Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվարդ Պետրոսյան. «Իմ Երեւանի զարդերից մեկն էլ գնաց»

Հունվար 19,2015 16:00

– Անցած օրերին բազմաթիվ էին այն պետական եւ քաղաքական այրերն ու տիկինները, որոնք հարցազրույցների միջոցով արձանագրում էին իրենց առնչությունները, հուշեր պատմում, գնահատում եւ արժեւորում այսերկրային կյանքից վաղաժամ հեռացած, բազմատաղանդ մտավորական եւ պետական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանին: Բայց բազմաթիվ մտերիմ ընկերների մեջ որքան էլ տարօրինակ է՝ Ձեր անունը չկար, թեպետ Դուք առաջինն էիք, որ անդրադարձաք նրա «Մանդիլիոն» խորհրդավոր-հետաքրքիր վեպին:

Alvard_Petrosyan_23

– Հիասթափեցնեմ ձեզ, Անահիտ ջան՝ ասելով, որ ես մտերիմ ընկեր չեմ եղել Վահան Հովհաննիսյանի հետ, մենք միասին աշխատել ենք ԱԺ-ում, նաեւ ինքն իմ կուսակցական ընկերն է, եւ տարիներ շարունակ մենք, բնականաբար, շփվել ենք՝ մտերիմ ընկերներ չլինելով: Այս վերջին մեկուկես տարին մեջս մի մեծ ափսոսանք կար՝ հա ուզում էի պարզել առեղծվածը, թե ինչու, օրինակ, մենք մտերիմ չէինք… Ուզում էի, որովհետեւ ես իրեն շատ բարձր էի գնահատում որպես մտավորականի, ընդհանրապես՝ որպես տեսակ նա շատ հետաքրքիր էր, միշտ չէր, որ ես նրա հետ համաձայն էի, մարդկային մեր դրսեւորումների մեջ շատ տարբերություններ կային: Դա վերագրում էի եւ իր երիտասարդ լինելուն, ու նաեւ՝ դաստիարակությանը՝ մենք տարբեր դաստիարակություն ենք ստացել, ի վերջո՝ սեռային տարբերություններով էի բացատրում… Բայց որ ինքը բացառիկ հմայիչ ու հետաքրքիր էր՝ փաստ է, իրեն չսիրող մարդիկ անգամ դա ժխտել չեն կարող: Վահանը շարժվում էր, արդեն աղմուկ էր, անուշադրության երբեք չէին կարող մատնել նրան՝ ուզեր նա, թե չուզեր: Իսկ ես տեսել եմ այդպիսի պահեր, երբ ուզում էր իրեն մոռանան, հանգիստ թողնեն, բայց չէր ստացվում: Հետո որպես գրող էր նայում՝ զարմանալի տղամարդկային կոկետություն կար մեջը, ինչը հազվադեպ է պատահում: Նա կնամեծար էր, եւ իր այդ կոկետությունը շատ հմայիչ էր, ինչը կանայք բնազդով զգում էին: Սիրում էին Վահանին եւ անպայման ուզում էին իրենց օրվա մեջ ունենալ: Խոսքս եւ ԱԺ-ի մասին է, եւ դրսի… նրա ողջ քաղաքական գործունեությունն ուշադրության կենտրոնում էր:

Որքան գիտեմ՝ կներեք անհամեստությունս, ինքն էլ ինձ էր հետաքրքիր համարում՝ որպես տեսակ, մարդ եւ մտավորական, ինչը շատ անթաքույց էր: Գուցե դա էր վանում, ասում է՝ երկու գլուխ նույն տեսակ մի ամանի մեջ չի եփվի:

– Տիկին Ալվարդ, մեր հարցազրույցներից մեկում առաջինը Դուք անդրադարձաք Վահան Հովհաննիսյանի վեպին՝ գնահատելով եւ արժեւորելով նրա այս մի շնորհը եւս…

– Նրա կարապի երգի՝ ցավով պիտի ասեմ, շատ սիրուն երգ էր, առաջին ընթերցողը Սերժ Սարգսյանն էր՝ հանրապետության նախագահը: Երկրորդը ես էի: Արդեն գիտեինք նրա առողջական վիճակի մասին, եւ ես առաջարկեցի, որ անպայման հայերեն թարգմանվի, քանի որ ռուսերեն էր բնագիրը: Ինքն իր պատճառաբանությունն ուներ՝ հարկ է, որ դրսեցիները կարդան այդ գործը, բայց նա լավ չէր պատկերացնում, թե ներսինները որքան կարիք ուեն այն կարդալու, հասկանալու, նաեւ մի քիչ խորությամբ հասկանալու, ըմբռնելու՝ ինչ ասել է քրիստոնյա հայ ժողովուրդ: Որովհետեւ միայն պատմական փաստն արձանագրելով, թե՝ մենք առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած ժողովուրդ ենք, բավական չի: Պետք էր ավելի ժամանակակից եւ ընկալելի ներկայացնել՝ դա ինչ քայլ է եղել, ինչ անհավատալի հետեւանքներ է ունեցել մեր ազգային գոյատեւման, մեր տեսակի պաշտպանման, ընդհանրապես քաղաքակրթական իմաստով որքան կարեւոր է եղել: Թե չէ՝ մի տեսակ փոքրի հոգեբանությամբ ենք նայում, այն տրամաբանությամբ, թե՝ ոչ Չինաստան ենք, ոչ Ռուսաստան, եւ մեր քայլերը, մեր դրսեւորումներն այդ փոքր չափերի մեջ ենք տեսնում՝ չպատկերացնելով, թե համամարդկային քաղաքակրթության համար ինչ կարեւորություն ունի մեր քրիստոնեական տեսակը: Վահանը պատմաբան էր, հրաշալի հնագետ, հոյակապ գիտեր պատմության եւ արժեքների արժեքը, ու իր այս գործը՝ «Մանդիլիոնը», շատ ծրագրային վեպ է:

Ինքը չէր պատկերացնում, ծանոթ չէր գրահրատարակչական կենսոլորտին, զարմացավ, ո՞նց կլինի, կկարողանա՞ կարճ ժամկետում հասցնել եւ այլն. ես խոստացա, որ թե թարգմանական, թե տպագրության խնդիրներում կօգնեմ: Ինքն արդեն պիտի գնար Գերմանիա:

Ցավոք, մինչ գնալը եւ գնալուց հետո զարմանալի, ափեղ-ցփեղ խոսակցություններ եղան, թեպետ խոսողները շատ լավ գիտեին, որ նա անբուժելի հիվանդ է: Իմ կարծիքով՝ հանրապետության նախագահը նրան Գերմանիա ուղարկեց ծրագրավորված, որ իր բուժման հետ կապված խնդիրները կիսով չափ գոնե պակասեն, բայց մեկ է՝ դա էլ չօգնեց, որ լռեն, չբամբասեն, քաղաքական այլակերպումներ չտան այս քայլին:
Ես շնորհակալ եմ եւ հիացած Կարինե Աշուղյանով, որ համաձայնեց այս բարդ թեմային հպվել: Լինելով բանաստեղծ, մասնագիտությամբ փիլիսոփա՝ նա 2 ամսում կարողացավ ահռելի աշխատանք անել, եւ անել սիրով: Վահանին գոհացնելը շատ դժվար էր: Անսահման շնորհակալ եմ նաեւ Հասմիկ Պողոսյանին, նա ամեն ինչ արեց, որ ժամկետները պահվեն, ուրախ եմ, որ Կարինեն հասցրեց «Մանդիլիոն»-ի հայերեն օրինակը Ֆրանկֆուրտ՝ գրքի միջազգային տոնավաճառին տանել, մասնակցել Վահանի գրքով…
Իհարկե, հեռախոսով մենք կապը պահպանում էինք, բայց շատ ուշ էր, շատ եմ ցավում, ինձ համար իմ Երեւանի զարդերից մեկն էլ գնաց, Լեւոն Ներսիսյանի բանակից գնաց, տեսակ գնաց: Շատ եմ ցավում իր երիտասարդության, իր կիսատ թողած գործերի, իր ընտանիքի համար:

Սկզբին վերադառնալով՝ ասեմ՝ նման պահերի միշտ մեջս մի տհաճ, ցավոտ բան է առաջանում, հայերի մեջ մի տեսակ կա՝ մեռելատեր դարձողների: Որ նայում էի հեռուստատեսությամբ, թե ովքեր են որպես Վահանի մերձավոր ընկերներ հանդես գալիս…
Վկաներ կան, մարդիկ կան, գոնե իր ընտանիքի անդամները, ովքեր շատ լավ գիտեն՝ ով ով է, ով ինչպես է պահել եւ ինչ արել, կարիք չկա Վահանի կորուստն ու ողբերգությունը վերածել սնափառությունների շքահանդեսի: Ուղղակի պիտի ափսոսալ եւ սգալ, որ մի գանձ էլ կորցրինք: Ափսոս, հազար ափսոս…

Ա. ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031