երեխաների համար»,- ասում է ռուս լրագրող Ալեքսեյ Գորբաչովը:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031