Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եմ, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը մատների արանքով չեն նայի Գյումրու դեպքերին». Իրինա Գասպարյան

Հունվար 16,2015 17:49

«Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը պետք է անպայման դատապարտվի, սակայն այս դժվար պահին բոլորս պետք է զսպվածություն դրսևորենք, մեզ «երկրորդ Ուկրաինա» պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը՝ կատարվածի առթիվ ցավակցություն հայտնելով ողջ հայ ժողովրդին:

«Ես վստահ եմ, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ռուսաստանը մատների արանքով չեն նայի գործին, անհրաժեշտ լրջություն կցուցաբերեն դրան, և Վալերի Պերմյակովից բացի, կպատժվեն նաև մյուս մեղավորները: Ես, առհասարակ, ինքնադատաստանի կողմնակից չեմ, և կարծում եմ, որ հետաքննությունն ամեն ինչ կպարզի»,- ասաց Իրինա Գասպարյանը:

Երևանում հունական «Պոնտի» ՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին ևս զսպվածության կոչ արեց. «Ժողովուրդն այսօր ոտքի է ելել, և նրա պահանջն արդար է: Բայց բոլորս էլ տեսնում ենք՝ ինչ ցավալի դեպքեր են լինում Գյումրիում՝ ընդհարումներ ոստիկանների հետ, որի արդյունքում մեր ժողովուրդն է տուժում, մեր ոստիկանը, մեր քաղաքացին: Ասում են՝ ժողովուրդը զայրացել է, որ ռուսն է արել, և ռուսի դեմ է դուրս եկել: Դա այդպես չէ: Նա ավելի շատ մեր կառավարության անկարողությունից է զայրացած: Խնդիրն այստեղ այն է, որ մենք չենք կարողանում Հայաստանում դատել օտարերկրացուն՝ մեր երկրում հանցագործություն կատարելու համար»,- ասաց Ն. Նիկոլայիդին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ գյումրեցիների պահանջն արդար է: Սակայն, ըստ նրա, պետք չէ, որ գազանություն դրսևորած մեկի պատճառով հայերը միմյանց հետ ընդհարվեն:

Արձագանքելով դիտարկմանը, թե արտասահմանյան մամուլում տեղ են գտնում հրապարակումներ, ըստ որոնց՝ հայերը շովինիստ են, Իրինա Գասպարյանն ասաց, որ ի պատասխան նման հայտարարությունների՝ իրենք՝ ասորական համայնքի ներկայացուցիչները, ամեն անգամ ասում և ապացուցում են բոլորին, որ հայերն ամենևին էլ ազգայնամոլ չեն, իսկ Հայաստանը ժողովրդավար երկիր է:

Նշենք, որ ասուլիսին նախատեսված էր նաև Հայաստանում «Ռոսիա» ՀԿ նախագահ Յուրի Յակովենկոյի մասնակցությունը, սակայն վատառողջ լինելու պատճառաբանությամբ նա չէր ներկայացել:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031