Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ալոյանի ընթերցողը «սրտից թույլ» մարդն է

Հունվար 17,2015 22:49

«Հայ գիրք» գրախանութն այսօր հերթական անգամ հանդիպատեղի էր դարձել գրողի ու ընթերցողի համար: Այս անգամ առիթը բանաստեղծ, լրագրող, երաժիշտ Արա Ալոյանի «Մի լուսացիր» և «Ոտնահետքեր ջրաներկով» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսն էր:

«Միանգամից երկու գրքի հրատարակումը պայմանավորված է վերջին տարիների իմ առավել արգասաբեր գրական գործունեությամբ և գրական «արտադրանքի» առատությամբ,- ասում է բանաստեղծը.- չցանկացա բոլոր ստեղծագործությունները մեկ գրքով ներկայացնել, որովհետև «Ոտնահետքեր ջրաներկով»-ն իր աստվածախոսությամբ տարբերվում է: Ժողովածուն, մեծ հաշվով, կրոնական չէ, բայց հավատի զորեղացման տարրեր ու միտումներ ունի, իսկ «Մի լուսացիր»-ը, որ սիրո պատվիրանի պես է հնչում, ավելի շատ սիրերգություն է»:

Ա. Ալոյանն իր բանաստեղծությունների առաջին՝ «Լույս դառնալուց առաջ» (2003 թ.) ժողովածուն գրական թոթովանքների արտահայտություն է համարում, իսկ ահա հանրությանն այսօր ներկայացված երկու ժողովածուներն արդեն որոշակի գրական հասունություն են մատնանշում, որը բանաստեղծն ինքն էլ է զգում:

Aravot.am-ի հարցին, թե Ա. Ալոյանն ինչպիսին է պատկերացնում իր ընթերցողին, նա պատասխանեց. «Իմ ընթերցողը քնարականի հանդեպ հակում ունեցող մարդն է, հուզվող, հուզական, սիրառատ, «սրտից թույլ» մարդն է: Իմ ստեղծագործությունների դժգույն թանձրացումների՝ մահերգության, տառապանքի, հուսահատության մեջ էլ կա սիրո, դեպի լույսը գնալու հավատամքը»:

«Պոեզիան գնալով հասունանում է Ալոյանի մեջ,- ասում է Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի նախագահ, գրականագետ Նորայր Ղազարյանը.- դա շատ հեշտ է նկատել նրա առաջին և վերջին ժողովածուները համեմատելիս: Ալոյանի պոեզիան, որն աչքի է ընկնում իր թարմությամբ, բնական զգացական ինքնատիպ դաշտ ունի: Նորաբնույթ են նրա բանաստեղծությունները. ձևի ու բովանդակության նոր որակ են բերում գրականություն: Ես միշտ ասել եմ նրան, որ երբ փորձում է մյուս մոդեռնիստների նման արտահայտվել, վնասում է իր բանաստեղծությունը: Նրա՝ ասելիքի և զգացմունքի միասնական դաշտ ապահովող բանաստեղծությունները դասականի ու նոր մտածողության միաձուլում են: Հենց դրանով է աչքի ընկնում Ա. Ալոյանի պոեզիան և դրանով է, որ միշտ թարմ է ու արդիական»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԷՔՍՊՐՈՄՏ Արա Ալոյանի գրքի շնորհանդեսի առթիվ:
    Ներկա լինեի
    Մի թաս խմեինք
    Քեզ հետ,Արա ջան
    Համով,աննման:
    Ծնունդը գրքիդ
    Ուղղված է փառքիդ,
    Դե մենք էլ քեզ հետ
    Ուժ,աղեղ ու նետ…
    Ն.Ա. 17.01.15.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031