Մոսկվան ծանրակշիռ ի՞նչ պատճառներ ունի Ալիեւի սադրիչ
ու ցինիկ քաղաքականության վրա աչք փակելու համար
Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, դեպի Ռուսաստան արված շրջադարձը` ԵՄ Ասոցացման համաձայնագիրը հօդս ցնդեցնելուց հետո, բավական թանկ նստեց շփման գծում հարաբերական խաղաղության պահպանման առումով:
Որեւէ մեկը չի կարող վիճարկել այն ակնհայտ փաստը, որ վերջին ամիսներին հակառակորդի ցինիզմը հասել է ուղղակի գագաթնակետին: Ալիեւն իր երկրում բռնատիրություն հաստատելով՝ կարծես «քաջ» «հայրենասեր» է խաղում սահմաններում:
Թեեւ միջազգային հանրության, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների կողմից վերջին շրջանում բավական կոշտ հայտարարություններ են հնչում Ադրբեջանի իշխանությունների հասցեին, նույնիսկ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակահարմարության հարց է բարձրացվում, խոշոր հաշվով, սակայն, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ դիվերսիոն գործողությունների դիմելով, շփման գիծը մշտապես լարվածության մեջ պահելով՝ պատասխանատվություն չի կրում:
Բայց սա խնդրի մյուս կողմն է, եւ վստահաբար հայկական դիվանագիտությունը գործունեության լուրջ վերանայման խնդիր ունի: Միջազգային կառույցների, տարբեր երկրների հետ նոր աշխատաոճ որդեգրելու անհրաժեշտություն կա, եւ վաղուց են անցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշաններ դնելու` «բալանսավորված» հայտարարությունների ու կոչերի ժամանակները: Այս առումով անհրաժեշտ է հետեւողական աշխատանք տանել:
Կարդացեք նաև
Քաղաքակիրթ աշխարհից, արեւմտյան համամարդկային արժեքների կրող երկրներից ու կառույցներից մեր սպասելիքներն, իհարկե, տեղին են ու միանգամայն արդարացված: Բայց այս ամենի հետ մեկտեղ մոռացվում է մեկ այլ կարեւոր հանգամանք:
2013-ի սեպտեմբերի 3-ից առաջ իշխանությունները, ռուսական ազդեցությանը հավատարիմ «փորձագետները» միաբերան մի բան էին պնդում` ԵՏՄ-ի անդամակցությունը կերաշխավորի Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունը, նույնիսկ ավելին` պատերազմի բռնկման հնարավորությունը կնվազեցնի:
Վերջին ամիսների հայտնի դեպքերը` հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարումը, նոյեմբերին հայկական ուղղաթիռի խոցումը, անընդմեջ դիվերսիոն գործողությունները ադրբեջանական կողմից պատերազմի բռնկման վտանգը մեծացրել են առավել քան երբեւէ:
Վերհիշենք ամենաթարմ օրինակները: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային եւ արեւելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկեց դիվերսիոն հետախուզական երկու գործողություն, եւ հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվեցին զինծառայողներ Կարեն Գրիգորյանը եւ Մկրտչյանը:
Հունվար 11-ին Ղազախի շրջանի Ղուշչի-Այրումի հենակետերից գնդակոծության հետեւանքով զոհվեց Ոսկեվանի բնակիչ, 1935թ. ծնված Հրանտ Սարգսյանը, որը հովվության էր գնացել: Այս դեպքից հետո փակվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնել էր, որ ադրբեջանցիների գնդակոծությունից վնասվել է գյուղի երկու առանձնատուն, գնդակները վնասել էին պատերը, պատուհանների շրջանակները, ջարդել դրանց ապակիները: Ադրբեջանական գնդակոծության հետեւանքով փակվեց նաեւ Վազաշեն-Պառավաքար ճանապարհը:
Օրերս տեղի է ունեցել մեկ այլ ցնցող փաստ: Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում դիտարկում իրականացնող ԵԱՀԿ դիտորդների ուղղությամբ կրակոց է արձակվել։ Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ կրակը արձակվել է ադրբեջանական կողմից։ Դիտարկումը կատարվում էր Հադրութի ուղղությամբ, դրա համար երկու կողմերի միջեւ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ըստ պաշտոնական Ստեփանակերտի` երբ դիտորդները դուրս են բերվել առաջնագիծ, ադրբեջանական կողմից արձակված կրակոցի պատճառով ԵԱՀԿ ներկայացուցիչները որոշել են դադարեցնել դիտարկումը։ Պաշտոնական Բաքուն, ինչպես մնացած դեպքերում, մեղադրում է հայկական կողմին` պնդելով, թե կրակը արձակվել է հայկական կողմից։
Այսինքն՝ բանը հասել է նրան, որ ադրբեջանական կողմը դիտորդական առաքելություն իրականացնողների նկատմամբ է արդեն գործողություններ իրականացնում: Սա լուրջ հարված է առհասարակ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացին, որն առանց այն էլ Բաքվի քաղաքականության արդյունքում պարբերաբար հայտնվում է փակուղում, եւ միջնորդ երկրներից մեծ ջանքեր են պահանջվում կողմերին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջը ու գոնե հորդորել նրանց շփման գծում լարվածությունը մեղմացնել:
Հիմա հարց` ինչո՞ւ Հայաստանի «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը չի ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ այն դեպքում, երբ արդեն Հայաստանի Հանրապետության բնակավայրերն են գնդակոծվում ու խաղաղ բնակիչներ սպանվում:
«Մոսկվայի բիզնեսը» Ալիեւի հետ եւ զենքի բազմամիլիարդանոց գործարքները Ադրբեջանի հետ` մի կողմ: Հետաքրքիր է` ի՞նչն է խանգարում, որ մեկ անգամ առաջինը ռուսական կողմից նախաձեռնություն լինի, որեւէ դատապարտող հայտարարություն տարածվի, եւ ցանկալի է, որպեսզի ամրագրվի, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններն արդեն լուրջ մտահոգության տեղիք են տալիս:
Գուցե Մոսկվան ծանրակշիռ պատճառնե՞ր ունի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող Հայաստանի, ինչպես նաեւ Ղարաբաղի նկատմամբ Ալիեւի ձեռնարկած սադրիչ գործողությունների ու ցինիկ քաղաքականության վրա աչք փակելու:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
16.01.2015
Հարգելի Էմմա, մինչ երկու երկրների քաղաքականության վերլուծմանը, լավ կլիներ մասնաքկցեիք Սարգսյան-Պուտին հանդիպմանը, ծանոթանայիք բուն հարցին և նոր անեիք եզրակացություններ և ներկայացնեիք պահանջներ: Մի պղտորեք առանց այդ էլ չկողմնորոշված ժողովուրդի մտքերը: