Լրահոս
Օրվա լրահոսը

էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է

Հունվար 16,2015 18:45

Երևանն ընդգրկվել է լավագույն էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների հնգյակում: Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի Ռութգերսի համալսարանի հանրային հարաբերությունների եւ վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից, որը, 2003 թվականից սկսած, վեցերորդ տարին անընդմեջ իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ` աշխարհի խոշոր քաղաքների էլեկտրոնային կառավարման հնարավորությունների գնահատման նպատակով:

Վերջին հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են աշխարհի 100 երկրների խոշոր քաղաքների քաղաքապետարանների էլեկտրոնային կառավարման համակարգերը՝ ըստ օգտվելու մատչելիության, համակարգերի բովանդակության, առաջարկվող ծառայությունների, տվյալների պահպանման գաղտնիության, ինչպես նաև քաղաքացիական եւ սոցիալական ակտիվության չափորոշիչների:

Հետազոտության արդյունքում առաջատարը Սեուլն է, որին հաջորդում են Նյու Յորքը, Հոնկոնգը և Սինգապուրը: Հինգերորդ տեղում Երևանն է: Լավագույն տասնյակում ընդգրկված քաղաքների շարքում Երևանին համապատասխանաբար հաջորդում են Բրատիսլավան, Տորոնտոն, Շանհայը, Դուբայը և Պրահան:

Հարկ է նշել, որ համանման նախորդ հետազոտության ժամանակ Երևանի քաղաքապետարանը էլեկտրոնային կառավարման հնարավորություններով զբաղեցրել էր 19-րդ հորիզոնականը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Rutgers պէտք է թարգմանել ՌԱԹԳԵՐՍ: Անգլերէն արտասանութիւնն է /ˈrʌtɡərz/ (IPA)

    Սա աշխարհահռչակ համալսարան է: Ուստի ինչպէ՞ս անել, որ նման պարզ իրավիճակներում չվրիպենք:

    Ա. Փնտրել Վիքիպեդիայում
    Բ. Փնտրել Գուգլում

    Գ. Forvo.com կայքը շատ օգտակար միջոց է տարբեր բառերի արտասանութիւնն իմանալու համար (բազմաթիւ լեզուներով): Խորհուրդ եմ տալիս յաճախ օգտուել:

    Ահա, խնդրեմ՝ լսէք բառի արտասանութիւնը՝

    https://www.forvo.com/search/rutgers/en/

  2. Մարգար Մախսուդյան says:

    Երևի այդ բարձր հորիզոնականը շնորհել են, հաշվի առնելով նաև աղբահանության վարձի մերօրյա-քարեդարյա գանձումը: Այն հնարավոր չէ այլևս վճարել ոչ ՛՛Հայփոստ՛՛, ոչ Telcell, ոչ էլ այլ՝ տարածում ունեցող և հարմար համակարգերի միջոցով, բացի այդ, այնպես են խուճուճապատել, որ նույնիսկ կառավարության կողմից ներդրված iDram-ով մուծելիս անգամ, հնարավոր չէ իմանալ վարձ վճարողի հաշվի ընթացիկ հաշվեկշիռը, իսկ եթե հարց ուղղեք քաղաքապետարան կամ վարչական շրջան, ձեզ կուղարկեն…, գիտե՞ք ուր, ճիշտ է՝ Համատիրություն, որտեղ դեռևս գործում են սովետական ժամանկներից մնացած վճարման չեկեր և համակարգչի հոտ էլ չի գալիս: Դե գնա ու պարզիր, թե ով ում է պարտք և որքան: Իսկ դուք ասում եք լավագույն էլեկտրոնային կառավարո՜ւմ, չգիտեմ ի՜նչ… Անհարմար է ուղղակի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031