Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում, որի հիմնական նպատակն է բարձրացնել մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը շատ հաճախ այցելում է բռնցքամարտիկներին ՝ տեղում հետևում նրանց մարզումներին և կենցաղին: Վերջերս Արթուր Գևորգյանի հետ հայ բռնցքամարտիկներին այցելել էր նաև նախկին շախմատիստուհի ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Արիաննա Կաոիլեն , ով ֆեդերացիայի ղեկավարությանը առաջարկել է միասին անցկացնել շախմատ բոքս համատեղ շոու- մրցաշար: Այս կապակցությամբ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հակիրճ հարցազրույց է արել ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ:
-Շախմատ և բռնցքամարտ, առաջին հայացքից իրարից բավականին հեռու մարզաձև ու խաղաձև, որոնց համատեղումը վերածվում է հետաքրքիր շոուի: Աշխարհում այն բավականին տարածված է, իսկ որքանո՞վ է այն հարմար Հայաստանին:
-Ինչպես արդեն նշեցիք այն շոու է, որը բավականին մասայականություն է վայելում աշխարհում, նախորդ տարի նույնիսկ անցկացվել է աշխարհի առաջնություն: Փորձ է արվում երկու շատ հետաքրքիր մարզաձևեր միաձուլել: Բռնցքամարտիկները մեկ ռաունդ շախմատ են խաղում , մեկ ռաունդ մենամարտում, իսկ ընդհանուր պայքարը բաղկացած է երեքական շախմատային պարտիայից և նույնքան բռնցքամարտի ռաունդից: Կանոններն այնպիսին են, որ եթե բռնցքամարտիկը շախմատային խաղատախտակի առջև մատ է լինում դա հավասարազոր է նոկաուտի , նույնը նաև ռինգում, եթե նոկաուտի է ենթարկվում՝ հավասարազոր է մատի: Ի դեպ նշեմ, որ գաղափարը հետաքրքրեց նաև բռնցքամարտիկներին, մենք այսօր նրանց շախմատներ նվիրեցինք և նրանք մեծ հաճույքով սկսեցին խաղալ և այսուհետ մարզումներից ազատ ժամանակ իրենց ակտիվ հանգիստը կանցկացնեն շախմատային խաղով: Նշեմ, որ ունենք նաև լավ շախմատ խաղացող բռնցքամարտիկներ և հատկանշական է, որ լավ շախմատ են խաղում հատկապես այն տղաները, ովքեր իրենց լավ են դրսևորում բռնցքամարտում:
Կարդացեք նաև
-Միգուցե այս շոուն նպաստի նրան , որ հանրությունը ավելի լավ ճանաչի իր մարզիկներին:
-Կարծում եմ այդպես էլ կլինի, այն կնպաստի և ՛ գումարներ և ճանաչում ձեռք բերելուն: Պարտադիր չէ , որ մասնակցեն Եվրոպայի և աշխարհի չեմպիոններն ու մրցանակակիրները: Մենք ունենք հսկայական հավաքական թիմ, որտեղ կան 2-րդ , 3-րդ և 4-րդ համարներ, որոնք իրենց հնարավորությունները կարող են օգտագործել այս շոուում և զարգացնել իրենց մտավոր և ֆիզիկական կարողությունները:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի
մամուլի ծառայություն