Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքների զարգացման ծրագրերում հաշմանդամություն ունեցող մարդկանց մոռացել են

Հունվար 17,2015 16:00

Այն համայնքներն էլ, որոնք հատուկ կարիքներով մարդկանց խնդիրները լուծելու ծրագրեր ունեն, թղթի վրա են մնում

«Համայնքի պատասխանատվություն չի նշանակում դեկտեմբերի 3-ին կամ որեւէ տոնի առիթով նվերներ բաժանել. սրանք ամենօրյա գործողություններ են, որ համայնքի պատասխանատուները պետք է անեն, որպեսզի համայնքը հասանելի լինի իր բոլոր բնակիչների համար: Ինչ ռեսուրս ունենք՝ լավ թե վատ, պետք է ծառայի համայնքի բոլոր բնակիչներին»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Սուրեն Մաղաքյանը, որը Լոռու մարզում գործող «Լիարժեք կյանք» հ/կ-ի ղեկավարն է: Կազմակերպության նախագահը, որը Լոռու մարզից բացի՝ աշխատում է նաեւ հանրապետության խոշոր այլ մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում եւ Արագածոտնում, եւս փաստում է, որ մարզերում հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցությունը համայնքային կյանքին գրեթե զրոյի է հավասարեցված. հենաշարժողական խնդիրներ ունեցող ոչ մի երեխա, որը տեղաշարժվում է սայլակի օգնությամբ, չի կարող որեւէ մշակութային միջոցառումից օգտվել, եթե դրանք կազմակերպվում են փակ հաստատություններում:

Շենք-շինություններն անմատչելի են: Չհարմարեցված միջավայրի պատճառով երեխաներն անգամ կրթություն ստանալու հնարավորությունից են զրկված: Շատերը դպրոց չեն գնում, չունեն ընկերներ, չեն հաճախում սպորտի կամ արվեստի խմբակներ եւ փակված են տանը՝ 4 պատերի արանքում: Հաշմանդամության պատճառով երեխաները նույնիսկ հայտնվում են մանկատներում: Այս մասին են փաստում նաեւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մասնագետները, որոնց ուսումնասիրության համաձայն՝ հաշմանդամություն ունեցող տղաների 5%-ը եւ աղջիկների 7%-ը երբեք դուրս չեն գալիս տանից կամ դուրս են գալիս միայն բժշկին այցելելու նպատակով: Հենաշարժողական, մտավոր կամ համակցված հաշմանդամության դեպքում երեխաներն ավելի քիչ են դուրս գալիս տանից:

Հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ը չունի ընկերներ, յուրաքանչյուր 3 երեխայից մեկը չի մասնակցում համայնքի միջոցառումներին (հարսանիքներ, տոնախմբություններ եւ այլն): ՄԱԿ-ի փորձագետները նաեւ պարզել են, որ հաշմանդամություն ունեցող տղաների 10%-ը եւ աղջիկների միայն 5%-ն են զբաղվում սպորտով:

Մինչդեռ մասնագետները գտնում են, որ հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել վաղ մանկությունից՝ իրենց ներուժն իրականացնելու եւ հասարակության լիիրավ անդամներ դառնալու հնարավորությունն ապահովելու համար:

Սուրեն Մաղաքյանի խոսքերով՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրերում անգամ հազվադեպ կարելի է հանդիպել այնպիսի գերակայությունների, որոնք վերաբերեն հաշմանդամություն ունեցող մարդկանց, մասնավորապես՝ երեխաների խնդիրներին, որով հնարավոր լինի նրանց ներառել համայնքի կյանք: Ըստ նրա՝ մարզերում կրթությունից դուրս մնացած երեխաներ շատ կան, քանի որ մարզերում հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներն ավելի սուր են. «Շատ քիչ համայնքների դեպքում էլ կգտնեք լավ գրված տողեր, բայց դրանք այդպես էլ թղթի վրա են մնում եւ իրականություն չեն դառնում: Ես չեմ տեսնում լուրջ քայլեր, որ այդ առումով մարզերում վիճակը բարելավվի»:

Արմավիրում անգամ հատուկ դպրոցը, որը նախատեսված է նաեւ հատուկ կարիքներով երեխաների համար, հարմարեցված չէ: Դպրոցը չունի թեքահարթակ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց այս մարզում գործող «Արեւի շող» հասարակական կազմակերպության ղեկավար Արտյոմ Սահակյանը: Ըստ նրա՝ ճիշտ է, ներկայումս սայլակով երեխա չի հաճախում այդ դպրոց, սակայն չի բացառվում, որ մի օր դպրոցը կունենա տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխա:

«Արմավիրում ես չեմ գտնում մի հասանելի վայր, Արմավիր քաղաքում չկա մի դպրոց, որն ունենա թեքահարթակ, առնվազն երեք աստիճան երեխային գրկած պետք է բարձրանան: Ընդհանրապես չկա մի տեղ, որ երեխաները ինքնուրույն կարողանան տեղաշարժվել: Մշակութային կյանքին, տարատեսակ միջոցառումներին մասնակցելու մասին խոսք անգամ լինել չի կարող, ծնողը չի կարող իր երեխային տանել, քանի որ ո՛չ հարմարեցված տրանսպորտ կա, ո՛չ էլ տեղաշարժման խնդիր ունեցող բոլոր երեխաները սայլակ ունեն: Օրինակ՝ 40 կիլոգրամանոց երեխային որեւէ մշակութային միջոցառման տանելու համար ծնողը պետք է սայլակ պատվիրի, եթե սայլակով հասնեն տվյալ վայր, ապա մշակութային օջախ մուտք գործելն է անհնար: Գոնե մեկ դեղատուն հասանելի չէ, որպեսզի ոչ թե ես խնդրեմ, որ գնան ինձ համար դեղ գնեն, այլ ես ինքս գնեմ»:

Արտյոմ Սահակյանի խոսքերով՝ երբ փորձել են մարզի պատասխանատուների առաջ բարձրացնել թեքահարթակների հարցը, մշտապես բախվել են խնդիրների:
Մեր զրուցակիցը գտնում է, որ այնքան անմատչելի միջավայրը չէ հաշմանդամություն ունեցող երեխաների՝ հասարակական կյանքից կտրված լինելու պատճառը, որքան իրազեկվածության պակասը. «Մարդիկ իրազեկված չեն իրենց իրավունքներից, բացի այդ՝ ծնողներն իրենք են թաքցնում իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին, ամաչում են, չեն ուզում, որ մարդիկ իմանան այդ մասին: Այդ կարծրատիպերից ծնողները պետք է ազատվեն միայն իրազեկված լինելով»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

16.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031