Հունվարի 12-ին Գյումրիում ոճրագործի ձեռքով դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորության օրը՝ հունվարի 15-ին, Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում մեծաթիվ մարտունեցիներ էին հավաքվել:
Թեեւ հոգեհանգստի պատարագը սկսվելու էր ժամը 13-ին, սակայն առավոտից արդեն իսկ մարդիկ խումբ-խումբ ինքնաբուխ գալիս էին զոհերի հիշատակը մոմավառությամբ հարգելու եւ վեց ամսական Սերյոժայի կյանքի փրկության համար աղոթելու: Հոգեհանգստի ժամերգությամբ Ավետիսյանների ընտանիքի 6 նահատակների հիշատակը ոգեկոչելուց հետո Մարտունու հոգեւոր հովիվ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը ներկաների հետ աղոթեց ոճրագործության զոհերի հոգիների հանգստության եւ կենացմահու սահմանագծին հայտնված փոքրիկի առողջության համար: Միմյանց ցավակցելով՝ պատարագի ու մոմավառության մասնակիցները նաեւ իրենց ցասումն արտահայտեցին անմարդկային ոճիրի հանդեպ:
Կարդացեք նաև
«Ասպարեզի» հետ զրույցում նրանցից ոմանք նաեւ կարծիք հայտնեցին, որ, անկախ տարաբնույթ, հաճախ նաեւ իրարամերժ իրավական հիմնավորումներից, հանցագործության մեջ կասկածվող ռուս զինվորը պետք է հանձնվի հայաստանյան արդարադատությանը:
Հեղինակ` Վրույր Մալխասյան
«Ասպարեզ»