Լրահոս
Օրվա լրահոսը

Նա պատվով անցավ կյանքի փոթորիկների միջով

Հունվար 17,2015 12:30

Վերջերս 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ գիտնական եւ մանկավարժ, ՀԽՍՀ Բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետի Հայրապետյանը՝ Վլադիմիր Կարպովիչը, ինչպես իրեն հիշում են եւ դեռ երկար տարիներ կհիշեն Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի իր գործընկերները եւ անթիվ-անհամար ուսանողները: Վ.Հայրապետյանը ծնվել է 1927թ. Նախիջեւանի ԻԽՍՀ Ջուլֆա քաղաքում, որտեղից 1930 թ. ընտանիքով տեղափոխվել է Երեւան: Դպրոցական տարիներին ցուցաբերելով փայլուն եւ բազմակողմանի ընդունակություններ՝ նա դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտ, իսկ այնուհետեւ տեղափոխվում է նոր բացված ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ եւ 1950թ. դառնում վերջինիս առաջին շրջանավարտներից մեկը: Թե՛ գերազանցության դիպլոմը եւ թե՛ դրա հիմքում ընկած խորը ակադեմիական գիտելիքների հարուստ պաշարը կանխորոշեցին Վ.Հայրապետյանի՝ մանկավարժի, գիտնականի հետագա մասնագիտական ուղին: Այդ առաքելությանը նա ծառայել է կես դարից ավելի՝ 1955թ. ԽՍՀՄ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան ավարտելուց եւ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց ի վեր:

1955թ. սկսած՝ Վ.Հայրապետյանի ողջ աշխատանքային ուղին կապված է եղել Վ. Բրյուսովի անվան ինստիտուտի/համալսարանի հետ, որտեղ նա աշխատել է սկզբում որպես լաբորանտ, ապա դոցենտ, պրոֆեսոր, տնտեսագիտության ամբիոնի վարիչ, այնուհետեւ ուսումնական գծով պրոռեկտոր: Այդ ուղին եղել է առավել քան բեղմնավոր, բայց ոչ անամպ. իր ողջ կյանքում Վ.Հայրապետյանին ուղեկցել եւ «խանգարել» է անդավաճան սկզբունքայնությունը՝ թե՛ որպես վարչական աշխատողի եւ թե՛ որպես գիտնականի: Որպես գիտնական կայանալով խորհրդային հասարակագիտության կոշտ գաղափարախոսական կապանքների պայմաններում՝ նա վեր էր ակադեմիական կարծրատիպերից: Իր գիտական աշխատություններում եւ հրապարակախոսական հոդվածներում նա առաջ էր քաշում տնտեսագիտական այդ տարիների համար այնպիսի հանդուգն գործնական դրույթներ, որոնց նշանակությունը եւ արժեքը գնահատելի են դառնում միայն ժամանակակից տնտեսական զարգացումների լույսի ներքո: Նա մտավորական էր այդ բառի անբիծ իմաստով. այն է` անտարբեր չէր աշխարհում եւ հատկապես իր կողմից անչափ սիրված Հայաստանում բոլոր իրադարձությունների հանդեպ: Նա չէր կարող եւ չէր ուզում լռել, հանդես էր գալիս մամուլում սուր, երբեմն անողոք հոդվածներով եւ դրանում տեսնում էր իր քաղաքացիական պարտքը: Նա զուսպ էր, բայց եւ զգացմունքային, խստապահանջ (առաջին հերթին ամենամտերիմների` իր որդու, երկու դստեր եւ յոթ թոռների նկատմամբ), միեւնույն ժամանակ հոգատար ամենքի հանդեպ: Նա պատվով անցավ կյանքի փոթորիկների միջով եւ վայելեց իրեն շրջապատող մարդկանց անսպառ սերն ու մնայուն հարգանքը:

«Առավոտ» օրաթերթ
16.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031