Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովը շատ հստակ կատարել է ծրագիր»

Հունվար 17,2015 15:37

«Մենք գործ ունենք քրեական հանցագործության հետ եւ դրա հետեւում ոչ մի քաղաքական բան չկա»,-այսօր «Հայք» վերլուծական կենտրոնում խոսելով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից 6 հոգանոց Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքից, նման կարծիք հայտնեց ռուս մտավորական, հրապարակախոս Սեդա Վերմիշևան: «Եթե մենք այս դեպքը որպես քաղաքական երեւույթ դիտարկենք, ապա դա կլինի համար առաջին հանցագործությունը»,-նշեց բանախոսը:

Տիկին Վերմիշեւայի խոսքով՝ տեղի է ունեցել միայն քրեական հանցագործություն, որի պարագայում ազգությունը եւ էթնիկ պատկանելությունը ոչ մի կապ չունեն. «Մենք պետք է մի բան հասկանանք, որ հիմա էթնիկ պատկանելության միջոցով շատ հեշտությամբ կարելի է մանիպուլյացիայի ենթարկել հանրության գիտակցությունը»: Տիկին Վերմիշեւայի խոսքով՝ նման հանցագործությունը պետք է քննության ենթարկվի համատեղ, քանի որ այն տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, միեւնույն ժամանակ այլ ազգի անձնավորության կողմից:

«Նման վայրենի հանցագործությունը կարող էր կատարել միայն հոգեպես անառողջ մարդը: Առողջ անձնավորությունը երբեք նման հանցանք չէր կատարի»,- այս տեսակետը հայտնեց մտավորականը:

Ասուլիսին Դեմոկրատական Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իր խոսքում մեջբերեց ռուսական օրենսդրությունից մի հատված, որտեղ հստակ ասվում է, որ այն անձը, որի ընտանիքում կա հանցագործություն կատարած անձ, երկրի սահմաններից դուրս չպետք է ծառայի: Իսկ Պերմյակովի ընտանիքում եղբայրը սպանել էր իր կնոջը:

Պրն Սարգսյանը հակված է հետեւյալ վարկածին. «Նա ժամը չորսին ինքնակամ պահակակետից հեռանում է, երկու ժամ զվռնում է քաղաքում, իսկ մեր իրավապահները արդեն դրա մասին տեղեկություն ստացած լինում են, սակայն այդ երկու ժամվա ընթացքում ոչ մի արդյունավետ գործողություն չեն կատարում: Նա մտնում է տուն, չգիտես ոնց, եւ սառնասրտորեն 6 հոգու, որոնք հավանաբար տարբեր սենյակներում են, սպանում է: Այստեղ չի կարելի ասել, որ նա ուղեղն անջատած այդ քայլերն արել է: Նա շատ հստակ կատարել է ծրագիր: Նա հանգիստ շորը փոխել է, բարձրացել է տանիք, զենքը պահել, դուրս է եկել: Այստեղ հոգեկանի հետ կապված բան չկա: Նա աղանդավորների ընտանիքից է եւ ինտերնետով այս ողջ ընթացքում կապ է ունեցել այդ աղանդի հետ: Ես չեմ բացառում, որ համապատասխան գաղտնի ծառայությունները լուրջ հոգեբանական մշակում են իրականացրել այդ անձի հետ»: Պրն Սարգսյանը վստահ է, որ Պերմյակովին պետք է Հայաստանի օրենքների համաձայն դատել:

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հիշեցրեց, որ ռուս սահմանապահները գործում են Հայաստանի իրավասության տակ. «Օրինակ եթե նրանք բռնում են որեւէ օրինախախտի, ապա կապ չունի ազգությունը, նրան հանձնում են հայ իրավապահներին»: Պրն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունի ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիր, որում, բացառությամբ 3 կետերի, մնացած բոլոր կետերի համաձայն հայկական կողմը պետք է քննի հանցագործությունը: Իսկ այս դեպքը չի մտնում այդ բացառությունների մեջ:

Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց այն մտքի հետ, որ հանցագործությունը քրեական է եղել, սակայն, ըստ նրա, այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին այդ դեպքին, արդեն քաղաքական ենթատեքստ ունեն:
«Միանշանակ անընդունելի էր մեր  իշխանությունների պահվածքը: Մինչեւ հիմա գործող նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի խոսքը չենք լսել, գոնե ցավակցական խոսքը չենք լսել»,- նկատեց պրն Մարտիրոսյանը: Պրն Մարտիրոսյանի խոսքով անհասկանալի էր այն, որ իշխանությունների դրդմամբ, ուշադրությունը իրենց վրայից շեղելու համար, իրենք հանրային դժգոհության ալիքը ուղղորդեցին դեպի ռուսական հյուպատոսություն. «Դա թույլատրել չէր կարելի: Պահանջը պետք է լիներ բացառապես մեր իշխանությունների նկատմամբ»:

Պրն Մարտիրոսյանը մտավախություն ունի, որ եթե Պերմյակովի գործը քննվի ռուսական դատարանում, ապա կասկածները չեն դադարելու իր մոտ եւ որեւէ կերպ չեն փարատվելու:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031