Մի օր արթնացա մի երկրում, ուր ամեն ինչ կար` հողը կար, ջուրը կար, արեւը կար, երկինքն էլ կապույտ էր ու անսահման: Այո, գրեթե ամեն ինչ կար երջանիկ լինելու, բայց չկար հնարավորություն մի խումբ մարդկանց համար: Եվ նրանք մի օր հավաքեցին իրենց իմաստուններին եւ ուղարկեցին երկրի թագավորի մոտ, որ նրանից հնարավորություն պահանջեն:
Թագավորն էլ հավաքեց իր իմաստուններին եւ ուղարկեց, որ հանդիպեն պահանջողներին, լսեն նրանց ու հնարավորություն տան:
– Բայց դուք վաղուց ունեցել եք հնարավորություն, մի քանիսդ նույնիսկ մի քանի անգամ,- ասացին թագավորի իմաստունները,- հիմա ի՞նչ եք ուզում:
– Այն ժամանակ մենք անփորձ էինք եւ չգիտեինք, որ մեզ տրվածը հնարավորություն է: Հետո, դա աղքատ երկրի հնարավորություն է, արդեն մաշվել-գնացել է,- ասացին պահանջող-եկողները,- մենք ձեր այսօրվա հնարավորությունն ենք ուզում: Իսկ եթե ոչ…
Կարդացեք նաև
– Իսկ եթե ոչ, ի՞նչ,- հարցրին թագավորի իմաստունները:
– Եթե ոչ, ուրեմն` անհապաղ,- ասացին նրանք:
– Անհապաղ հնարավոր չէ,- ասացին թագավորի իմաստունները,- ինչո՞ւ շտապել, չէ՞ որ մենք բոլորս էլ նույն ցեղից ենք: Իսկ եթե շատ եք ուզում, մի օր էլ դուք կստանաք ձեր հնարավորությունը:
– Ո՛չ, համաձայն չենք, մենք ձեր այսօրվա հնարավորությունն ենք ուզում, եթե ոչ` մեզ հնարավորություն ընդհանրապես պետք չէ,- ասացին պահանջողների իմաստունները:
Թագավորի ուղարկած իմաստունները երկար մտածեցին եւ որոշեցին գնալ-հարցնել թագավորի կարծիքը: Իսկ թագավորն այդ պահին հանգիստ նստած շախմատ էր խաղում բարեկամ մեծ երկրի թագավորի հետ: Եվ երբ պատվիրակ-իմաստունները մտան ներս, լսեցին, թե ինչպես իրենց արքան մեծ երկրի թագավորին ասաց` շախ:
– Մի՞թե էլ ուրիշ հնարավորություն չունեմ,- զարմացած հարցրեց մեծ երկրի թագավորը:
– Ունե՛ք, իհարկե, Ձերդ գերազանցություն, հնարավորությունները շատ են, բայց մենք մեր խաղադաշտում մեր զինվորն ունենք:
Եվ թագավորի հանձնակատար իմաստունները` լսելով իրենց արքայի այդ պատասխանը, առանց հարցեր տալու, հեռացան: Գնացին` մտածելով իրենց վաղվա հնարավորությունների մասին:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ
«Առավոտ»
16.01.2015