Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվել է խաչատրյանական տրիոյի դասարան

Հունվար 19,2015 14:00

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների նվաճումներին, արտերկրյա նման հաստատությունների հետ կապերի ընդլայնմանը, ինչպես նաեւ բուհում ուսումնական ծրագրերի ու մեթոդների փոփոխությանը՝ թելադրված ժամանակի պահանջով: Ամանորից հետո Երեւանում առաջին ազդագրերից մեկը գրավեց մեր ուշադրությունը. Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում հունվարի 26-ին կայանալիք համերգում հանդես կգան ոչ միայն մեզ քաջածանոթ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն, այլեւ մեր կոնսերվատորիայի Խաչատրյանի անվան տրիոյի դասարանի ուսանողները (լուսանկարում):

Հանդիպեցինք տրիոյի երաժիշտներին՝ դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանին, ջութակահար Կարեն Շահգալդյանին եւ թավջութակահար Կարեն Քոչարյանին: Երաժիշտները նախ նշեցին, որ կայանալիք համերգը նվիրված է օրերս մահկանացուն կնքած ճանաչված դաշնակահարուհի, կոնսերվատորիայի պրոֆեսոր Ասյա Ղազարյանի հիշատակին: Համերգում ընդգրկված կոնսերվատորիայի Խաչատրյանի անվան տրիոյի դասարանի ուսանողների մասնակցության մասին էլ Արմինե Գրիգորյանը նշեց, որ նման դասարաններ կան եվրոպական երաժշտական հաստատություններում եւ օրինակ բերելով գործընկերոջը՝ Կարեն Շահգալդյանին, ասաց, որ նա ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան ու այդ տարիներին ուսանել կամերային անսամբլի ամբիոնին պատկանող Շոստակովիչի անվան կվարտետի դասարանում: Հավելեց նաեւ, թե մեր կոնսերվատորիայի տրիոյի դասարանը բացվել է ընթացիկ ուսումնական տարում, հրավերն էլ ստացել են ռեկտորից՝ Շահեն Շահինյանից:
Կարեն Շահգալդյանն էլ մանրամասնեց, որ ի տարբերություն մեր կոնսերվատորիայում տասնամյակներ գործող կամերային անսամբլի դասարանների, որտեղ մեկ դասախոս է վարում դասաժամը, իրենց դեպքում ուսանողների հետ միաժամանակ պարապում են տրիոյի բոլոր երաժիշտները:

Հետաքրքրվեցինք նաեւ տրիոյի այս տարվա ծրագրերով: Կարեն Քոչարյանը հավաստիացրեց, որ բացի Հայաստանում ծրագրված համերգներից, ինքն ու կոլեգաները նախկին տարիների օրինակով կշարունակեն վարպետության դասընթացները ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, նշելով, որ այդ աշխատանքները իրականացվում են «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» օգնությամբ: Հետաքրքրվեցինք, թե թվով քանի կրթաթոշակառու ունի հիմնադրամը: Արմինե Գրիգորյանը հայտնեց, որ երաժիշտները 17-ն են՝ ոչ միայն Երեւանից, նաեւ Վանաձորից ու Չարենցավանից: Իսկ մի քանիսն էլ հիմնադրամի աջակցությամբ ուսումը շարունակում են Գերմանիայում:
Անցյալ տարի խաչատրյանական տրիոն առաջինն էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում անցկացրեց ֆլեշմոբ, ինչը դասական երաժշտության հանդեպ հետաքրքրություն առաջացնելու միջոց է: Իսկ կշարունակվե՞ն իրենց մասնակցությամբ նման շոուները, երաժիշտները միաբերան ասացին, թե առաջարկի դեպքում իրենք պատրաստ են: Մեր զրուցակիցները տեղեկացրին, թե այս տարի իրենց համերգները նաեւ արտերկրում (նշեցին արդեն նշանակված ելույթները Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Բալթյան երկրներում) նվիրված կլինեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Չայկովսկու ծննդյան 175-ամյակին: Տրիոյի երաժիշտները հանդես կգան նաեւ առանձին: Փաստեցին, որ անցյալ տարի այդպես հանդես են եկել Արամ Խաչատրյանի դաշնամուրի, ջութակի, թավջութակի կոնցերտների կատարումներով՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Արամ Խաչատրյանի անվան դաշնամուրային տրիոն:

«Առավոտ» օրաթերթ
17.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031