Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանցի աշխատանքային միգրանտի համար ոչ մի արտոնություն նախատեսված չէ

Հունվար 19,2015 15:43

Նոր օրենքով՝ աշխատանքային
միգրանտը պաշտպանված է միջազգային կոնվենցիաներով

Ամանորը հայրենիքում նշելու եկած աշխատանքային միգրանտներն այս օրերին խուճապի մեջ են. չգիտեն՝ խստացվե՞լ են միգրացիային առնչվող օրենքներն ի վնաս իրենց, թե՞, այնուամենայնիվ, ինչպես հայաստանյան պաշտոնյաներն են պնդում՝ ՀՀ քաղաքացիների համար արտոնություններ են նախատեսված:

Միգրանտներից շատերն էլ մտավախություն ունեն, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության մի շարք փոփոխություններով պայմանավորված՝ հնարավոր է, նրանց մուտքը Ռուսաստան արգելված լինի, եւ հենց սահմանի վրայից նրանց հետ ուղարկեն:

Նշենք, որ հունվարի 10-ից գործող նոր օրենքի համաձայն՝ Ռուսաստան մուտք գործելու արգելք է սահմանվում այն օտարերկրացիների նկատմամբ, որոնք կխախտեն օրինական կեցության ժամկետը։ Այսինքն՝ նրանք, որոնք Ռուսաստանում կմնան սահմանված ժամկետից 120 օր ավելի՝ 3 տարով կզրկվեն այդ երկիր մուտք գործելու իրավունքից, 270 օր անօրինական մնալու դեպքում արգելքը 5 տարի է, ավելի քան 360 օրվա դեպքում՝ 10 տարի։

«Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը համոզված է, որ ԵՏՄ-ն այստեղ կապ չունի, եւ հատուկ ՀՀ քաղաքացու համար որեւէ արտոնություն սահմանված չէ, ինչպես որ նախորդ տարիներին խոսվում էր: Նրա խոսքերով՝ միգրացիոն նոր օրենսդրությամբ՝ կանոնավոր միգրանտը միջազգային կոնվենցիաներով է պաշտպանված եւ բացի աշխատավարձից, իրավունք ունի նաեւ օգտվելու սոցիալական պաշտպանության ծրագրերից:

«Եթե ինքը դառնում է պաշտոնապես աշխատող, ինքն օգտվում է Ռուսաստանի կառավարության բոլոր սոցիալական ծրագրերից:

Դեռեւս 2009-ին Մաքսային միության համար երեք երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ միգրացիայի կանոնակարգման համաձայնագիր էր ստորագրվել, որի մեջ նման իրավունքներն արդեն նախատեսված էին: Այսինքն՝ օրինական միգրանտը, բացի թոշակի իրավունքից, կարող էր օգտվել սոցիալական պաշտպանության ծրագրերից, ինչպես որ Ռուսաստանի քաղաքացին էր օգտվում: Հիմա այդ օրենքով ֆիքսեցին այդ ամենը, եւ դա արտոնություն չէ, ուղղակի նա Ռուսաստանի քաղաքացու պես հավասար ծառայում է, դա արտոնություն չէ, դա աշխարհի փորձն է: Սա ուղղակի ամբողջ աշխարհում ընդունված է, եւ նաեւ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի համակարգի կառույցներից է, ամբողջ աշխարհում օրենքներ, կոնվենցիաներ եւ քարոզչություն է տանում, որ միգրանտը պետք է հավասար սոցիալական պաշտպանության ծրագրերից օգտվի, եւ աշխարհի շատ երկրներում այդպես էլ կա: Այսինքն՝ եթե դու կանոնավոր միգրանտ ես, ձեւակերպված աշխատող ես պաշտոնապես, դու տվյալ երկրի մյուս աշխատողների պես, բացի աշխատավարձից, օգտվում ես մնացած սոցիալական պաշտպանության ծրագրերից:

Հիմա, եթե սա համարենք արտոնություն, ապա մեր հանդեպ չի այդ արտոնությունը, այլ միգրանտների հանդեպ է: Դա միջազգային կոնվենցիայի պահանջ է»,- «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասաց պարոն Մակարյանը: Ըստ նրա. «Անցյալ տարվանից մենք գիտեինք, որ 2015 թվականի համար Ռուսաստանը միգրացիոն քաղաքականությունը պետք է փոփոխության ենթարկեր: Եվ այդ օրենքի ընդունումն այդ քաղաքականության արդյունքն էր: Այս նոր ճգնաժամը Ռուսաստանում առաջացնում է այն վիճակը, որ նրանք առաջինը պետք է հոգ տանեն իրենց քաղաքացիների մասին, բնականաբար, խստացման մեխանիզմները կատարվում են շատ ճկուն, որ ոչ թե նեղացնեն մարդկանց, այլ ֆիլտրեն այն միգրանտներից, որոնք աշխատում են չձեւակերպված, թաքնվում են, անօրինական երկար մնում են այդ երկրում եւ այլն»:

Մեր զրուցակիցը գտնում է, որ Ռուսաստանն այս նոր օրենքով այնպիսի միգրանտներ է ակնկալում, որոնց հետ կարողանա աշխատանքային հարաբերություններ ունենալ, հարկեր ակնկալել եւ այլն:

Տնտեսագետի ներկայացմամբ՝ նախկինում ՌԴ միգրացիոն օրենքը թույլ է տվել, ժամկետը լրանալու դեպքում, թեկուզ մեկ օրով լքել Ռուսաստանը եւ կրկին վերադառնալ իրենց աշխատանքին, սակայն ներկայիս օրենսդրությամբ միգրանտներն այդ հնարավորություններից զրկվել են. «Անցյալ տարի խոսակցություններ եղան, որ գուցե Հայաստանի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում լինի՝ միգրացիոն խստացումները չկիրառվեն, որպես ԵՏՄ անդամ, բայց, փաստորեն, դա տեղի չունեցավ, ռուսական կողմն իր որոշումներն ընդունեց բոլորի համար հավասար: Հիմա նրանք, որոնք այդ խախտումները կատարել են, չեն կարող վերադառնալ», ինչը, պարոն Մակարյանի կանխատեսմամբ, ծանր հետեւանքներ կունենա թե՛ երկրի տնտեսության եւ թե՛ միգրանտների ընտանիքների համար. «Հայաստանում գործազրկությունը կավելանա, այդ մարդիկ, որոնք լավ թե վատ՝ աշխատում էին, հնարավորությունից զրկվեցին, այլեւս չեն կարող գումարներ աշխատել ուղարկել, տրանսֆերտները կնվազեն»:

Մյուս կողմից՝ պարոն Մակարյանը գտնում է, որ եթե նա կանոնավոր միգրանտ է, Ռուսաստանը նրանց համար օրենքը հեշտացրել է. «Եթե կարող ես գնալ եւ կանոնավոր աշխատանք գտնել եւ աշխատանքային պայմանագիր ստորագրել, ապա դրա շրջանակներում դու անվերջ քանակով կարող ես մտնել, դուրս գալ ու աշխատել այդ երկրում, այսինքն՝ ազատականացրեցին կանոնավոր միգրանտներ վերցնելու հնարավորությունը, քանի որ ռուսական էկոնոմիկան ճգնաժամ ունի նաեւ աշխատուժի առումով: Ռուսները մի քանի առիթներով նշել են, որ շատ քաղաքներում, շատ վայրերում բնակչության մեջ համապատասխան մասնագետներ չկան, որ իրենց ազգի ներկայացուցիչները հաճախ հարբեցող են եւ օրվա երկրորդ կեսին այլեւս ի վիճակի չեն աշխատելու եւ այլն»:

Մի հանգամանք եւս. նախկին օրենքով Ռուսաստանի կազմակերպությունները օտարերկրացուն աշխատանքի ընդունելիս պետք է հայտեր ներկայացնեին ՌԴ կառավարությանը՝ պատճառաբանելով, որ տեղում աշխատուժ չեն գտնում, եւ որ իրենք ցանկանում են աշխատուժ հրավիրել այլ երկրից: Կառավարությունն այդ հայտերը պետք է հաստատեր, որից հետո միայն այդ կազմակերպություններն իրավունք ունեին պաշտոնապես որեւէ օտարերկրացու հրավիրել իրենց մոտ աշխատանքի: Ներկայիս օրենսդրությամբ՝ այդ կարգը չի գործում, եւ անմիջական կազմակերպությունն ինքը կարող է որոշում կայացնել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031