Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բալը թանկ է ու վերջ»

Հունվար 17,2015 13:00

Ասում է կրթության փորձագետն ու հավելում,
որ Հայաստանը չի գործում օրենքի սահմաններում

Օրերս հայտարարվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարի 1-ից ՀՀ պետբյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողների գիտական աստիճանի համար հավելավճարների չափը ավելացել է 25-30%-ով (գիտությունների դոկտորներինը՝ 50 000, թեկնածուներինը՝ 25 000 ՀՀ դրամ): Հիշեցնենք, որ 2014 թվականին այդ հավելավճարները 20 000 եւ 10 000 ՀՀ դրամ էին կազմում:

Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ, որի փոխանցմամբ՝ «Դեռեւս պատգամավոր եղած ժամանակ 2010 թվականին հայտարարությամբ եմ հանդես եկել, որը վերնագրել եմ «Կառավարության անգործությունը»՝ կապված գիտական կոչում ունեցող անձանց կենսաթոշակից բացի, հավելավճարը չստանալու հետ: Մանրամասնեմ, թե ինչի մասին է եղել խոսքը. ուրեմն 2000 թվականին Ազգային ժողովն օրենք է ընդունել գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին, որի 19 -րդ հոդվածի երրորդ կետով գիտական կոչում ունեցող անձանց, կենսաթոշակից բացի, նախատեսում էր նաեւ հավելավճար: Չնայած օրենքը որոշել էր, բայց մինչեւ 2010 թվականն այդ հավելավճարը չեն ստացել մեր գիտնականները, որովհետեւ վարչապետի հարց ու պատասխանի ժամանակ պարզվեց, որ չկան այն իրավական ակտերը, որոնք պետք է սահմանեն օրենքից բխող մեխանիզմներն ու այդ գործառույթները: Այսինքն՝ օրենքի ընդունումից տասը տարի հետո դեռ իրավական ակտ գոյություն չուներ: Հիմա, որքան գիտեմ, այս հավելավճարն արդեն երկու տարի է՝ տրվում է»: Անահիտ Բախշյանի փոխանցմամբ՝ այն ժամանակ գիտնականները. որոնք կենսաթոշակի էին անցել՝ վկայակոչում էին 2008 թվականի նոյեմբերի 28-ին ԱՊՀ երկրների ընդունած գիտնականների եւ գիտաշխատողների կարգավիճակի մասին մոդելային օրենքը, որը ստորագրել էր նաեւ Հայաստանը եւ որով պարտավոր էր նրանց աշխատավարձի 75-90 տոկոսի չափով ապահովել նաեւ հավելավճար:

«Հայաստանը կրկին չի գործում օրենքի սահմաններում, ավելին, միջպետական պայմանագրով ամրագրված նորմը չի կատարում»,- նշում է կրթության փորձագետը:
Ապա հավելում է. «Ես խոսում եմ կենսաթոշակի անցած գիտնականների մասին, որոնք կոչումներ ունեն: Անշուշտ, այդ գումարը չնչին է, եւ եթե երիտասարդ գիտնականն իր կոչումը ստացել է ճիշտ գործի համար, չմոռանանք, թե այսօր էլ ովքեր են գիտական կոչումներ ստանում, որոնց մեկ լումա էլ չարժե տալ, եւ կան իսկապես լավ մարդիկ, որոնց կարելի էր հազարապատիկը տալ»: Ըստ Անահիտ Բախշյանի, իրենց չի հետաքրքրում, որ գիտնականներին տրվող գումարները շատ չնչին են եւ լրիվ հակառակն են ապացուցում, այսինքն՝ «այն, որ մեզ ոչ գիտություն է պետք, ոչ էլ գիտնականներ, պարզապես ասում են՝ բալը թանկ է ու վերջ»:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը օրերս հայտարարեց, որ 2014-ին 250 միջազգային գործուղում է իրականացվել: Թե արդյոք նույնքան գործուղում, համագործակցության ծրագրեր կունենա՞նք այս տարի Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հետո, թեկուզ հենց ԵՏՄ երկրների գիտական աշխարհի հետ, Անահիտ Բախշյանը դժվարացավ պատասխանել:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031