Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա միջազգային որեւէ նորմ, որը ՌԴ-ին պարտադրի իր քաղաքացուն՝ Պերմյակովին հանձնել այլ երկրի»

Հունվար 17,2015 16:30

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանդի ենթարկած եւ արդեն իր հանցանքը խոստովանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով քանի օր է` բողոքի լայնամասշտաբ ակցիաներ են տեղի ունենում: Երեկ Գյումրիում իրավիճակը ծայրահեղ լարված էր, բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների շրջանում մեկ տասնյակից ավելի վիրավորներ են եղել, ինչպես նաեւ ձերբակալվածներ: Ակցիայի մասնակից հանրությունը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից պահանջել է, որպեսզի վերջինս Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազից պահանջի Պերմյակովին հանձնել հայկական իրավապահներին:

Ի՞նչ է նախատեսում հայկական եւ միջազգային իրավունքը, արդյոք հնարավո՞ր է իրականացնել հայ հանրության պահանջը:

«Առավոտի» հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ Արա Ղազարյանն ասաց, որ եթե մի պետություն իր քաղաքացուն վերցրեց ու պահեց իր տարածքում, սրան արդեն հետադարձ ուժ հնարավոր չէ տալ. «Չկա միջազգային որեւէ նորմ, որը կարող է պարտադրել Ռուսաստանի Դաշնությանը հրաժարվել իր սահմանադրական արգելքից եւ իր քաղաքացուն հանձնել այլ երկրին»: Պարոն Ղազարյանի ներկայացմամբ՝ հանցագործի հանձնման մասին խոսք չկա, որովհետեւ ՌԴ Սահմանադրությունն է արգելում, մենք պետք է հարգենք այլ պետության սահմանադրական արգելքը: Եվ եթե այդ պետությունը չի կարող հանցագործին հանձնել, ապա պետք է աջակցի, օգնություն տրամադրի, որպեսզի հայկական կողմի քննիչները ներգրավվեն գործի ընթացքին, եւ պարտավորություն վերցնի, որ սպանության մասով օբյեկտիվ քննություն կիրականացվի, որ տուժողի իրավահաջորդները, տուժողները կունենան մասնակցություն: Պարոն Ղազարյանը նշեց, որ եղել են դեպքեր, երբ արտասահմանում կատարված հանցագործության համար Հայաստանը հրաժարվել է իր քաղաքացուն հանձնել այլ երկրի, բայց նրան քրեական հետապնդման է ենթարկել ու դատապարտել Հայաստանում:

Փորձագետի կարծիքով՝ Պերմյակովի դեպքում հնարավոր է կիրառել հետեւյալ մոդելը՝ հայ քննիչները զբաղվեն սպանության գործով, ռուս քննիչները՝ դասալքության մասով՝ կողմերի իրավական փոխօգնության սկզբունքով. «Իմ կարծիքով՝ մեր քննիչները գործը քննելու են, երբ գործը մտնի դատաքննության փուլ, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ռուսական ռազմաբազայի ներսում, դատավարությունը տեղի կունենա ռուսական դատարանի կողմից: Իմ կարծիքով՝ տուժողների իրավահաջորդները պետք է մասնակցեն դատավարության ընթացքին՝ որպես դատավարության մասնակից, եթե խոսքը վերաբերում է դատարանի մատչելիությանը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալուն, այսինքն՝ Սահմանադրությամբ տրված քաղաքացու երաշխիքներին, այս մոդելը կաշխատի»:

«Առավոտի» դիտարկմանը, որ հանրային բողոքի ալիքի պատճառներից մեկն էլ այն է, որ կասկածի տակ են դրվում ռուսական արդարադատությունն ու գործի քննության թափանցիկությունը, պարոն Ղազարայանն ասաց. «Ես մի կողմից՝ իրավունք չունեմ կասկածի տակ դնելու այն, ինչ պիտի կատարվի ապագայում, մյուս կողմից էլ՝ բոլորս էլ մտահոգություն ունենք, որ կարող է քննությունը չգնա այն ճանապարհով, որը մենք կկարողանանք կոչել արդար եւ արդյունավետ: Այս պահի դրությամբ ես տեսնում եմ, որ հանրային ճնշման ներքո հիմա ՌԴ իրավապահ մարմինները համագործակցում են հայկական նախաքննական մարմինների հետ: Իմ մտահոգությունն այն է, որ առաջին օրը, երբ փնտրում էին հանցագործին, օպերատիվ հետախուզական գործունեություն էր իրականացվում, ռուս զինվորներն իրավունք չունեին դա անելու: Դա ամրագրված է ՀՀ-ի տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրով: Նրանք կարող էին խնդրել հայկական կողմին, որ մեր կողմը օպերատիվ հետախուզական աշխատանքներ կատարի, որին կարող էին ներկա լինել իրենց զինվորական կոմիսարը, զորամասի հրամանատարը: Սա շատ կարեւոր հարց է, եթե զորամասի հրամանատարն է ներկա լինում, իրավունք չունի որեւէ իշխանություն կիրառելու, բայց երբ զինվորն է ավտոմատով փնտրում, դա արդեն գործադիր իշխանության կիրառում է, իսկ սա արդեն մեր ներքին գործերին միջամտել է: Մյուս կողմից էլ՝ իրավական հետեւանք չի առաջացել, որովհետեւ իրենք ասում են, որ Պերմյակովին գտել են սահմանի մոտ, բայց օպերատիվ հետախուզական արդյունքում են գտել, որի իրավունքը չունեին»:

Երեկ բախումներով ու ծեծկռտուքով տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիայի նպատակի իրականացմանն անդրադառնալով՝ պարոն Ղազարյանը նկատեց, որ արդյունքը կարող է լինել այն, որ ռուսական կողմն ավելի ու ավելի շատ համագործակցի մեր քննչական մարմինների հետ, եւ եթե ռուսական կողմին պետք է քննչական գործողություն կատարել Հայաստանի տարածքում, ապա խնդրի եւ ստանա դրա համար թույլտվություն, եւ հնարավորություն տա, որ մեր քննիչներն էլ հնարավորություն ստանան ռուսական կողմում՝ ռազմաբազայի ներսում գործողություն կատարելու. «Ռուսները շատ լավ հասկանում են՝ քանի որ կա հանրային ճնշում, հանրային մեծ դժգոհություն, ապա իրենք պետք է առաջնորդվեն միջազգային իրավունքի նորմերով եւ չսահմանափակեն մեր քննիչների աշխատանքները»:

Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո արված վստահությանը, թե՝ Պերմյակովը պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում, ապա պարոն Ղազարյանը նկատեց, որ Կոստանյանը Հայաստանի տարածք ասելով՝ նկատի ունի Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան. «Համաձայնություն է ձեռք բերվել, որ դատավարությունն անցկացվի զորամասի ներսում, սա Հայաստանի տարածքն է, փոխաբերական իմաստով ՀՀ տարածք ասելով՝ Կոստանյանը դա է նկատի ունեցել, այսինքն՝ նույնիսկ եթե ՌԴ օրենքներով այդ անձը դատվի ռազմաբազայի ներսում, գործով նյութերը, ապացույցները, միեւնույն է՝ ստացված են լինելու մեր քննչական մարմինների կողմից, գնահատական է լինելու մեր դատախազի կողմից: Կարեւորը, որ մենք մեր իրավապահների ներկայությունը ապահովենք այնտեղ: Եթե սա մենք տեղավորենք մարդու իրավունքների պրիզմայում, մարդու իրավունքների խախտում չի առաջանա, եւ եթե ապահովվի արդյունավետ իրավական մատչելիությունը դատական գործընթացին, մեր միջնորդությունները հարգվեն, չսահմանափակեն: Նրանք պետք է հասկանան, որ ցանկացած սահմանափակում առաջացնելու է հանրային դժգոհություն: Հարցը մտնելու է քաղաքական դաշտ: Միտինգները շատ կարեւոր են, որ ռուսական կողմը հասկանա՝ հավասարը հավասարի պես պետք է համագործակցի մեր իրավապահ մարմինների հետ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

16.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031