Նոր տարին սկսվել է, եւ ցանկալի է, որ մենք հաճելի բաներից խոսենք, բայց շուրջբոլորն առանձնապես հաճելի բան չկա, եւ նոր տարում Հայաստանում միանգամայն նոր իրավիճակ է ստեղծվել, ավելի ճիշտ՝ էս նոր իրավիճակն սկիզբ առավ հին տարվա վերջին եւ հեչ պարզ չի՝ ինչքան կշարունակվի:
Խոսքը վերաբերում է մեր ազգային դրամի հանկարծակի ու կտրուկ վայրէջքին: Առաջին հերթին՝ դոլարի համեմատ: Ինչպես նաեւ՝ եվրոյի: Ինչպես նաեւ՝ նույն դրամի կտրուկ ու հանկարծակի վերելքին՝ նույն դոլարի եւ նույն եվրոյի համեմատ:
Սովորաբար էսպիսի դեպքերում տնտեսագետներն ու ֆինանսիստներն աշխուժանում եւ սկսում են ենթադրություններ, վերլուծություններ ու եզրակացություններ անել, սակայն էս դեպքում գրեթե բոլորը փիլիսոփայաբար լռում էին՝ ե՛ւ դրամի անհասկանալի վայրէջքի դեպքում, ե՛ւ առավել անհասկանալի վերելքի պահերին:
Մի խոսքով՝ մենք ականատեսն ու ունկնդիրը եղանք սովորաբար պերճախոս տնտեսագետների ու ֆինանսիստների միանգամայն համեստ լռակյացությանը եւ, ըստ ամենայնի, շարունակելու ենք էդ լռության ականատեսն ու ունկնդիրը լինել, որովհետեւ ֆինանսական ու փոխարժեքային էն ամենը, որ տեղի ունեցավ ու շարունակում է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետությունում, ոչ միայն անբացատրելի, այլեւ անհասկանալի ու անիմանալի իրողություն է, ընդ որում՝ նաեւ մասնագետների համար: Ընդ որում՝ արդեն պարզից էլ պարզ է, որ այս անհասկանալին ու անբացատրելին շարունակվելու է, ընդ որում՝ ամենեւին պարզ չէ, թե որ ուղղությամբ, եւ նմանապես պարզ չէ՝ երբ եւ ինչպես կավարտվեն դրամի ու տարադրամի այս փոխադարձ վայրիվերումները:
Այսուհանդերձ, ի տարբերություն տնտեսագետների ու ֆինանսիստների՝ քաղաքական գործիչներն, ինչպես միշտ, ամեն ինչ գիտեն՝ լռելուց բացի: Եվ խոսեցին: Եվ շարունակում են խոսել: Բնականաբար, ինչպես միշտ, ամենից շատ ու ամենից համոզված ընդդիմադիր քաղաքական գործիչները խոսեցին: Եվ շարունակում են խոսել: Բնականաբար, ամենից շատ ու ամենից համոզված ընդդիմադիր արեւմտամետներն են խոսում՝ ռուբլու ու դրամի հանկարծակի ու աննախադեպ անկումը կապելով Մաքսային միության կազմավորման ու գոյության հետ: Մոտավորապես նույն կարծիքին են էն ոչ իշխանականները, որոնք հայտարարում էին, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամությունն այլընտրանք չունի եւ անդառնալի իրողություն է:
Կարդացեք նաև
Բայց արդյոք Մաքսային միությունն իրողությո՞ւն է: Եվ եթե դեռեւս իրողություն չէ, երբեւէ իրողություն կդառնա՞, թե՞ ոչ: Թե՞ ընդամենը ԱՊՀ-ի տիպի ժամանակավոր, ժամանակավրեպ ու հեղհեղուկ իրողություն է հանդիսանալու: Համենայնդեպս, ԵՏՄ-ն ձեւականորեն արդեն կա, եւ հունվարի 2-ից Հայաստանն այդ միության անդամ է: Եվ ԵՏՄ-ի ներսում արդեն Ղազախստանն ու Բելառուսը բազմիմաստ խաղեր են տալիս: Եվ միայն Հայաստանն է, որ խաղեր չի տալիս: Որովհետեւ Հայաստանը խաղեր տալու ռեսուրսներ չունի, ինչպես նաեւ՝ խաղեր տալու ցանկություն ու տրամադրություն:
Դա լա՞վ է, թե՞ վատ: Թե՞ մենք էլ ենք խաղեր տալիս:
Հայաստանի՝ ԵՏՄ-ի մեջ գտնվելու հիմնական պատճառը հայ-ռուսական երկարամյա եւ, կարելի է ասել, անխուսափելի կապն ու առնչություններն են, եւ, ըստ ամենայնի, հիմնականում այդ առնչությունները նկատի ունեն բոլոր նրանք, ովքեր համոզված են, որ Հայաստանի՝ այդ միության մեջ գտնվելն այլընտրանք չունի եւ անդառնալի իրողություն է:
Բայց արդյոք այդ միությունն անդառնալի իրողությո՞ւն է, եւ ընդհանրապես՝ իրողությո՞ւն է, թե՞ ընդամենը տեսլական:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
17.01.2015