Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վախենում եմ՝ կրթությունը ներկայանա որպես շոու»

Հունվար 17,2015 14:30

Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման հետեւանքների մասին

Երեւանի պետհամալսարանի դասախոս, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորումն անհրաժեշտ գործիք է կրթության որակի համար, բայց՝ երկրորդական գործիք է, որովհետեւ, նրա խոսքով, հատկապես հանրակրթության մեջ ամենակարեւոր բաները հնարավոր չէ չափել: «Մենք շատ հաճախ ֆիքսվում ենք այն ամենի վրա, ինչը հնարավոր է չափել, իսկ ինչը չափելի չէ, բայց շատ ավելի կարեւոր է, դուրս է մնում մեր ուշադրությունից: Օրինակ, վարկանիշավորման մեջ չափում ենք, թե քանի երեխա է օգտվել դպրոցի գրադարանից, բայց դա երկրորդական բան է, կարեւորն այն է, թե ի՞նչ գրքեր են կարդացել երեխաները եւ արդյոք կարդացե՞լ են: Աշխարհի շատ երկրներում վարկանիշավորումը հարաբերական բան է, եւ դրա հիման վրա որոշումներ չեն կայացվում: Եթե վարկանիշավորման հիման վրա որոշումներ ես կայացնում, կորցնում ես մեծ պատկերն ու ընկնում մանր բաների հետեւից: Մի խոսքով, դրսում ընդունված է, որ վարկանիշավորումը ընդամենը պետք է կողմնորոշիչ դեր ունենա, ու դրա հիման վրա քաղաքականություն փոխելը վտանգավոր է ու ռիսկային»,-ասում է Սերոբ Խաչատրյանը: Կրթության փորձագետի ձեւակերպմամբ. «Վարկանիշավորման պարագայում Հայաստանում մի խնդիր կարող է լինել, ինչն արդեն առկա է, դա ցուցադրականությունն է, մեր կրթական մշակույթում ընդունված է՝ մարդիկ կան, ովքեր ավելի շատ ոչ թե աշխատում են, այլ ծանրանում են ցույց տալու վրա, կարեւորվում է ոչ թե միջոցառման որակը, այլ որ միջոցառումն անցկացվի ու նկարները Ֆեյսբուքում կամ դպրոցի կայքում տեղադրվեն: Նույն վարկանիշավորման մեջ կա այսպիսի մի պարամետր՝ աշակերտական խորհուրդը քանի՞ միջոցառում է անցկացրել: Մի դպրոցում կարող է 50 անիմաստ միջոցառում անցկացվել, մեկ ուրիշ դպրոցում աշակերտական խորհուրդը մեկ կարեւոր խնդիր լուծի, բայց վարկանիշավորման համակարգով ստացվի, որ առաջին դպրոցը ավելի լավ է աշխատում, քան երկրորդը, որի աշակերտական խորհուրդը, ասենք, դպրոցի կամ համայնքի կարեւոր խնդրի մեջ քաղաքացիական ներդրում է արել: Ընդհանրապես կրթության մեջ կարեւոր է սուսուփուս, գլուխը կախ աշխատող մարդու կերպարը քարոզել, ոչ թե այն մարդու, որը շոուներ է անում կամ կեղծ թվեր է ցուցադրում: Ես վախենում եմ, որ վարկանիշավորման համակարգը հենց այդ մշակույթն ավելի խրախուսի, կրթությունը ներկայանա որպես շոու, ցուցադրականություն»:

Մասնագետը մտահոգված է հատկապես ԿԳ նախարարի՝ վարկանիշավորման համակարգի 2014-ի արդյունքների հրապարակման օրն արած այն հայտարարությամբ, թե լավագույն դպրոցները խրախուսվելու են. «Այդտեղ լուրջ խնդիր կա: Ընդհանրապես աշխարհում փորձում են օգնել թույլ դպրոցներին… Կա երկու հասկացություն՝ կրթություն եւ հանրակրթություն: Կրթությունն այն մարդկանց համար է, որոնք ուզում են սովորել, իսկ հանրակրթությունը նշանակում է կրթություն բոլորի համար: Եվ եթե մենք ուժեղներին ենք օգնում, դրանով կարող ենք նպաստել հասարակության միայն մի մասի կրթությանը, բայց հանրակրթության առումով կկորցնենք: Ուժեղին խրախուսելը չի բերում նրան, որ թույլն ավելի լավ աշխատի, ընդհակառակը, թույլն ավելի է թուլանում, մի քիչ էլ նեղանում է, խռովում է, սկսում է ասել, որ անարդար է վարկանիշավորումը: Հանրակրթության տեսանկյունից ճիշտ է թույլերին օգնելը, որպեսզի լավանա հասարակության որակը, որովհետեւ եթե հասարակության 20 տոկոսը լավ կրթություն ունի, 80-ը՝ վատ, դա հասարակության համար վտանգ է ներկայացնում: Այնպես որ, եթե այս վարկանիշավորումով պետք է ուժեղներին խրախուսենք, դրանով կխրախուսենք անջրպետը եւ հասարակության մեջ առկա բեւեռացումն ավելի կսրենք: Ենթադրենք՝ մեր դպրոցը վատն է ցուցանիշով, վերջին տեղերում է, արդյոք մենք ունե՞նք ռեսուրս վատ վիճակը լավացնելու, ի՞նչ պետք է անենք դրա համար: Ցավոք, Հայաստանում դպրոցները ո՛չ տնօրեն ընտրելու հարցում ազատություն ունեն, ո՛չ ուսուցիչ նշանակելու հարցում, ոչ էլ ֆինանսական ռեսուրսների են տիրապետում: Դպրոցներից շատերը նույնիսկ դասղեկներին չեն կարողանում վճարել: Այսինքն՝ պարզ չէ, թե դպրոցը ինչ ռեսուրսով պետք է փոխվի»: Սերոբ Խաչատրյանը ընդունում է, որ մարզերում լավ դպրոցներ կան, հատկապես Վանաձորն ու Գյումրին հանրակրթական հրաշալի ցուցանիշներ ունեն, բայց նրա խոսքով, դա չի նշանակում, թե անհամաչափություններ չկան:

Կրթության փորձագետը գտնում է,. որ վարկանիշավորման հետ կապված պետք է զգույշ լինել նաեւ այն առումով, որ մարդիկ դա չդիտեն որպես պատժիչ մի բան: Մեր զրուցակիցը տպավորիչ օրինակներ բերեց՝ առանց անուններ նշելու. «Օրինակ, մի գյուղի երկու դպրոցներն էլ մոտիկից գիտեմ: Ըստ վարկանիշավորման՝ նույն գյուղի մի դպրոցը 60-րդ տեղում է հայտնվել, մյուսը՝ երկուհարյուրհիսունքանիերորդ: Չեմ կարծում, որ դրանց միջեւ այդքան ահռելի տարբերություն կա: Կամ՝ ըստ անցյալ տարվա ցուցանիշների, կար դպրոց, որն իր աշակերտների արդյունքներով լավագույն հնգյակում էր, բայց ուսուցիչների որակով՝ 80-90-րդ տեղում: Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Հարց է առաջանում՝ աշակերտներն այդքան լա՞վն են: Պատասխանը գուցե գտնենք նրա մեջ, որ ծնողներն են ծախսեր անում, որպեսզի երեխաների արդյունքները լավ լինեն, բայց այստեղ լիքը հարցեր կան… Մի բան էլ՝ տնօրեններին լավ իմանալով, գիտեմ, որ որոշները չեղած բանից ճոխ թվեր «կկրակեն», տնօրեն էլ կա, որ լիքը գործ է անում, բայց չի սիրում երեւալ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Սերոբ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
16.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031