Ֆրանսիական երգիծական «Շարլի Էբդո» շաբաթաթերթի վրա հարձակումը վերլուծելով՝ այսօր «Հայք» վերլուծական կենտրոնում քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծիք հայտնեց, որ Եվրոպան սարսափում է քաղաքակրթությունների կամ մշակույթների բախումից. «Դա քաղաքակրթությունների բախման օրինակ էր եւ ի տարբերություն 1915 թվականի հայ-թուրքական բախման, Եվրոպայում էր: Նրանք սովոր են ուրիշի տան մեջ հրդեհով գոհանալ կամ հրդեհը տեղափոխել ուրիշի տուն»:
Պարոն Շիրինյանի խոսքով՝ Եվրոպայում միջոցառումներ պետք է ձեռնարկել, սակայն մշակութային եւ քաղաքակրթական ներթափանցումները չի կարելի կանգնեցնել զորքով կամ կրոնի տարածումն այրել խարույկի վրա:
«Քրիստոնեության նահանջը սկսվել է Հայոց ցեղասպանությունով»,-ասաց նա: Պարոն Շիրինյանը Եվրոպայի համար ինքնապաշտպանական միջոցառումներից մեկը համարում է Արեւմուտքի կողմից Հայաստանին զորակցումը: Նա կոչ է անում Եվրոպային. «Ես երեսով եմ տալիս իրենց եւ ասում, որ Հայաստանը ոչնչացնող ուխտը չոքել է ձեր դռան առջեւ եվ ձեզ խեղդում է»:
«Ցեղասպանության 100 ամյակի նախօրյակին եկեք եւ Թուրքիայի վրա հագցրեք այն զսպաշապիկը, որ հայոց ցեղասպանության տեսքով է, այնպես, ինչպես Գերմանիայի վզին փաթաթել եք Հոլոքոստը: Եվ այստեղ կարծում եմ հաջողություններ կունենաք»,-այսպես շարունակեց իր կոչը քաղաքագետը,-«օժանդակեք Հայաստանին եւ մենք ձեզ հետ միասին Թուրքիային զսպաշապիկ կհագցնենք»:
Կարդացեք նաև
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ աստվածաբան Վարդան Խաչատրյանը, նկատեց, որ իսլամը 300 տարի եղել է գաղութացված եւ ճնշված արեւմուտքի կողմից. «Եվ սա չի կարող հասարակության ենթագիտակցության մեջ չառաջացնել այն աներեւակայելի ուժը, որն այսօր սկսում է արձակվել: Սա նշանակում է, որ նոր գաղափարաբանություններ են առաջ եկել, որոնք միացրել են իսլամի տարանջատված պատկերացումները ներսում»:
Աստվածաբանի խոսքով՝ բարդ հարց է, թե կարելի՞ է Եվրոպան համարել քրիստոնեական, թե ոչ: Ըստ աստվածաբանի տվյալների՝ Եվրոպայի մեծ մասը սկեպտիկներն են, իսկ այն երկրներում, որտեղ ժամանակին կային իսկական հավատացյալներ, հիմա մնացել են ընդամենը նրանց 10 տոկոսը. «Եվրոպան հասկանում է, որ քաղաքակրթական այս մարտահրավարեը կարող է չմարսել իր բազմազանության եւ ազատության կողմնորոշումների պատճառով»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ