Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սացիվի

Հունվար 18,2015 12:30

Վրացական այս ուտեստը վերջին տարիներին դարձել է նաեւ հայկական ամանորյա սեղանների անբաժան նախուտեստներից մեկը: Սացիվիի տարբեր տարատեսակներ կան, այս եղանակը ես սովորել եմ ծնունդով ախալցխացի մի հրաշալի կնոջից:

Անհրաժեշտ մթերքները
Հավ- 1 հատ (կարող եք վերցնել նաեւ հավի առանձին կտորներ, սակայն միայն կրծքամիս պետք չի վերցնել, քանի որ կրծքամսից այնքան էլ համեղ արգանակ չի ստացվում)
ընկույզ-1-2 բաժակ
սխտոր-3-4 պճեղ
համեմունքներ- աղ, սեւ պղպեղ, խմելի սունելի, ուցխո սունելի, շաֆրան, կարմիր պղպեղ, համեմի սերմ

Պատրաստման եղանակը

sacivi1

Հավը մաքրել, լվանալ, կտրատել եւ դնել եփվելու: Եփելու ընթացքում ցանկալի է հավի հետ միասին ջրին ավելացնել մեկ գազար՝ երկայնքով միջից կիսված, մեկ սոխ, մեկ պճեղ սխտոր, քարավուզի մեկ ճյուղ, մեկ դափնետերեւ: Աղն ավելացրեք ամենավերջում՝ անջատելուց հինգ րոպե առաջ: Այս ամենը ձեր արգանակը ավելի համեղ դարձնելու համար է:

Հավը պետք է եփել այնքան, մինչեւ միսը հանգիստ ոսկրահան լինի: Միսը առանձնացրեք, կարող եք նաեւ ոսկրահան անել, իսկ արգանակը քամեք: Սովորաբար հավը խոշոր կտորներով են թողնում: Ես նախընտրում եմ մանր եւ անոսկոր կտորների բաժանել: Վարվեք այնպես, ինչպես հարմար եք գտնում:

Այժմ հարկավոր է աղալ ընկույզը: Ընդ որում՝ ցանկալի է հենց աղալ եւ ոչ թե փոշիացնել բլենդերով, որովհետեւ մսաղացով աղալու պարագայում ընկույզը յուղ է արտազատում, որը շատ կարեւոր է սացիվիի որակի համար:

sacivi2

Աղացած ընկույզը եւ հավի արգանակը լցնել էմալապատ կաթսայի մեջ՝ 1 բաժակ ընկույզին 1,5 բաժակ արգանակ հաշվով: Ավելացրեք քերած սխտորը, համեմունքները՝ յուրաքանչյուրից կես թեյի գդալ, եւ դրեք կրակին, թողեք հասնի եռման աստիճանի, բայց մի եռացրեք, խառնեք փայտե գդալով:

Լցրեք պատրաստի հավի կտորների վրա, թողեք սառչի եւ մատուցեք:
Ի դեպ, սացիվիի գույնը կախված է համեմունքներից՝ եթե շաֆրան չավելացնեք, ավելի հողագույն կստացվի, շաֆրանի շատ լինելու դեպքում դեղին է դառնում: Մի անգամ համեմի աղացած սերմի փոխարեն թարմ համեմ էի աղացել՝ շատ հետաքրքիր կանաչ գույն էր ստացել եւ շատ համեղ էր: Այնպես որ՝ պատրաստեք ձեր ցանկացած եղանակով: Բայց չմոռանաք մեկ-երկու բաժակ արգանակ մի կողմ դնել, որովհետեւ սացիվին սառելուց հետո պնդանում է, եթե զգաք շատ է պնդացել, կարող եք պահած արգանակով բացել:

Բարի ախորժակ:

Պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

17.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Հարգելի տիկին Մելանյա.Ձեր բաղադրատոմսերը շատ հետաքրքիր են, համեղ եւ սպասված: Շատ կցանկանայի փորձել Ձեր պատրաստած գաթա-նազուկը:
    Շնորհակալություն

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Շնորհակալություն արձագանքի համար: Կաշխատեմ մոտ ժամանակներս պատրաստել եւ բաղադրատոմսը տեղադրել կայքում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031