Սահմանադրական բարեփոխումների իրականացման համար Եվրոպայի պահանջով քաղաքական լայն կոնսենսուս ձեւավորելու պահանջին, ինչպես երեւում է՝ իշխող Հանրապետական կուսակցությունը ձեռնամուխ է եղել իրեն հավատարիմ՝ ստվերային բանակցությունների եւ քաղաքական առուծախի ոճով՝ գաղտնի հյուրընկալություններ կազմակերպելով նախագահական նստավայրում:
Քանի որ Սերժ Սարգսյանի նախանշած վերջնաժամկետը՝ մինչեւ փետրվար-մարտ ամիսը, հարկավոր է լեզու գտնել հնարավորինս շատ թվով ուժերի հետ կոնսոլիդացիան ապահովելու համար՝ ի հակակշիռ այդ փոփոխություններին դեմ ոչ իշխանական բեւեռում հավաքվածների, որոնց առանցքը Գագիկ Ծառուկյանն է՝ իր ԲՀԿ-ով: Իսկ փոփոխությունների հայեցակարգը խնդրահարույց է դարձել առաջարկվող խորհրդարանական մոդելի պատճառով, ընդդիմախոսները համարում են, որ նոր մոդելով Սերժ Սարգսյանը պլանավորել է երկարաձգել իր իշխանությունը՝ դառնալով խորհրդարանի ղեկավար:
Թերեւս մոտ ապագայում ՀՀԿ-ի «գրուպպա պադդերժկան»՝ ի թիվս գզրոցներում հայտնված կուսակցությունների, հերթով-շարքով-կարգով հայտարարությունների տարափ կստեղծեն: Բնականաբար, մեկնարկն էլ կտրվի ՀՀԿ-ին միաձուլված կուսակցությունների կողմից՝ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն», ՄԻԱԿ, ՀԺԱՄ, Սպարտակ Մելիքյանի «Ժողովրդավարություն եւ աշխատանք», Հայկ Բաբուխանյանի ՍԻՄ եւ այլն: Մինչ դա, փորձեցինք ինքնուրույն պարզել՝ արդյոք արտախորհրդարանական այն ուժերը, որոնք Ծառուկյանի թիմում չեն, կո՞ղմ են իշխանության առաջարկած բարեփոխումներին:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի զլանում հերթական անգամ կրկնել, որ բարեփոխումների թեման ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ փոխհամաձայնեցված խաղ է, որի նպատակն է մինչեւ հաջորդ ընտրություններ վերահսկողության տակ պահել քաղաքական դաշտը եւ ստեղծել երկբեւեռ օլիգարխիկ իշխանություն եւ ընդդիմություն.«Կույր պետք է լինել չտեսնելու համար, որ փոփոխությունները, որոնք իշխանությունը բարեփոխումներ է ներկայացնում, որեւէ աղերս չունեն բարեփոխումների հետ: Նպատակը վերարտադրվելն է: Սերժ Սարգսյանն ուզում է ՀՀԿ-ի «Ցեկայի» քարտուղար դառնալ՝ «գենսեկ», իսկ Քոչարյանն ուզում է ԲՀԿ-ով վերցնել թիվ մեկ քաղաքական ուժի դափնին: Հիմա այս խաղի մեջ ներքաշվելու համար կամ պետք է կույր լինել, կամ հիմարի տեղ դնել քեզ»:
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀԲԱԶՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: