Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպքեր՝ բնակարաններում

Հունվար 17,2015 15:00

Ինչո՞ւ կոտրվածք ստանալիս չեն ուզում դիմել բուժհաստատություններ

Նոր տարվա տոնակատարությունների փոխադարձ այցելություններից, ուտուշ-խմուշի սեղաններից միակ դրականն այն է, որ մարդիկ ոչ միայն միմյանց են տեսնում, այլեւ փոխադարձաբար տեղեկանում են մեկը մյուսի առողջական վիճակին, լավ ու վատ օրերին, երբեմն էլ գլխներին եկած փորձանքներին, որ հեռախոսով չեն ցանկացել միմյանց իրազեկել: Հեռատեսներն արդեն գլխի ընկան, թե ի՞նչ խնդիր կարող է լինել, որ խուսանավում են հեռախոսով փոխանցելուց: Կիսելով կամ չկիսելով նրանց վախերը՝ անցնեմ բուն նպատակիս: Այս տոնական հավաքներում ինձ համար հստակ ընդգծվեց, որ իրենց բնակարանում ոտք կամ ձեռք ջարդած տարեցներն անգամ խուսանավում են բժշկի գնալ ու անհրաժեշտ բուժումը ստանալ եւ գերադասում են հարեւան Վարդիշաղի կամ Մանուշակի ծանոթ հեքիմին դիմել, քան գնալ հիվանդանոց կամ պոլիկլինիկա… Ինչո՞ւ, կզարմանա ընթերցողը … ես էլ էի ցարմացած, քանի դեռ վերջին մի քանի տարիների ընթացքում ոտք կամ ձեռք ջարդած իմ ծանոթների պատմածները չբերեին այն համոզմունքին, որ ստորեւ կշարադրեմ: Բոլորս էլ քաջ գիտենք, որ հիմա, քան երբեւէ, ավելացել են խուլիգանական արարքները, չնայած բնակչության թվի կտրուկ նվազմանը:

Մեկ -մեկ, երբ համապատասխան պաշտոնյաները խոսում են մեզանում այս կամ այն հանցագործությունների թվի կրճատման մասին, ես միշտ բարձրաձայնում եմ՝ իհարկե, պետք է կրճատվեն, քանզի բնակչության թիվն է կրճատված: Ինչեւէ…Բնական է, ուրախ ենք, հասկանում ենք, որ վերջույթների որեւէ կոտրվածքի ժամանակ ոստիկանության ցուցաբերած աչալրջությունն անհրաժեշտ է, անխուսափելի է, բայց այն չպետք է հասնի այն աստիճանի, որ այսուհետ ջարդվածք ունեցող մարդը խուսափի բժշկին դիմելուց, քանզի բժշկից առավել ուշադիր դառնում է ոստիկանը, ինչն էլ երբեմն չի բխում հիվանդի շահերից, ավելին՝ սկսվում է անարվեստ բլիթ թխելու գործը, մեկիկ-մեկիկ ոստիկանություն են կանչվում տուժածն ու նրա հարեւաններն ու հարազատները:

«Ո՞նց դիմեմ բժշկին, երբ ոստիկանն ավելի շուտ է գալիս, հետո էլ բազմիցս տանելու-բերելու է իմ ջահելին, առանց այն էլ տղաս է ինձ խնամում, օգնում, անհրաժեշտ ծախսերն անում, այնքան անհամ հարցեր կտան, որ մարդու գլխի խաչը կթռնի, բայց մենք հայեր ենք, ունենք մեր ավանդապահ ընտանիքները, հետո ինչ, որ հիմա ինչ-որ եվրոպական արժեքների հետեւից են ընկել եւ անառողջ մտածողությամբ ամեն ինչ ենթադրում են, ծաղկեցնում ու գեհենի վերածում առանց այն էլ մեր դժվարին կյանքը»,- դժգոհեց արգավանդցի Լուսիկ տատը, փաստելով, որ ոտքը կոտրելու պատճառով արդեն 3 անգամ ոստիկան է եկել իրենց տուն, մի քանի անգամ էլ տնեցիներին են հրավիրել ոստիկանություն, մինչդեռ անցյալ տարի, երբ իրենց գոմից 8 կով են գողացել (2-ն էլ՝ հղի), ոստիկանությունն այս աչալրջության կեսն էլ չցուցաբերեց, եկավ 1 անգամ տեղազննություն անցկացրեց, գողերն ու գողոնն էլ չհայտնաբերվեցին:

2014 թ. ամռանը, Գեղարքունիքի մարզի Այրիվանք համայնքի իրենց ամառանոցում որդու եւ հարազատների հետ հանգստացող մանկավարժ Հասմիկ Մաղաքյանն էլ պարելիս ընկավ եւ ձեռքը կոտրեց: Առաջին բուժօգնությունը ստացել էր Գավառում, այնուհետ Երեւանի Միքայելյանի անվան հիվանդանոցում: Նկարել էին, գիպս դրել: Ցավերը քիչ էին, մերթընդմերթ այցելում էին Քանաքեռ-Զեյթուն վարչական միավորի ոստիկանությունից տարբեր քննիչներ, զանգում էին Երեւանի եւ Գավառի քաղաքային ոստիկանությունից: Հասմիկը մի քանի անգամ բացատրություն էր գրել այն մասին, որ իրեն ոչ մեկը չի հրել, չի վնասել կամ ոտքին կանգնել, որ նա իր կամքով պտտվելիս (ոչ ոք չի պտտել) անզգուշորեն կորցրել է հավասարակշռությունն եւ ընկնելիս՝ փորձել է ձեռքերով կանխել անկումը, ինչն անհաջող է ստացվել եւ ինքը կոտրել է ձեռքը:

«Որ ուզենայի, ներկաներից ցանկացածի գլխին կարող էի սարքել»,- ասաց տիկին Մաղաքյանը՝ մի օր հերթական բացատրությունը գրելուց հետո:

Մեզ մնում է նման պարագայում անսալ շրջապատի նկատմամբ տուժողի բարյացակամ վերաբերմունքը: Ինչո՞ւ, պատասխանը պարզ է:

Այս Նոր տարվա շեմին Սեւանի գյուղերից մեկում անհարմար դիրքում կանգնած, առանց վարորդի մարդատար մեքենան հետընթաց էր ունեցել եւ 23- ամյա երիտասարդը մնացել էր 2 մարդատար մեքենայի արանքը: Բախտի բերմամբ, կարծես կոտրվածք չէր եղել, այդուհանդերձ, ծնողների թախանձագին խնդրանքին՝ գնալ, ցույց տալ բժշկին, ռենտգեն նկար անել, առաջին առարկողը տուժողն էր. «Ի՞նչ եք ուզում լինի, որ իսկականից կոտրվի՞»:

Ի՞նչ ենք ուզում ասել՝ հարգելի հարազատ օրինապահնե՛ր, անչափ շնորհակալ ենք ձեր ուշադրության, նվիրվածության, աչալրջության համար, շնորհավորում ենք ձեզ՝ անցած բոլոր տոների առթիվ, բարի ծառայություն ենք մաղթում եւ խնդրում, որ պապից ավելի կաթոլիկ չդառնաք:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031