Թանկարժեք կտավներ ձեռք չբերեց
Վեց տարի ազատազրկված Լիպարիտ Գրիգորյանը վերաքննիչ բողոք էր բերել, որի քննությունը նշանակվել էր երեկ:
Նա բողոք էր բերել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ, որն, ի դեպ, անփոփոխ էր թողել նաեւ նրա կալանքը: 2013 թվականի սեպտեմբերի 28-ին Լիպարիտ Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ըստ գործի նյութերի, Լիպարիտ Գրիգորյանին երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով Մերուժան Ոսկանյանի ընկերը, 2003 թ. հոկտեմբերից մինչեւ 2004 թ. դեկտեմբերը խաբեությամբ` թանկարժեք նկար, կտավ գնելու եւ վաճառելու պատրվակով, Մ. Ոսկանյանից պահանջել եւ ստացել է 32.600 ԱՄՆ դոլարին համարժեք` 15.811.000 ՀՀ դրամ գումար, որն օգտագործել է անձնական կամ այլ նպատակով, մինչ օրս չի վերադարձրել գումարը եւ խարդախությամբ տիրացել է գումարին:
Մեկ այլ դրվագով էլ Լիպարիտ Գրիգորյանը 2007 թվականի վերջերից մինչեւ 2008 թվականի հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, թանկարժեք նկարներ ձեռք բերելու եւ հետագայում դրանց վաճառքից գումար վաստակելու պատրվակով, Նատալյա Ավակովայից պարբերաբար ստացել է առանձնապես խոշոր չափի` 300.000 եվրո գումարին համարժեք` 134.898.000 ՀՀ դրամ, որը հափշտակել եւ օգտագործել է անձնական կամ այլ նպատակով` Ն. Ավակովային պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Կարդացեք նաև
Լիպարիտ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ժխտել է Ն. Ավակովայից եւ Հ. Մխիթարյանի ամուսնուց` Մերուժանից, գումարներ վերցնելու ու խարդախությամբ հափշտակելու հանգամանքը:
Ամբաստանյալը ցուցմունք էր տվել, որ Ն. Ավակովայի հետ ծանոթացել է Լիլիթ Կարապետյանի միջոցով` վերջինիս տանը.
«Դրանից երկու օր անց Լիլիթը զանգահարել է իրեն եւ ասել, որ Նատալյան ցանկանում է իր բնակարանը վաճառել եւ գումարը դնել գործի մեջ: Բնակարանի բանալին Նատան տվել է Կարինե անունով բրոքերի, որը պետք է զբաղվեր բնակարանի վաճառքով: Որոշ ժամանակ անց, ինքը, տեսնելով, որ բնակարանը չի վաճառվում, բրոքերին ասել է, որ բանալին վերադարձնի Նատալյային, եւ նա վերադարձրել է: Դրանից հետո, քանի որ Նատալյայի անունով հնարավոր չէր եղել վարկ ձեւակերպել` որոշ փաստաթղթերի բացակայության պատճառով, բանկում արդեն իր անվամբ հիփոթեքային վարկի պայմանագիր է կազմվել եւ, մինչեւ բանկից վարկն ստանալը, ինքը 40.000 ԱՄՆ դոլարի ստացական է տվել Նատային: Բանկից վերցրել է 12 միլիոն դրամ` «Արքայազն Արանսկի» նկարի տեղափոխման հետ կապված ծախսերը հոգալու համար: Նշված գումարը հետագայում վերադարձրել է Ն. Ավակովային: Նկարով զբաղվել է իր ընկեր Հրանտը: Նատալյա Ավակովայից ինքն այլ գումար չի վերցրել, նրան որեւէ գումար պարտք չէ»:
Տուժող Հեղինար Մխիթարյանը ցուցմունք էր տվել, որ Լիպարիտ Գրիգորյանն իր ամուսնու` Մերուժան Ոսկանյանի ընկերն է եղել, որին ճանաչել է դեռ հանրախանութի տնօրեն աշխատելու տարիներից: 2003 թ. իրենք վաճառել են իրենց մեկսենյականոց բնակարանը:
Լիպարիտն իրենց ընդհանուր ծանոթ Աբոյի միջոցով տեղեկացել է, որ Մերուժը վաճառել է իր տունը եւ իր մոտ գումար ունի, եւ եկել է իրենց տուն ու ամուսնուց պարտքով խնդրել 7000 ԱՄՆ դոլար գումար` շուտ վերադարձնելու պայմանով: Նրանք վաճառել են իրենց երկուսենյականոց բնակարանը, եւ արդեն 2004թ. հունվարին դուրս են եկել այդտեղից ու ժամանակավորապես բնակվել ամուսնու ընկերոջ տանը, մինչեւ Լիպարիտը կվերադարձներ իրենց պարտքը: «Ապա տեղեկացել են, որ Լիպարիտը մեկնել է ՀՀ-ից: Այդ ժամանակ ամուսինը մի քանի անգամ զանգահարել է Լիպարիտին եւ ասել, որ վերջինս վերադարձնի գումարը, որպեսզի իրենք կարողանան իրենց համար բնակարան գնել: Լիպարիտը խոստացել է վերադարձնել մայիս ամսին: 2004թ. մայիս ամսին ամուսինը զանգահարել է ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող իր ընկերոջը` Սամվելին, որի ժամանակ հեռախոսին, իրենց համար անսպասելի, պատասխանել է Լ.Գրիգորյանը, որն ասել է, որ մի քանի օրից կվերադառնա Երեւան եւ անմիջապես կվերադարձնի պարտքը: 2004թ. մայիս ամսին Լիպարիտը վերադարձել է, զանգահարել իր ամուսնուն եւ հրավիրել իրենց տուն: Նրանց տնից վերադառնալուց հետո ամուսինը պատմել է, որ Լ.Գրիգորյանն ու իր կինը` Էսթերը, առաջարկել են երկարաձգել պարտքի մարումը, քանի որ Լ.Գրիգորյանը թանկարժեք նկարների առուվաճառքի գործ է անում, որի արդյունքում մեծ շահույթ են ունենալու: Ամուսնուն նույնպես առաջարկել են մտնել այդ գործի մեջ եւ նա համաձայնել է ու երկարաձգել պարտքի մարման ժամկետը»,- ասել էր տուժողը:
Ամուսինը ստացական չի վերցրել նրանցից: Հայտնվելով նյութապես ծանր կացության մեջ՝ իրենք բնակվել են իրենց ծանոթի բնակարանում: Ամուսինը բազմիցս այցելել է Լ.Գրիգորյանի բնակարան, սակայն Լ.Գրիգորյանի կինը եւ որդին տարբեր պատճառաբանություններ են բերել, որ վերջինս շուտով գալու է: 2011 թվականին տուժողի ամուսինը մահացել է, իսկ Լ.Գրիգորյանն այդպես էլ չի վերադարձրել իրենց գումարները:
Իսկ երկրորդ տուժողը՝ Նատալյա Ավակովան ցուցմունք է տվել, որ 2007թ. ամռանը Մոսկվայից ժամանել է Երեւան` իր բնակարանը վաճառելու նպատակով: 2007թ. օգոստոսին հյուրընկալել է ընկերուհուն` Լիլիթ Կարապետյանին, ում հայտնել է, որ փակել է Մոսկվա քաղաքում ունեցած իր խանութը, սակայն կրկին ցանկանում է բիզնեսով զբաղվել: Ըստ գործի նյութերի, Լ.Կարապետյանն իրեն ասել է, որ իր ծանոթ Լիպարիտ Գրիգորյանը կարող է օգնել իրեն՝ բիզնես սկսելու հարցում, քանի որ նա զբաղվում է հնաոճ իրերի գործով: Լ.Կարապետյանի տանը ծանոթացել է Լ.Գրիգորյանի հետ: Լ.Գրիգորյանը պատմել է, որ զբաղվում է հին կտավների վաճառքով, ինքն էլ իր հերթին նրան հայտնել է, որ Մոսկվայում ունեցել է խանութ, որը վաճառել է, սակայն այժմ ցանկանում է նորից զբաղվել բիզնեսով: Լ.Գրիգորյանը նրան պատմել է, որ ունի 2 բավականին թանկարժեք նկար` Վան Գոգի «Կարտոֆիլ» եւ Վան Դեյկի «Արքայազն Արանսկի» կտավները, որոնք գտնվում են Շվեյցարիայում: Օրերից մի օր էլ Լիպարիտը զանգահարել է տուժողին եւ ասել, որ նկարների հետ կապված նորություններ ունի եւ ցանկություն է հայտնել տեսնել նրան: Լ.Գրիգորյանը հայտնել է, որ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում բնակվող իր գործընկերը` Հրանտ Կարապետյանը, զանգահարել է եւ ասել, որ ռուս հեղինակների 18-19-րդ դարերի գործեր կան, թվով 12 հատ, որոնք իրենցից ներկայացնում են մեծ արժեք: Լ.Գրիգորյանը հայտնել է, որ ցանկություն ունի գնել դրանք, քանի որ այդ նկարները բավականին լուրջ ձեռքբերում են եւ պատրաստվում է գումար գտնել դրանք ձեռք բերելու համար: Լ.Գրիգորյանը այցելել է տուժողի տուն, հայտնել է, որ պետք է կանխավճար վճարի նկարների համար` 100.000 եվրոյի չափով: Լ.Գրիգորյանն ասել է, որ չի կարողանում գումար գտնել եւ խնդրել է հնարավորության դեպքում օգնել, նշելով, որ Շվեյցարիայում գտնվող նկարը` Վան Դեյքի «Արքայազն Արանսկին» գնորդ ունի թագավորական ընտանիքից, որի դիմաց իրեն պետք է վճարեն 70.000.000 եվրո եւ դրա վաճառքից գոյացած գումարով ինքը կմասնակցի վերը նշված 12 նկարների աճուրդին, կգնի դրանք եւ կվերադարձնի գումարը:
Լ.Գրիգորյանը եկել է իրենց տուն, վերցրել է նաեւ 40. 000 եվրոն, դրա դիմաց տվել է ստացական, այն մասին, որ ինքը 40.000 եվրոն վերցրել է պարտքով: Ինչ վերաբերում է բանկից ստացած 40.000 ԱՄՆ դոլարին, ապա Լ.Գրիգորյանը այդ գումարի մասին ստացական չի տվել, քանի որ վարկը վերջինիս անվամբ է ձեւակերպված եղել: Այդ ամենից հետո Լ.Գրիգորյանը մեկնել է ՌԴ: Արտերկրում գտնվելու ժամանակ Լ.Գրիգորյանը մի քանի անգամ զանգել է տուժողին եւ հայտնել, որ իբր ինքը կատարել է նկարների կանխավճարը:
«Նա խոսում էր շատ վստահ ու համոզիչ եւ վստահելի մարդու տպավորություն է թողել, այդ պատճառով էլ հավատացել եմ նրան»,- ասել էր տուժողը:
Սակայն ոչ գումարն է տեսնում տուժողը, ոչ էլ կտավները:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ
17.01.2015