Լրահոս
Օրվա լրահոսը

Վայքում թեթեւ ու հանգիստ ընտրում են քաղաքապետի միակ թեկնածուին

Հունվար 18,2015 15:45

Միակ թեկնածուն հանրապետական է

Վայք քաղաքում այսօր քաղաքապետ են ընտրում. քաղաքացիներն ընտրության  առանձնապես լայն հնարավորություն էլ չունեն. Այստեղ քաղաքապետի ընդամենը մեկ թեկնածու է՝ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված եւ նույն կուսակցության անդամ Արագած Սաղաթելյանը:  Նա, ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում է գրված՝ ՋՕԸ գործադիր տնօրենն է: Վայքում՝ 39 ընտրատարածքում Սաղաթելյանը մնաց քաղաքապետի միակ թեկնածուն, երբ անկուսակցական, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «Արաքս»  մասնաճյուղի  ավագ վարպետ  Ալեքսան Սիմոնյանը հրաժարվեց մասնակցել քաղաքապետի «մրցույթին». Վերջինս ինչպես ինքնաառաջադրվել էր, այնպես էլ ինքնաբացարկ ներկայացրեց:

Վայոց Ձորի Վայք քաղաքում ընտրություններն այս պահի դրությամբ անցնում են խաղաղ, առանց որեւէ միջադեպերի: Այս մասին  Aravot.am-ի հետ զրույցում ասացին ընտրատեղամասերի անդամներն ու 39 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի անդամ Կարինե Հարությունյանը: Ընտրատարածքի 3-րդ տեղամասի հանձնաժողովի նախագահ Իշխան Զաքարյանը, որը  Հայ ազգային կոնգրեսի անդամ է, ասաց. «Թեթեւ գալիս, գնում են, կուտակումներ չեն լինում»:

«Ժառանգության» կուսակցության մարզային պատասխանատու Նարինե Հարությունյանը, որը նաեւ հետեւում է ընտրություններին, մեզ հետ զրույցում եւս վստահեցրեց,  որ ամեն ինչ խաղաղ է, նորմալ, առանց միջադեպերի:

Ժամը 14.00-ի դրությամբ, ինչպես վստահեցրեց, Կարինե Հարությունյանը, 1030  վայքեցի է մասնակցել քաղաքապետի ընտրությանը.  39 ընտրատարածքի առաջին տեղամասում ընտրության է մասնակցել 354 ընտրող,  2-րդ տեղամասում՝ 301, իսկ 3-րդում՝  375, Վայքում երեք ընտրատեղամասեր են: Պաշտոնապես Վայքում կա 5224 ընտրող:

Նշենք, որ ըստ «Ընտրական օրենսգրքի» 143-րդ հոդվածի՝ «Համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների ամփոփելը կետի»,  սահմանված է՝ «Համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկվել առավել թվով ընտրողներ: Մեկ թեկնածուի քվեարկելու դեպքում, նա ընտրվում է, եթե կողմ է  քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին»: Այսինքն, ըստ օրենքի, ընտրությանը մասնակցածների կեսից ավելին պետք է կողմ քվեարկի քաղաքապետի թեկնածու Սաղաթելյանի օգտին, որպեսզի նա, ըստ էության հաղթի ընտրություններում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031