Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմվածք. «Վճռական հարվածը»

Հունվար 19,2015 11:53

Հուզված ու շփոթված Լարիսան մտավ լսարան, քանի որ նրանից առաջ քննություն հանձնածներից որոշ դիմորդներ ցածր միավոր էին վաստակել և փաստորեն զրկվել ԲՈՒՀ ընդունվելու հնարավորությունից: Այդ տարի էր նա ավարտել դպրոցը, լրացուցիչ պարապմունքների էր հաճախել մի ճանաչված դասախոսի մոտ և վստահ էր, որ ինքը հաջողություն կունենա: Բոլոր քննությունները արդեն հանձնել էր բարձր գնահատականներով և հիմա վերջին, վճռական փորձությանը պետք է անպայման դիմանար: Այս քննությունը մաթեմատիկայից էր: Առավոտյան, երբ նա ներկայացավ համալսարան` հանգիստ էր ու ինքնավստահ, իսկ հիմա, չգիտես, ինչու նյարդերը տեղի էին տալիս:

«Բա՛, որ հանկա՞րծ»,- մի պահ մտածեց Լարիսան, բայց շուտով հավաքեց մտքերը և տրամադրվեց լավ գնահատական ստանալու հավատին, ախր, շատ էր ուզում ուսանողուհի դառնալ, բայց միևնույն ժամանակ էլ` անվճար սովորողների շարքում լինել, չէ որ ընտանիքը տնտեսապես այնքան էլ լավ վիճակում չէր գտնվում, դժվար կլիներ ուսման վարձը վճարել: Այդպիսի ակնկալիքով էլ նա մտավ քննասենյակ:

Քննասենյակի մոտակա սեղանի շուրջ նստած էին երկու լուրջ դեմքերով տղամարդիկ, երևի քննություն ընդունող դասախոսները, իսկ նրանց դիմացի նստարաններին` մի քանի դիմորդներ՝ Հայաստանի տարբեր մարզերից եկած երիտասարդ աղջիկներ ու տղաներ, որոնք գլուխները հակած դիմացները դրած հարցաթերթիկներին` մտորում էին ճիշտ պատասխաններ գտնելու խնդիրների վրա:

Լարիսայի սիրտը ավելի արագ բաբախեց, երբ նա վերցրեց քննական հարցաթերթիկը:

Սիրտը տեղից կարծես դուրս էր թռչում, բայց փորձում էր ինքնավստահությունը չկորցնել: «Պետք է անպայման ընդունվեմ»,- անընդհատ կրկնում էր նա մտքում:

-Նստեք այնտեղ ,-ասաց խոժոռ դեմքով դասախոսը՝ ցույց տալով համապատասխան նստարանը, ապա ծամածռելով դեմքը, նայեց վերև` առաստաղին ինչ-որ կետ փնտրելով:

Լարիսան քայլերն ուղղեց դեպի լսարանի ազատ սեղանը, որը ցույց էր տվել դասախոսը:

Երկար տևեց Լարիսայի քննական ոդիսականը: Տրված խնդիրների ու վարժությունների հարցերին պատասխանում էր գրավոր՝ լուծումներ անելով թերթիկի վրա, ապա ներկայացնում դասախոսին: Սադիստ էր այդ ընկեր Մանուկյանը: Նա չէր կարողանում կողմնորոշվել Լարիսայի գնահատականի հարցում, քանի որ որոշ խնդիրներ գերազանց էին լուծվել, իսկ որոշ խնդիրներ՝ ոչ ամբողջությամբ կամ ընդհանրապես չէին լուծված:

Լարիսայի հետ քննություն հանձնող աղջիկներից մեկը, չդիմանալով պահի լարվածությանը, համաձայնեց «երեք» թվանշանին, որը հնարավորություն էր տալիս նրան ԲՈՒՀ ընդունվելու, բայց վճարովի հիմունքներով և լսարանից դուրս եկավ` ազատ շունչ քաշելով: Դե’, ոչինչ, այդ աղջկա հայրը վարչական շրջանի զինկոմն էր, ուսման վարձը կարող էր վճարել:

Ընկեր Մանուկյանի հետ իր կենաց-մահու պայքարը տևեց ևս մեկ ժամ, մինչև որ նա “հանձնվեց” և նշանակեց բաղձալի բարձր թվանշանը: Վերջին լրացուցիչ հարցի` A հատվածի քառակուսի աստիճանի հատվածը կառուցելու բարդ խնդրի լուծումը վճռեց Մանուկյան-Լարիսա հակառակորդների «մենամարտի» ելքը՝ վերջինիս օգտին: Հուզված, բայց գոհ իր հաղթանակից` Լարիսան դուրս թռավ լսարանից: Երջանիկ ու բավարարված էր քննության ելքից: Արդեն մթնում էր, և նրան սպասող ընկերներն ու հարազատներն անհամբեր վրա տվեցին, գրկեցին նրան ու շնորհավորեցին, իսկ հետո նաև հարցերի տեղատարափ թափելով խեղճի գլխին:

Հաջորդ օրը Լարիսան գյուղ վերադարձավ` հաղթանակի և հպարտության բերկրանքը սրտում: Նա գոհ ու երջանիկ էր և գիտակցում էր, որ ուսանող դառնալը այնքան էլ դյուրին գործ չէր, իսկ ուսանող մնալը առավել դժվար է լինելու: Պետք էր մի փոքր դադար առնել, ու հանգստանալ, ապա մեկնել մայրաքաղաք՝ արդեն ուսանողի կարգավիճակով: Դա նրա կյանքի երջանիկ պահերից մեկն էր…

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031