Ինչպես հայտնի է՝ գյումրեցի ցուցարաների պահանջով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկու հոգուց բաղկացած պատվիրակություն գործուղեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող, 102-րդ ռազմաբազայում կալանքի տակ պահվող Վալերի Պերմյակովի մոտ, որպեսզի պատվիրակներն իրենց աչքով տեսնեին ու համոզվեին, որ ոճրագործին ռուս զինվորականները չեն փախցրել Ռուսաստան:
ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ ռազմաբազա գնաց նաև հանրահավաքի ակտիվիստներից մեկը՝ տնտեսագետ Կարեն Պետրոսյանը: Aravot.am-ի հետ զրույցում Կարեն Պետրոսյանն ասաց, որ իր տպավորությամբ հանցագործության մեջ կասկածվողը խեղճացած, թշվառ վիճակում էր: «Իմ տպավորությամբ նա հրամանների ենթարկվող անձ է, մեզ այնտեղ դիմավորեցին ՀՀ քննչական կոմիտեի պետի տեղակալը և մի ռուս գնդապետ, որի պաշտոնն ու ազգանունը չեմ հիշում: Պերմյակովը խցում պառկած էր, նրան հրամայեցին տեղից բարձրանալ, շրջվել դեմքով դեպի դուռը, մենք անցքից տեսանք նրան, սկզբում Մարտուն Գրիգորյանը, այնուհետեւ՝ ես»: Մեր այն հարցին, թե հոգեկան շեղում ունեցող մարդու տպավորություն չէ ՞ր թողնում, Կարեն Պետրոսյանն ասաց. «Մանյակի տպավորություն չստացա նրանից, նրա մոտ ոչ մի արտառոց վարքագիծ չտեսա»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Ավելի թշվառ վիճակում է հայ ազգը. հերի՛ք խղճացիք ուրիշներին: Այս գործը մինչև վե՛րջ պիտի բացահայտվի. հնարավոր է,որ նա միայն գործիք էր. բայց խղճալ իրոք ճիշտ ու արժանապատիվ չէ: