Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՌԴ-ը պաշտոնապես ներողություն չի խնդրում ՀՀ-ից, եթե հարաբերություններն այդքան բարձր մակարդակի վրա են. Slon  

Հունվար 17,2015 19:31

Մինչ Ռուսաստանի հասարակության առաջադեմ զանգվածը հետևում էր ռուբլու արժեվորմանը ու դիտում էր «Շարլի Էբդո»-ի խորիմաստ ծաղրանկարները, Հայաստանում տեղի ունեցավ ողբերգություն, որն արժանի էր ռուսների ուշադրությանը: Գուցե հենց այդ պատճառով պաշտոնական ԶԼՄ-ները չեն խոսում դրա մասին՝ գրում է «Սլոն» պարբերականը:

Անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ցուցմունքին այն մասին, թե նա այդ տունն էր մտել, որպեսզի ջուր խմի՝ հրապարակման հեղինակը գրում է՝ Հայաստանը երկիր է, որտեղ մարդիկ, բացի մայրաքաղաքից, գիշերը չեն փակում իրենց դարպասներն ու դռները, և Գյումրու բնակիչները չէին մտածում, որ պետք է վախենալ նրանցից, ովքեր հրավիրված են իրենց պաշտպանելու. «Իհարկե, հիմա շատերը հարկ կհամարեն ամուր փակել իրենց դռները: Հանկարծ բարեկիրթ մարդիկ կուզեն ջուր խմել», – գրում է հեղինակը՝ ավելացնելով, որ դեպքից հետո բոլորը սկսեցին խոսել մեղադրյալի ազգային պատկանելության մասին. «Բայց դե այստեղ էլ գիտեն հանցանքը ազգություն չի ճանաչում արտահայտությունը»:

Հոդվածագիրը հիշեցնում է Պուգաչով քաղաքի ցույցերը, որի պատճառը չեչեն դեռահասի ձեռքով նախկին դեսանտավորի սպանությունն էր, երբ հարյուրավոր մարդիկ պահանջում էին երկրից վտարել չեչեններին: Հիշեցնում է Մոսկվայի Բիրյուլովո թաղամասի անկարգությունները, երբ ամբոխը պահանջում էր հայտնաբերել կովկասյան արտաքինով մարդասպանին: Եվ, ի վերջո, հիշեցնում է վարորդ Հրաչյա Հարությունյանի դեպքը. «Որին դատարան էին բերել կանացի խալաթով, դա դեռ թարմ է հայերի հիշողության մեջ: Այդ ժամանակ ռուսական ամենահեղինակավոր հաղորդումները քննարկում էին այդ ողբերգությունը, ու լրատվամիջոցներում գրեթե բոլոր վերնագրերը սկսվում էին «հայ վարորդը», «հայ մարդասպանը» բառերով», – գրում է նա՝ հավելելով, որ Հայաստանում գտնում էին, որ այդ ողբերգությունն այդքան մեծ ուշադրության է արժանանում ոչ թե մեծ քանակությամբ զոհերի պատճառով, այլ, որ բեռնատարի վարորդը հայ էր: «Ու չի կարելի է ասել, թե նրանք սխալվում էին: Հայաստանի քաղաքացուն հայկական կողմին հանձնելու մասին այն ժամանակ վախենում էին խոսել: Գիտեին, որ չեն հանձնի: Ու չհանձնեցին, բնականաբար»,-գրում է Slon-ը:

«Իսկ ի՞նչ ենք տեսնում հիմա: Ռուս զինվորը ինքնակամ լքել է զորամասը հերթափոխի ժամանակ, հրեշավոր հանցագործություն է գործել ու վերադարձվել է ռազմակայան», – շարունակում է հեղինակը, – «Թվում է, որ ռուսական կողմը ցանկանում է, որ հետաքննությունը Հայաստանում իրականացվի, քանի որ հանցագործությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց չի ուզում հանցագործին փոխանցել հայ իրավապահներին: Իսկ Հայաստանի իշխանությունները «կհետևեն, որ հանցագործը պատժվի համաձայն օրենքի»: Ենթադրվում է, որ Հայաստանի հասարակությունը պետք է խոնարհվի ու շնորհակալություն հայտնի ընկերներին մեծահոգություն ցուցաբերելու, ըմբռնման և օգնության համար: Սակայն այդպիսի հարաբերությունները դաշնակցային չեն, այլ գաղութատիրական»:

Ըստ նրա՝ Հայաստանում ոչ բոլորը կարող են վրդովվել, ոմանք չեն կարող հակառակվել ռուս զինվորականներին, իսկ ոմանք ձեռքով ու ոտքով կապված են «ամուր բարեկամությամբ», «մշակութային բաղադրիչներով», «պատմական ընդհանրությամբ»: Մեջբերելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի խոսքերը, որտեղ նախարարը կոչ էր արել չքաղաքականացնել հարցը ու չվնասել «հայ-ռուսական բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները»՝  նա գրում է. «Բայց եթե հայ-ռուսական հարաբերություններն իրոք այդքան բարձր մակարդակի վրա են, ինչպես պնդում է նախարարը, ապա ինչո՞ւ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես ներողություն չի խնդրում ու ավելի բաց հետաքննություն չի սկսում, չի խոստանում հրապակային դատ իրանացնել, ինչպես պահանջում է օրենքն ու բարձր մակարդակի հարաբերությունները»:

Լրագրողի կարծիքով, եթե չլիներ Ռուսաստանի 2 միլիոնանոց հայկական սփյռուքը, ապա Գյումրուց շատ վատ նորություններ կստացվեին. «Փորձելով թաքցնել կամ դանդաղորեն մաքրել իր զինվորի համազգեստը՝ ռուսական կողմը ավելի ու ավելի է կեղտոտում այն», – եզրափակում է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031