Ասում է Ռուբեն Բաբայանն ու ավելացնում,
որ վանդալիզմը սնուցվում է մշակույթի կրթության պակասից
Բանաստեղծ Ավետիք Իսահակյանն իր «Կտակ» բանաստեղծությունը գրելիս հավանաբար կանխատեսել է, որ օրերից մի օր վանդալիզմի զոհ է դառնալու, դրա համար էլ բանաստեղծությամբ հորդորել է իրեն անհայտ տեղում թաղել, որ չիմանան ու շիրմաքարը գողանան: Գրողի վախը պատահական չէր, ու եղավ այնպես, որ օրերս Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դիմաց տեղակայված արձանը կոտրեցին՝ փշրելով ոտքն ու ձեռքը։
Դեռեւս պարզ չէ, թե ով է արարքի հեղինակը, սակայն փաստ է, որ շատացել են արձանների ջարդուփշուր անելն ու անպատիժ մնալը: Օրինակ, 2014 թվականին բազմաթիվ նմանատիպ դեպքեր եղան, սակայն ոստիկանությունը կամ գործ չհարուցեց, կամ էլ՝ այդպես էլ հայտնի չդարձավ, թե ում են խանգարում անշունչ արձանները:
«Առավոտի» հետ զրույցում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասաց. «Դա միանշանակ վանդալիզմ է եւ, ցավոք, դա միայն ոստիկանության ուժերով լուծվող խնդիր չէ, որովհետեւ ամեն մի արձանի մոտ ոստիկան չես կանգնեցնի, սա նաեւ կրթական եւ դաստիարակչական խնդիր է: Մյուս կողմից էլ՝ ընդունված չէ գիպսից արձաններ դնելը, գիպսից արձանի վերջն էլ դա է: Պարզապես, սա ինչ-որ անհասկանալի երեւույթ է, որ տարածեցին ամբողջ քաղաքով մեկ: Քսանմեկերորդ դարում քանդակագործության, գեղագիտության ճաշակին սա ոչինչ չէր տալու, իսկ եթե ուզում էին մեծերի հետ ծանոթացնել հանրությանը, ապա այս պարագայում դա գիպսից արձաններով չեն անում»:
Ռուբեն Բաբայանն այս պարագայում ոստիկանությանը չի ուզում մեղադրել. «Կային նաեւ արձաններ, որոնք գիպսից չէին, ու էլի կոտրատվեցին, սա վանդալիզմի ու դաստիարակության հարց է»:
Կարդացեք նաև
Արվեստագետի խոսքով՝ «Սա մշակույթի հարց է, եւ եթե մարդը Լեւոն Ներսիսյանին ընկալում է զուտ որպես բրոնզե կտոր, ապա հարցը պատժելով չի լուծվի, չնայած դա էլ իր տեղն ունի, խոսքն ավելի շատ մշակութային կրթություն ստանալու մասին է: Մենք սովոր ենք ամպագոռգոռ բառեր ասել, բայց ինչքանո՞վ ենք հայ, ինչքանո՞վ ենք ծանոթ մեր մշակույթին, պատմությանը, մեծերի հետ: Մենք կարող ենք հենց հիմա լիքը գեղեցիկ բառեր ասել Կոմիտասի մասին, բայց քչերը կկարողանան նրա մասին ինչ-որ բան ասել, եթե հարցնես, թե ինչ գիտեք Կոմիտասի մասին»:
Ռուբեն Բաբայանի ձեւակերպմամբ՝ վանդալիզմը սնուցվում է մշակույթի, կրթության պակասից: «Պատկերացրեք, եթե մարդը սիրում է Կոմիտաս, Չայկովսկի, Բախ կամ կարդում է Թումանյան, Իսահակյան, մեկ էլ գնա ու Ավետիք Իսահակյանի ոտքը կոտրի… Բնականաբար, այդ մարդը նման բան չի կարող անել»,- հավելում է բեմադրիչը:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Ավ. Իսահակյանի դեռեւս չվնասած գիպսե քանդակը:
«Առավոտ» օրաթերթ
17.01.2015