Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն՝ Հրանտ Մարգարյանին հանելու եւ իրենց ներսում «խլրտոցների» մասին

Հունվար 17,2015 18:10
Hrant Margaryan

Դաշնակցության Ընդհանուր ժողովն է, եւ ժողովից առաջ լուրեր էին տարածվում, որ ամենայն հավանականությամբ Հրանտ Մարգարյանն այլեւս չի լինելու Բյուրոյի ներկայացուցիչ, նրան որոշել են հանել:

Armen_Rustamyan

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ ճի՞շտ է, որ ՀՅԴ-ի ներսում այս պահին խժդժություններ կան՝ Հրանտ Մարգարյանին փոխելու հետ կապված, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Միշտ այդպես է եղել, ես չեմ հիշում որեւէ Ընդհանուր ժողով, որից առաջ չխոսեն Դաշնակցության մեջ ինչ-որ խժդժությունների մասին: Դա իրականում ոչ թե խժդժություն է, այլ այն քննարկումների դաշտն է, որն առաջանում է ժողովներից առաջ: Պատկերացրեք, երեք ամիս ամբողջ մեր կառույցը նախապատրաստում է Ընդհանուր ժողովը: Եվ ներքեւից վերեւ տեղի են ունենում քննարկումներ: Եվ բնականաբար, ինչ-որ բաներ էլ կարող են խոսել: Քանի որ ժողովրդավարական են մեր քննարկումները լինում, տարբեր տեսակետներ կարող են հնչել, ու մի մասն էլ կարող են դուրս սպրդել, եւ սա դիտվի որպես խլրտոցներ, խմորումներ: Իրականության մեջ բնական պրոցես է, պատրաստվում են Ընդհանուր ժողովի, եւ ամեն մեկն իր տեսակետները բերելու է եւ ներկայացնելու է Ընդհանուր ժողովում: Այդ քննարկումներից հետո կհանգենք ինչ-որ միասնական եզրակացության: Բայց այդ պրոցեսն է, որ բոլորին շփոթության մեջ է գցում: Մարդկանց թվում է, թե այստեղ ինչ-որ խլրտոցներ են կատարվում: Այդպիսի բան չկա»:

Arcvik-Minasyan

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ վստահեցրեց, որ Ընդհանուր ժողովից առաջ միշտ այդպիսի լուրեր շրջանառվում են. «Բնականաբար, դա ապուշություն է, ՀՅԴ-ն կենդանի օրգանիզմ է, նրանում կան թե՛ տարաձայնություններ, թե՛ մոտեցումներ, որոնք հաղթահարվում են ժողովների միջոցով: Մեր ժողովներն էլ ամենաժողովրդավարական ժողովներն են: Դա կարծիքների բախում է, ընդունված որոշումներն էլ կատարվում են բոլորի կողմից անխտիր: Այնպես որ՝ փնտրել սեւ կատու կամ ճերմակ կատու մութ սենյակում, իմաստ չկա»:

Մենք ճշտեցինք՝ այնուամենայնիվ, Հրանտ Մարգարյանին հանելու հարց դրվա՞ծ է, քննարկվո՞ւմ է՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ժողովն է որոշում: Դրա համար եմ ասում, որ մեզ մոտ ամենաժողովրդավարական համակարգն է: Ժողովում է քննարկվում ամեն ինչ, որոշումներ են կայացվում: Ժողովը կլինի, կլինի նաեւ համապատասխան հայտարարություն որոշման մասին»:
Ըստ նրա՝ նախկինում նման խոսակցություններ էլի եղել են, թե ուզում են հանել Հրանտ Մարգարյանին. «Բայց եթե դա չի եղել, ուրեմն այդ բոլոր հայտարարությունները ընդամենը հայտարարություններ են՝ ժողովներից առաջ իբր թե պղտոր ջրում ձուկ որսալու»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

16.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031