Արդեն երկրորդն օրն է՝ Aravot.am-ը ահազանգեր է ստանում այն մասին, որ Գյումրու ռուսական հյուպատոսարանի մոտ ոստիկանների ու ցուցարարների բախմանը մասնակցած բոլոր գյումրեցիներին, որոնք կան լուսանկարներում ու տեսանյութերում, հրավիրում են ոստիկանություն: Այսօր նրանցից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անուն-ազգանունը, պատմեց, որ իրեն բերման չեն ենթարկել, պարզապես զանգահարել, հրավիրել են ոստիկանության «Կումայրի» բաժին ու փորձել են հասկանալ, թե ովքե՞ր են հրահրել բախումը, ովքե՞ր են այսպես ասած դրսի ուժերը, որոնց մասին ակնարկում են տեղի պաշտոնյաները:
«Տեսանյութը դնում են ու հարցնում ՝ այ, քո կողքինի ձեռքը քար է կամ կոպեկ է շպրտում, ճանաչո՞ւմ ես նրան, ի՞նչ բարբառով էր խոսում: Ոստիկանները իրենց շատ կիրթ են պահում, աշխատում են առանց որևէ մեկին նեղացնելու: Ես կես ժամ եմ մնացել ոստիկանությունում: Ինչքան որ ես եմ հասկանում, ոստիկանության նպատակն է ճշտել, թե ովքե՞ր են եկել Հայաստանի մյուս տեղանքներից կամ միգուցե հենց դրսից, ովքեր են էդ կոպեկ, քար շպրտողները, ոստիկանին գանգուղեղային վնասվածք հասցնողները»,-պատմեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ երեկ երեկոյան մոտ 20 հոգու բերման են ենթարկել տներից, սակայն որոշակի ճշգրտումներ անելով, նրանց տուն են ճանապարհել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Էտ լավ գիտեն, կարող են անել …
Էտ լավ գիտեն, կարող են անել …