Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովին փոխանցելը քիչ է, ռուս բարձրաստիճան պաշտոնյաները պետք է Հայաստանում ներողություն խնդրեն. Москоовский комсомолец

Հունվար 16,2015 19:24

Եթե ես հիմա Մոսկվայում լինեի, ապա անպայման ծաղիկներ կտանեի Հայաստանի դեսպանատան մոտ՝ ի հարգանք Գյումրու զոհված ընտանիքին, «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթում գրում է լրագրող Սերգեյ Գոպոնովը՝ «Ներիր, Հայաստան» հոդվածում:

«Չգիտեմ, թե արդյոք այնտեղ [Հայաստանի դեսպանատան մոտ] դրված են ծաղիկներ, վառվում են մոմեր: Իսկ եթե ո՞չ: Պարզապես ոչ ոք, ոչ մի ռուսական լրատվամիջոց չի հաղորդում այդ դեպքի մասին: Շատ անարդարացի բան է ստացվում: Երբ Փարիզում ահաբեկիչները 12 հոգու սպանեցին, մարդիկ գնացին Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, նրանք անկեղծորեն ցավակցում էին զոհվածների ընտանիքներին, նրանց անընդհատ ցույց էին տալիս հեռուստատեսությամբ: Իսկ այս դեպքում. կարծես ոչ ոք չգիտի Գյումրու մասին», – գրում է Գոպնովը՝ հարցադրելով, թե գուցե պատճառն այն է, որ մահացածները հայեր են, ոչ թե ֆրանսիացիներ, – «Կամ գուցե, որքան էլ դաժան հնչի, մահացածների թի՞վն այն չէ՝ վեց հոգին է քիչ: Կամ էլ խնդիրն ա՞յլ է: Այն, որ մարդկանց են սպանել ոչ թե միջազգային ահաբեկիչները, որոնց դեմ համաշխարհային պայքար է ընթանում, այլ ինչ-որ 18 տարեկան տականք»:

Լրագրողը Գյումրու ողբերգությունը, որտեղ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ընտանիքի 6 անդամների է սպանել ու վիրավորել 6 ամսական երեխայի, համեմատել է 2012թ. Ղազախստանի սահմանային «Արկանկենգեն»-ի դիրքերում տեղի ունեցած ոճրի հետ, երբ շարքային Վլադիսլավ Չելախը գնդակահարել էր իր ծառայակիցներին և հարևանությամբ ապրող որսորդին՝ սպանելով 15 հոգու.

«Հետաքննիչները եկան այն եզրակացության, որ զինծառայողների միջև հարաբերությունները ոչ կանոնադրային էին, և շարքային Չելախի մոտ «գիտակցության մթագնում է» եղել: Չի բացառվում, որ Գյումրու սպանդի դեպքում ևս այդպիսի կամ նման պատճառներ արձանագրվեն», – գրում է հեղինակը՝ նշելով, որ «Չելախ»-ի գործում բոլորը՝ և՛ զոհվածները, և՛ մարդասպանը, Ղազախստանի քաղաքացիներ էին, նույնը չէ այս դեպքում, որը կապված է «երկու բարեկամ երկրների հարաբերությունների հետ՝ Ռուսաստանի և Հայաստանի»:

Գոպնովը գրում է, որ եթե Պերմյակովին փոխանցեն հայ իրավապահներին, այն ոչ մի վայրկյան չի արտահայտի Ռուսաստանի թուլությունը, այլ՝ ընդհակառակը.

«Կասկած չունեմ, որ կհայտնվեն մարդիկ, որոնք Ամերիկան մեջտեղ կբերեն, ինչպես հիմա շատ ընդունված է մեզ մոտ՝ թե Աֆղանստանում կամ Իրաքում խաղաղ քաղաքացիներին սպանած ամերիկացի զինվորականներին ԱՄՆ-ում են դատում, ուրեմն մենք էլ մերոնց չպետք է հանձնենք», – շարունակում է հոդվածագիրը, – «Իսկ ես կարծում եմ, որ այդպիսի «մերոնց» կարելի է հենց հանձնել: Ու նույնիսկ պետք է: Մանավանդ, եթե խոսքը եղբայրական ժողովրդի և դաշնակից պետության մասին է, որովհետև եթե այդպես չանենք, ապա Ռուսաստանը կարող է կորցնել ոչ թե անմարդկային մարդասպանին, այլ իր մերձավոր երկրին»:

Սակայն Պերմյակովին Հայաստանի փոխանցելը քիչ է, շարունակում է նա՝ առաջարկելով ներողություն խնդրելու համար Հայաստան մեկնեն ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, քան ՊՆ փոխնախարարը, որն իրավասու էլ չէ ներողություն խնդրելու պետության անունից:

«Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հանդիպեն և՛ նախագահի, և՛ մարդկանց հետ: Բառեր գտնեն: Եվ ոչ միայն: Ռուսական զինվորական համազգեստ կրող անձի ձեռքով սպանվածների հարազատները մինչև կյանքի վերջ պետք է Ռուսաստանից նպաստ ստանան: Եվ, ի վերջո, դեսպանատան մոտ պետք է մարդիկ գնան, այնտեղ պետք է ծաղիկների լեռներ գոյանան ու մոմեր վառվեն: Սա արդեն պետության համար չէ, սա արդեն մեզ բոլորիս համար է»:

«Եվ այդ ժամանակ մենք կդադարենք կորցնել մեր ընկերներին: Մարդկանց և պետություններ: Եվ այդ ժամանակ ես կտեսնեմ, որ իմ Ռուսաստանը իրոք գերտերություն է»:

«Իսկ այժմ, ես ներողություն եմ խնդրում հայերից: Եղբայրնե՛ր, ներեցեք ինձ» :

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խիղճ ու պատիվ ունեցող մարդու խոսքեր են;

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031