Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պայքարը էն օրը Գյումրիում տեղի ունեցածը չկրկնվելու համար էր»

Հունվար 16,2015 17:40

«Ինձ համար շատ վիրավորական ա, որ ինձ խուլիգան են անվանում, երբ իսկական խուլիգանները դեռ զակազներ են տալիս: Մի ժամվա ընթացքում 134 թերթ դատավճիռ գրելը ֆիզիկապես անհնար ա, այսինքն՝ այդ դատավճիռը նախապես գրված, դարակում դրված է ու մնում էր միայն դրա վերջին հատվածը հրապարակել: Ժամը 6-ին դատը ավարտվեց, դատավորը 7-ին կարդաց 134 էջ: Միայն մի շաբաթ պետք ա, որ էդ գրածը համակարգչով հավաքեն»,- ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր դժգոհեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով մեղադրյալ Վարդան Վարդանյանը՝ հիշեցնելով իրենց դատավճիռները:

Նրա խոսքով, իրենց պայքարը եղել է համակարգի դեմ, ռուսական ստրկությունից ազատվելու դեմ. «Նրա դեմ էր, որ էն օրվա Գյումրիում տեղի ունեցածը էլ չկրկնվի: Գյումրեցիները երեկ քարերով, փետերով խփում էին ոստիկաններին. հիմա ի՞նչ, ուրեմն իրանք էլ ե՞ն խուլիգան: Եթե հա, ուրեմն ես էլ եմ խուլիգան: Լավ ա, որ գյումրեցիները ելել էին պայքարի, լավ ա՝ մի շրջան եղավ, որ երեսներս պարզ արեց»:
Դատավորը ընդհատեց նրան, հորդորեց խոսել ըստ էության`դատարան ներկայացրած բողոքից. «Ձեզ բողոքե՞մ, Ձեր դարակում դրած ա իմ դատավճիռը: Ինչ էլ ասեմ, չի լինելու: Էնտեղ ասեցի, չեղավ»:
«Չես ուզում՝ գործդ վեկալ, գնա»,-հակադարձեց դատավորը:

«Չի կարող ոստիկանների հետ ընդհարումները որակվել որպես խուլիգանություն»,- շարունակեց փաստաբան Արա Զաքարյանը: Նա ընդգծեց, որ այս գործով տեղի է ունեցել անմեղության կանխավարկածի խախտում. «Մինչեւ դատավճիռը Սերժ Սարգսյանը այս գործով հայտարարություն արեց, ակնկալում եմ Վերաքննիչ դատարանի գնահատական այս առումով»:

Վարդան Վարդանյանի, Շանթ եւ Շահեն Հարությունյանների փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ հիշեցրեց դեպքի օրը Շանթ Հարությունյանի հայտարարությունները, թե բացի բրոնզից, մարգանցովկայից ու փայտերից իրենց մոտ ուրիշ ոչինչ չկա: Հիշեցրեց նաեւ, որ իր պաշտպանյալը դեռ ակցիան չսկսած հայտարարել էր, որ տարածքում սադրիչներ կան, որոնք կարող են տապալել իրենց երթը. «Հենց սկզբից այդ սադրիչը գալիս է վիրավորանքներ տարածում, հեռանում, ինչի կապակցությամբ նախաքննությունը ոչինչ չի պարզում: Հետագայում քաղաքացի Վահագն Մինասյանը հարցաքննության ժամանակ պատմեց, որ ականատես է եղել` ինչպես է Շանթ Հարությունյանը պահանջել բացահայտել սադրիչներին: Բացի այդ, վեց քաղաքացիական համազգեստով անձինք են ներգրավված եղել ակցիային, այդ մասին պատմեց նաեւ Վալերի Օսիպյանը: Հետագայում տեսնում ենք, որ ոստիկան Գեղամ Խաչատրյանի կողմից առանց զգուշացման հարձակում է տեղի ունենում, միանում են սադրիչները, բնականաբար, տղաները պաշտպանվում են իրենց ձեռքին արդեն եղած փայտերով հարվածում են սադրիչներին»:

Փաստաբանի խոսքով, Վարդան Վարդանյանին ու Շանթ Հարությունյանին ոստիկանության բաժանմունքում ոստիկանները նսեմացրել են, անչափահաս Շահենին խիստ հոգեբանական ճնշումների ենթարկել` ասելով, թե հայրն ու ընկերներն արդեն չկան»:

Ըստ նրա, ոստիկանները պարտավոր էին ապահովել Շանթ Հարությունյանի ու մյուսների խաղաղ հանրահավաք անցկացնելու իրավունքը, բայց հենց իրենք են խոչընդոտել նրանց ցույցը.«Ոստիկանները փակել են մայթերը, ճանապարհ բացել միայն փողոց, որովհետեւ անօրինական իրենց գործողությունների ծրագիրը ոստիկանները նախապես էին պատրաստել ու հավաքի մասնակիցներին դրդել խուլիգանության: Եթե դատարանը օբյեկտիվ քննություն կատարեր ու ճիշտ մեկնաբաներ խուլիգանության հանցակազմը, ապա կկարճվեր գործի վարույթը եւ այլ դատավճիռ կկայացվեր»:

Վերջում Ինեսա Պետրոսյանը հարցադրում բարձրացրեց՝ ինչու չեն բացահայտվել քաղաքացիական հագուստով ոստիկանների ինքնությունը, որոնց մասին Վալերի Օսիպյանը հայտնել էր դատարանում ու ասաց, որ Շահենի հարվածելը ոստիկանին պայմանավորված է եղել ոստիկանի գործողություններով, որը հարձակվել էր հոր վրա:
Նա պահանջեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը ու իր պաշտպանյալների խափանման միջոցը փոխել:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031