Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «Գլխավոր դատախազն իրեն պահում է Շարմազանովի նման»

Հունվար 16,2015 17:47

Գյումրիում կատարված հանցագործությունից հետո ամենաէական հարցերից է, թե ի վերջո ո՞ր երկրի` ՀՀ-ի, թե՞ ՌԴ-ի օրենսդրությամբ գործը պետք է քննվի, որի հստակ պատասխանը մինչև այժմ չի հնչել: Այն անձինք, որոնք կարծում են, թե գործը պիտի ՀՀ օրենսդրությամբ քննվի, հղում են կատարում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող «ՀՀ-ի տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրի 4-րդ հոդվածին:

Այս համաձայնագիրը 1990-ականներին է վավերացվել, երբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հովհաննես Իգիթյանն էր: Aravot.am-ի հետ զրույցում նա հիշեց. «Սկզբից ՀՀ-ն ստորագրել է ՌԴ ռազմական ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիր, որը ստորագրվել էր ՀՀ նախագահի կողմից և բերվել ԱԺ վավերացման: Մեր հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հենց այն պատճառով, որ ըստ դրա` զինվորականներն ունեին գրեթե դիվանագիտական կարգավիճակ»:

Պարոն Իգիթյանը պատմեց, թե դրանից հետո սկսել է բանակցային փուլ, որի ժամանակ բարձրացրել է այդ հարցը, որ ամրագրվի այն դրույթը, եթե նրանք հանցագործություն են կատարում բազայից դուրս, ապա գործում է ՀՀ օպերատիվ քննչական համակարգը:

Նա, անդրադառնալով ներկայումս բերվող հակափաստարկներին, նշեց. «Օրենքով ՀՀ տարածքում իրականացվել է հանցագործություն. սա ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք է, որը պետք է համապատասխան մարմիները պարզեն ու պատժեն: Այն դեմագոգիան, որ ներկայացնում են, թե ՌԴ, թե ՀՀ իշխանության ներկայացուցիչները, որ ՌԴ-ն հանձնման արգելանքներ ունի իր քաղաքացուն, այստեղ չի գործում: Այդ անձը չի գտնվում ՌԴ տարածքում. ռազմաբազան դեսպանություն չէ: Նրա` այնտեղ գտնվելը, ձերբակալվելու ու կալանավորվելու ընթացակարգը անօրինական է: ՀՀ-ում կա օրենք, թե ով իրավունք ունի մարդուն կալանավորել և դա ռազմաբազայի ծառայողները չեն»:

Մեր այն դիտարկմանը, թե այս հարցում շատերը հղում են կատարում համաձայնագրի բաց կետերին, մասնավորապես, համաձայնագիրը լռում է այն մասին, թե արդյոք ռուս սահմանապահները իրավունք ունեի՞ն Պերմյակովին ռազմաբազա հանձնել, պարոն Իգիթյանն արձագանքեց. «Անկախ մարդու քաղաքացիությունից` նա խախտել է ՀՀ սահմանը անօրինական հատելու պայմանը: Սահմանապահների ֆունկցիան սահման պահելն է, սահմանային պայմանները խախտող մարդուն պիտի հանձնեն ՀՀ իշխանություններին: Միայն ՀՀ ոստիկանությունը կարող է պարզել նա խախտել է օրենքը, թե ոչ: Ոչ սահմանապահ զորքերը, ոչ էլ ՌԴ ռազմաբազան չունեն մարդուն կալանավորելու պայմաններ»: Պարոն Իգիթյանը օրենքի տեսանկյունից բացեր չի տեսնում: Ըստ նրա` հարցը նույնիսկ քաղաքական դաշտում չէ, այլ ՀՀ-ՌԴ «թերի կամ արդեն խեղաթյուրված հարաբերությունների, ՌԴ-ի` հայերին անտեսելու վերաբերմունքի դաշտում». «ՌԴ-ն ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանել նույնիսկ հանցագործին միայն նրա համար, որ նա իր քաղաքացին է»:

Հարցին` իսկ ի՞նչ են այս մասին մտածում ՀՀ-ում` դատելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարություններից, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Հայ պաշտոնյաներն ավելի կաթոլիկ են, քան Հռոմի պապը, նրանք ավելի ռուս են, քան ՌԴ քաղաքացին: Դա ստորացուցիչ էր: Զինվորին կոծկելու պատճառով կասկածի տակ է դրվում ոչ միայն բազայի առկայությունը`որպես ՀՀ պաշտպանական միջոց, այլ հայ-ռուսական հարաբերությունների իմաստը»:

Պարոն Իգիթյանի կարծիքով` այս ամենը բխում է նաև նրանից, որ ռուսական ռազմաբազայի ժամկետը երկարացվեց մինչև 2049-ը, և այս դեպքերն ավելի կլկտիացնեն ռուս զինվորականներին:

Կոստանյանի հայտարարությունները, որոնք ավելի շատ նման էին ռուսական կողմի արդարացումներին, պարոն Իգիթյանը գնահատեց. «Դատախազն իրեն պահում է Շարմազանովի նման: Այն, ինչ կարող է թույլ տալ քաղաքական գործիչը, դատախազը թույլ պիտի չտար: Նա պետք է ոչ թե հայտարարություններով հանդես գա, այլ իր գործը կատարի: Պետք է պահանջի օրենքի իրականացումը, այն է, որ այդ մարդը լինի ՀՀ իրավապահների թե տրամադրության, թե օպերատիվ քննչական պրոցեդուրայում»:

Մեր հարցին` այնուամենայնիվ իրավիճակն ինչպիսի՞ հանգուցալուծում կունենա, պարոն Իգիթյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը չի որոշում այս հարցը, այլ Սերժ Սարգսյանը: Մի իրավիճակի ենք հասել, որ ՌԴ-ից ոչ միայն չենք կարող պահանջել մասսայական զենք չվաճառել մեր հակառակորդին, այլև մեր երկրում հանցագործություն կատարած անձին հանձնել ՀՀ իրավական համակարգին»:

Ըստ Հովհաննես Իգիթյանի`ռուսները հանգիստ կարող են այս զինվորին տանել ՌԴ: Այնուհետև հիշեցրեց Սաֆարովի դեպքը, որի արտահանձնման համար մենք խզել ենք մեր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Հովհաննես Իգիթյանը հույս չունի, թե ՀՀ-ն կպահանջի, որ հանցագործը պատժվի ՀՀ օրենսդրության համաձայն: Նա անտրամաբանական է համարում նաև այն, որ սգո օրեր չհայտարարվեցին, Սերժ Սարգսյանը չգնաց Գյումրի և եզրափակում է. «Պրոռուսական քծնանքը մարդկանց խանգարում, վախեցնում է իրականացնել այն, ինչը տրամաբանությամբ պիտի իրականացվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մասիս says:

    էդ երկուսն էլ դատախազն ու իրա ընկեր Շարմազանովը ստեղծված են և աշխատավարձ են ստանում,որպեսզի արդարացնեն իշխանությունների անկարողությունը,հարց եմ տալիս դատախազին,եթե հնարավոր էր գրել նամակը ռուս դատախազին, ինչու մինչև հունվարի 14-ը , երբ ժողովուրդը իրա ականջներից էր քաշում, ինքը էդ նամակը չէր գրում, քաջ իմանալով, որ դա կհանգստացնի ժողովրդին, փոխարենը ասում էր ձեր հավաքներով, միտինգներով բան չի փոխվի, ուրեմն ինքն էր? հրահրում մարդկանց բիրտ գործողությունների?առաջինը իրա գործողությունները պետք է հետաքննել, իրա մոտիվները

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031