Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի գնահատմամբ, հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը պայծառ չէ:
Նա այսօր անդրադարձավ Թուրքիայում ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին ու Սերժ Սարգսյանին ուղղված այդ միջոցառմանը մասնակցելու հրավերին ու ասաց, որ ՀՀ նախագահը, այդ հրավերին պատասխանելով, «Բանի տեղ դրեց մի նախագահի, որը իրեն բանի տեղ չէր դրել». «Երկար նկարագրությունների հարկ չկար, նման նկարագրությունը կարելի էր հոդվածի տեսքով հայտնի New York Times լրատվամիջոցում տպագրեր»:
Պարոն Նավասարդյանը հիշեցրեց, որ Թուրքիայի նախագահն անպատասխան էր թողել Հայոց ցեղասպանության տարելիցին Հայաստան գալու Սերժ Սարգսյանի հրավերը.
«Ուզում եմ հավատալ, որ միջազգային հանրության ուշադրությունն այդ օրը Հայաստանում տեղի ունեցող միջոցառումների վրա կլինի: Բայց որ այդ ուշադրության մի մասը, ամեն դեպքում, կշեղվի, դա հաստատ, քանի որ չկա համարժեք պահվածք միջազգային հանրության առջեւ»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով. «Թուրքիայի նախատեսած տոնակատարությունների կազմակերպչական գործընթացներին Թուրքիայի նախագահի հրավերը Սերժ Սարգսյանին ընկալում եմ որպես մարտահրավեր: Այն պատահական չէր, անսպասելի չէր, քանի որ արդեն մի քանի տարի է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները սկսեցին նախապատրաստվել ցեղասպանության 100- ամյակին, բացի ավանդական գործիքակազմի, առաջ քաշեցին մի գաղափար, որ իրոք ողբերգություն տեղի է ունեցել, բայց այդ ողբերգության զոհերը շատերն են, ոչ միայն հայերը, պատասխանատուն ամբողջ միջազգային հանրությունն է, ոչ միայն Թուրքիան: Եվ Թուրքիայում ապրիլի 24-ին նման միջոցառում կազմակերպելը մարտահրավեր է այն իմաստով, որ աշխարհի շատ պետություններ են հրավեր ստացել եւ ընտրություն կատարելու առջեւ են ՝ ապրիլի 24-ին Երեւա՞ն, թե՞ Թուրքիա մեկնեն: Այդ պետությունների ղեկավարների որոշումների վրա ազդեցություն է թողնելու նրանց վերաբերմունքը Երեւանի ու Թուրքիայի նկատմամբ: Չնայած կարելի է արձանագրել, որ Էրդողանի նկատմամբ շատ բացասական վերաբերմունք կա, բացասական երանգներով, բայց նաեւ Հայաստանն այդ առումով շատ դրական պատկերով չի երեւում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ