Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Երևանը չի կարող պահանջել Պերմյակովի փոխանցումը՝ Դուբնովի մեկնաբանությամբ. Ежедневный Журнал

Հունվար 17,2015 18:30

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում տիրող բարձիթողի վիճակն այժմ պարտավոր են ընդունել նույնիսկ ռուսական բանակի պատիվն ամենապրոֆեսիոնալ պաշտպանողները, «Եժեդնեվնի Ժուռնալ»-ում գրում է լրագրող Վադիմ Դուբնովը, որի կարծիքով՝ զորամասում տիրող բարքերը գաղտնիք չէին ո՛չ քաղաքի, ո՛չ էլ պետության համար, քանի որ գյումրեցիներից շատերը աշխատում են այնտեղ:

«Զինվորականները տեղացիներին ընդունում էին որպես բարեհամբույր «աբորիգենների», իսկ քաղաքացիները այդպիսի հարաբերություններին դեմ չէին, քանի որ, նախ՝ այդպիսին է 200-ամյա ավանդույթը՝ չնեղանալ ռուս զինվորից, որը ինչ էլ լինի, թուրքից լավն է, երկրորդ՝ նրա հաշվին կարելի է գումար վաստակել», – գրում է Դուբնովը՝ շարունակելով, որ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի ձեռքով Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը ռուս զինվորականների համար ընդամենը շատ մեծ «ЧП» էր (արտակարգ պատահար), որը հղի էր Մոսկվայից բարձաստիճան հրամանատարների ժամանումով, ստուգումներով, արձակուրդները հետաձգելով, պաշտոնանկություններով և տեղի բնակչության հետ հարաբերությունների վատթարացմամբ:

Լրագրողի մեկնաբանությամբ՝ Պերմյակովին ռուսական կողմին հանձնելը երկու կողմերի համար ոչ մի երկմտանք չէր առաջացնում, այն տեղի է ունեցել երկրների միջև ստեղծված հարաբերությունների տրամաբանության համաձայն.  «Այսինքն, իրավաբանական փակուղին դատարկ տեղն է առաջացել՝ լիակատար փոխըմբռնման և փոխադարձ խախտումների պատճառով: Այն, որ հետևանքները ռուսներին չէր անհանգստացնում, հասկանալի է: Ավելի բարդ է բացատրել Հայաստանի իշխանությունների անհոգությունը, որը պետք է ենթադրեր, թե ինչպիսին կլինի հայրենակիցների արձագանքը»:

Այժմ, երբ Հայաստանի իշխանություններն իրենց աչքերը թաքցնում են գյումրեցիներից և դեռ ոստիկանությունն էլ այնքան հանդուգն չէ, շատերը սկսում են մտածել, որ Եվրասիական տնտեսական միության դեմ արտահայտվող փոքրամասնությունը ճիշտ էր, շարունակում է լրագրողը, և այն, որ Երևանը չի կարող ոչ մի բան պահանջել Մոսկվայից, կարող է շատ ծանր հետևանքների հանգել. «[Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը] պաշտպանող պնդումները, որոնցից առաջինը պատմում է թուրքից պաշտպանող ռուս զինվորի հետ դարավոր բարեկամության մասին, արդեն այնքան էլ հավաստի չէ, ինչքան երեկ էր: Գյումրիում ռուսական բազա՞ն է անվտանգության երաշխիքը», – հարցադրում է լրագրողը, բայց ընդգծում, որ հարցը անվտանգությունը չէ, այլ այն, որ Հայաստանում ցանկացած քաղաքական ուժ շատ լավ գիտակցում է՝ եթե ուզում ես հաջողության հասնել, չպետք է վիճես Կրեմլի հետ. «Այս հնազանդվող վիճակը ձեռք է տալիս հայկական քաղաքական խաղերին մասնակցող ցանկացած անդամի, այդ թվում՝ Մոսկվային, որը Հայաստանի իշխանություններին կարող է համոզել մասնակցել ցանկացած խաղի, թեկուզ առանց ոգևորության, ինչը շատ էական է, որովհետև մյուսները մոսկովյան խաղերին մասնակցելուց հրաժարվում են: Հենց այդ պատճառով է Երևանն այդքան հեշտությամբ նախընտրում Եվրասիան Եվրոպայից, ոչ թե ՀԱՊԿ առասպելական անվտանգությունը կորցնելու: Այդ պատճառով հայկական կողմը չկարողացավ և չի կարող պահանջել Պերմյակովի փոխանցումը»:

Հոդվածագրի պնդմամբ՝ Երևանում նաև վախենում են, որ Մոսկվան կարող է Հայաստանին սպառնալ Ղարաբաղի խնդրով, սակայն նա նշում է, որ ստատուս-քվոյի փոփոխությունը Մոսկվայի համար նույնքան վտանգավոր է, որքան Երևանի, հատկապես, երբ Ռուսաստանի համար այսօր ավելի կարևոր ճակատներ կան. «Բայց Մոսկվան ճնշում չի գործադրի, քանի որ Երևանը չի համառի: Նա առանց վայրագության ցուցարարաներին կհեռացնի Ռուսաստանի հյուպատոսության և ռուսական ռազմակայանի մոտից ու կսպասի մինչև կրքերը կամաց-կամաց հանդարտվեն», – կանխատեսում է նա՝ հավելելով, որ մի քանի օր անց Մոսկվան վերջապես գտավ իր քարոզչական գիծը՝ Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու պահանջով ցույցերը որակելով՝ «նարնջագույն», արևմտամետ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031