«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ այսօր անցկացվեց երկրորդ կոնսիլիումը` Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս և տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։
Մանրամասն քննարկվեցին նախորդ զննությունից հետո անցած 12 ժամվա ընթացքում փոքրիկի մոտ արձանագրված ամենափոքր իսկ փոփոխությունները։ Նշվեց, որ իրականացված բուժման, այդ թվում` գլխուղեղի փորոքների դրենավորման շնորհիվ վնասված գլխուղեղի վերականգնման նշաններ են ի հայտ գալիս։ Վերլուծելով գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները` հենց կոնսիլիումի ընթացքում կազմակերպվեցին լրացուցիչ որոշ հետազոտություններ։ Մանրամասն քննարկվեցին երեխայի օրգան- համակարգերի գործունեության ապահովման հնարավորությունները, հնարավոր բարդությունների հավանականությունը, դրանցից խուսափելու ուղիները։ Արդյունքում մշակվեց բուժման հետագա ռազմավարություն։
Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար, անվանի նյարդավիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը շեշտեց, որ պետք է հիշել, որ երեխան շատ ծանր վնասվածք է ստացել, ինչը մեծ վնաս է հասցրել ամբողջ օրգանիզմին:
« Աստիճանական բուժումն ընթանում է ըստ ծրագրածի: Գործընկերների հետ կայացած բավականին արդյունավետ քննարկումը հնարավորություն կտա բուժման ճշգրիտ ռազմավարություն իրականացնել: Շատ հարցերում մեր կարծիքները համընկնում են: Այժմ առկա է կայունացման միտում»,- ասաց պրոֆեսորը:
Նրա խոսով` այն ինչին դիմակայել է երեխան, և ինչին հաջողվել է հասնել մասնագետների միահամուռ ջանքերի շնորհիվ` արդեն իսկ մեծ հաջողություն է:
Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին նշեց, որ ինքը գործընկերների հետ Երևանում է ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի, ՌԴ նախարարության հանձնարարությամբ:
« Մենք այստեղ ենք և պատրաստակամ աջակցելու երեխայի առողջական առկա խնդիրներին մեր մասնակցությամբ լուծումներ տալու համար»,- նկատեց պրոֆեսորը:
«Փորձում ենք այնպես անել, որ իրավիճակի համատեղ վերլուծությունը դրական հանգուցալուծում, արդյունք տա»,- ընդգծեց Վալերի Ամչիսլավսկին:
Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմն էլ նշեց, որ հայաստանյան գործընկերների հետ իրենց միավորում է միևնույն վիրաբուժական դպրոցը, երեխայի բուժման ընթացքի վերաբերյալ նույն մոտեցումները:
Կարդացեք նաև
Նա վստահեցրեց, որ մասնագիտական քննարկումները հնարավորություն կտան ապահովելու բուժման առավել արդյունավետ ընթացք:
Առողջապահության նախարարություն