Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքով գողերը Հայաստանում իրենց հանցավոր գործողություններն են քննարկել». Բորիս Նավասարդյան

Հունվար 19,2015 13:26

Թե ինչու Հայաստանը դրական պատկերով չի երեւում միջազգային հանրությանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մի շարք պատճառներ է տեսնում:

Առաջինը՝ այս տարեսկզբին օրենքով գողերի հավաքը Հայաստանում:

«Անկախ նրանից, թե կար այդ հարցով արձագանք միջազգային կենտրոններից, թե՝ ոչ, ակնհայտ է, որ տարբեր պետությունների ղեկավարներ ստացել են այդ տեղեկատվությունը եւ որոշ չափով նկատի ունեցել: Մեր պաշտոնական արձագանքը միակն էր՝ եթե նրանք հետախուզության մեջ չեն, նրանց նկատմամբ չկա դատավճիռ, ժողովրդավարական Հայաստանում ազատ տեղաշարժի իրավունք ունեն: Իսկ ինչո՞ւ են գողերը գալիս Հայաստան, գալիս են հանգստանալո՞ւ, Նոր տարվա, Սուրբ ծննդյան տոներ նշելո՞ւ, թե՞ այլ նպատակով: Եթե այդ հավաքն իրոք տեղի է ունեցել, ապա պարզ է, որ հանցագործությունների նախապատրաստման նպատակով է կատարվել: Նրանք հավաքվում են, որ կազմակերպեն իրենց հանցավոր հետագա գործողությունը: Ո՞ւր էին իրավապահների կանխարգելիչ գործողությունները»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով, հաջորդը՝ Գյումրիում տեղի ունեցած սպանության վերաբերյալ ՀՀ իշխանությունների պահվածքն էր.« Անկախ նրանից, թե ինչ հակասություններ կան հայ-ռուսական համաձայնագրում բազայի կարգավիճակի ու Ռուսաստանի սահմանադրության հետ կապված, հարց է առաջանում՝ ինչու Հայաստանի կողմից պաշտոնական պահանջ, առաջարկ Ռուսաստանին չի եղել, որ այդ քննությունն ու դատավարությունը իրականացնեն հայ իրավապահները, եղել է միայն գլխավոր դատախազի խոստումը, որ կխոսի այդ հարցով ռուս գործընկերոջ հետ: Չենք ստացել համապատասխան արձագանք Ռուսաստանից»:

Նա նշեց նաեւ ԵՏՄ համաձայնագիրը, որով անորոշ է մնում, թե Ղարաբաղում ի վերջո անցակետ լինելո՞ւ է, թե՞՝ ոչ.«Արձանագրված հստակ պայմանավորվածություն չունենք, նշանակում է ստորագրել ենք միջազգային կարեւոր փաստաթուղթ՝ առանց հասկանալու դրա հետեւանքները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031