Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ երկակի չափանիշներով են գնահատում հանցագործությունները

Հունվար 19,2015 11:15

Արդեն հոգնեցրին այս շուտասելուկով, որն առանձնակի ջանասիրությամբ կրկնում են հատկապես իշխող կուսակցության ներկայացուցիչները։ Խոսքը «հանցագործը չունի ազգություն» թեւ առած պնդման մասին է, որն օրերս անգամ համալրեցին մի նոր դրույթով, թե հանցագործը չունի նաեւ դավանանք։

Այդ ո՞նց էր բա ստացվել, որ այլ (ասենք՝ Ռամիլ Սաֆարովի դեպքում) հանցագործն ազգություն ուներ ու տեղի-անտեղի հա շեշտում էին այն՝ ազգայնականների սիրած «թուրքը մնում է թուրք» երկրորդմամբ:

Լավ, մեզնից հեռու օրինակ բերեմ՝ Փարիզում կատարվածը, երբ հանցագործները թե ազգություն ունեին, թե դավանանք։

Գուցե հանցագործները դադարում են ազգություն ու դավանանք ունենալուց, երբ նրանք ռազմավարական գործընկերո՞ջ ներկայացուցիչ են։ Ուրեմն փաստորեն նման շուտասելուկ կրկնողները հենց իրենք են քաղաքականացնում այս հանցագործությունը, ինչից խուսափելու կոչեր անում են մյուսներին։

Հընթացս մի շուտասելուկ էլ են դրել շրջանառության մեջ, թե հայ-ռուսական հարաբերություններում «պետք չէ առաջնորդվել որևէ էմոցիոնալ շարժառիթներով», եւ կամ այս եղեռնագործությունը չարժե ծառայեցնել հայ- ռուսական հարաբերությունների խարխլմանը։ Ու ասողները զարմանալի զուգադիպությամբ՝ նաեւ հենց այն մարդիկ են, որոնք իրենք մեկ այլ եղեռնագործության պատճառով խարխլեցին հայ-հունգարական հարաբերությունները։

Բողոքի ինքնաբուխ ցույցերի դեմ են խոսում մարդիկ, որոնք նախկինում (օրինակ՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո) իրենք էին աշխատանք տանում, որ բողոքը ստանա կազմակերպված բնույթ:

Մի խոսքով, այս օրերին իշխող կուսակցության ներկայացուցիչները բնավ չեն հաջողում Գյումրու դեպքերին իրենց արձագանքի կապակցությամբ մի այնպիսի հաջող փաստարկ բերել, որ չարժանանար լիովին համարժեք հակափաստարկի։ Ինչը օրինակ արել էր Արգիշտի Կիվիրյանը, որը «Ֆեյսբուքում» գրել էր. «100 տարի Եղեռն ողբացող ազգի ներկայացուցիչն ասում է. «Սուգ հայտարարելու մշակույթ չունենք»:

Ի դեպ, մեր թեմայի շրջանակներում արժանի է մեջբերման նաեւ Սամվել Մարտիրոսյանի գրառումը.

«Հանցագործը չունի ազգություն:
Ահաբեկիչը չունի ազգություն:
Դեսպանը չունի ազգություն:
Հյուպատոսը չունի ազգություն:
Տրամվայը չունի ազգություն:
Տումբչկեն չունի ազգություն:
Խառը կանաչին չունի ազգություն:
Ունիտազը ունի ազգություն- ինքը չեխական ա լինում կամ ֆիննական»:

… Բայց հանցագործությունների վերաբերյալ իրենց այս երկակի արձագանքների վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան՝ իշխողները միայն ասում են, թե չհամեմատենք դրանք։ Մինչդեռ եթե իրոք ոչ քաղաքական չափանիշներով դատելու լինեն՝ Գյումրիում կատարվածը առավել դաժան, անմարդկային ու որեւէ բացատրություն չունեցող էր, քանի որ չկա ավելի սարսափելի հանցագործություն, քան երեխայի սպանությունն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031