Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորը պատմում է, թե ինչպես հանդիպեց ոճրագործին ու ինչ ապրումներ ունեցավ (Տեսանյութ)

Հունվար 16,2015 17:28

Ինչպես հայտնի է, երեկ Գյումրիում Շիրակի մարզային դատախազության շենքի դիմաց ցուցարարները գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից պահանջում էին տեսանյութ ներկայացնել ու իրենց համոզել, որ ոճրագործ Պերմյակովին չեն փախցրել Ռուսաստան, նա գտնվում է Գյումրիում:

Ավելի ուշ 102-րդ ռազմաբազա այցելեցին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու տնտեսագետ Կարեն Պետրոսյանը:

Այսօր պատգամավորը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչպես հանդիպեց ոճրագործին: Նա ասաց, որ 102-րդ ռազմաբազայում իրենց դիմավորել է ՀՀ քննչական կոմիտեի տեղակալը և ռուսական կողմից ինչ-որ մեկը, իրենց ուղեկցել են նախնական կալանքի խուց, սակայն իրենք ներս չեն մտել, անցքից են տեսել Պերմյակովին: «Արտոնյալ պայմաններ չկային, սովորական խուց էր, երևի թե չէր թույլատրվում խցից ներս մտնել, մենք էլ ցանկություն չունեցանք ներս մտնել, որովհետև մեզ կառավարելը բարդ կլիներ, իսկ մենք գնացել էինք, որպեսզի Գյումրիում տիրող իրավիճակը հանդարտեցնեինք: Ոչ ոք չէր կարողանա երաշխավորել, թե խուց մտնելու դեպքում մեզ մոտ ինչ զգացումներ առաջ կգային ու ինչ հետևանքներ կլինեին: Ամեն դեպքում էդ պահին շատ դժվար էր տեսնել ոճրագործին, աչքիդ գալիս էր անմեղ ընտանիքը, անմեղ երեխան… Էս վիժվածքը, կենդանին, որ կարողացավ գլխատել մի ամբողջ ընտանիքի, ու ամբողջ քաղաքը, պետությունը փաստի առջև է կանգնել»,- ասաց պատգամավորը:

Նա նաև փառք տվեց Աստծուն, որ զայրացած գյումրեցիները երեկ իրեն լսեցին, ընդունեցին, հանդարտվեցին ու Գյումրիում չկրկնվեց 2-րդ մարտի 1-ը:

Մարտուն Գրիգորյանը գտնում է, գյումրեցիների կողմից ՀՀ գլխավոր դատախազին դրված պահանջները ի սկզբանե փակուղային են: Օրինակ՝ գլխավոր դատախազը չէր կարող նստեր ու նամակ գրեր ՌԴ դատախազին, քանի որ խոսքը պետական մակարդակի գրության մասին է: Ոճրագործին չէին կարող տեսանկարահանել, քանի որ դրա համար հատուկ թույլտվություն էր պետք Մոսկվայից:

ԲՀԿ-ական պատգամավորը գտնում է, որ այսօր Գյումրիում լարվածություն չկա, սակայն յուրաքանչյուր ընտանիքի մոտ կրքերը չեն հանդարտվում, քանի որ գյումրեցիներն անհանդուրժող են այս հարցի նկատմամբ, հնարավոր չէ գյումրեցին իրեն խաբի ու հանդարտվի, երբ մի անմեղ ընտանիքի խաղաղ պայմաններում, ոչ պատերազմական իրավիճակում տեղաշորի մեջ սպանեցին:

Պատգամավորը նշում է, որ գյումրեցիները 16 տարի առաջ նորից այս ապրումներն ունեցել են (խոսքը այն մասին է,որ ռուս հարբած զինվորականները կրակ էին բացվել կենտրոնական շուկայում կանգնած անմեղ մարդկանց վրա, կային սպանվածներ ու վիրավորներ Ա.Ն.), և 16 տարի առաջ կատարվածը պիտի դաս լիներ թե ռուսների, թե հայերի համար:

Ըստ Մարտուն Գրիգորյանի, հարցը չպիտի քաղաքականացնել, սա չպիտի դառնա միջոց երկու ժողովուրդների մեջ արհեստական լարվածություն սկսելու: «Եթե Հայաստանում կա 1 ու կես միլիոն կամ չգիտեմ ինչքան, ապա Ռուսաստանում երկու միլիոն ու ավելի հայեր են ապրում, կազմակերպիչները պիտի գիտակցեն, որ այնտեղ 2 միլիոն հայ ամեն րոպե կարող են չգիտես ինչի մեջ հայտնվել»,-հիշեցնում է Մարտուն Գրիգորյանը:

Պատգամավորը նաև պատմեց, որ մինչև գիշերը 4.30 ինքը եղել է Շիրակի մարզային ոստիկանությունում, բոլորն ազատ են արձակվել, այցելել է նաև հիվանդանոցում գտնվող վիրավորներին:

Մանրամասները ՝տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031