Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանն իր ֆիլմի մասին. «Դերասաններն ամբողջ կյանքում սպասել են էս ֆիլմին»

Հունվար 16,2015 17:08

Aravot.am-ը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանից հետաքրքրվեց՝ մասնագետներն ի՞նչ տպավորություններ են փոխանցել՝ իր պրոդյուսերությամբ եւ սցենարով «Հիշողություն» ֆիլմի փակ դիտումից հետո, որը Ցեղասպանության թեմայով է:

«Տարբեր կարծիքներ կային, ուղղումներ ունեինք, տեղ կար՝ երաժշտությունը բարձր էր, տեղ կար՝ ցածր էր, տեղեր կային, որ ձիերի քայլերն ավելի թույլ էին, մի խոսքով՝ փոքր բաներ կային, որ ուղղեցինք, վերջացրինք»,-ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ չլինի՞ պատրաստվում է որեւէ մրցանակաբաշխության ներկայացնել իր ֆիլմը: «Անպայման ներկայացնելու ենք, ուղղակի նախ պետք է ցուցադրենք, որ հետո թույլատրեն նման բաների մասնակցենք»,-վստահաբար պատասխանեց նորաթուխ սցենարիստը:

Նա համաձայն չէ այն տեսակետներին, թե իր ֆիլմում շատ են դաժան տեսարանները. «Ընդհակառակը ցանկացած ֆիլմ դիտող ասում է, որ սա թուրքերի կատարած դաժանությունների 20%-ն է միայն, էնքա՜ն շատ են եղել ցեղասպանության ժամանակ իրականացված դաժանությունները, որ ուզենանք էլ չենք կարող 1 ժամ 45 րոպեի ընթացքում ցուցադրել: Այո դաժան շատ կտորներ շատ կան, բայց ավելի շատ ներկայացված է ցինիզմը՝ դաժան սպանություններից հետո ինչ հրճվանք են ապրում թուրքերը: Այսօր էլ ապացուցվեց, որ ցինիզմը հատուկ է թուրքերին, էրդողանը ցինիկ է, որ ապրիլի 24-ը տոն հայտարարելու հրաման է տվել»:

Անդրադարձ եղավ նաեւ Հակոբ Հակոբյանի ֆիլմի այն դրվագին, երբ թուրքը Ծիծեռնակաբերդում մեղա է գալիս, ապա ուզում է ծնկած ներողություն խնդրել, իսկ անվտանգության հայ աշխատակիցը թույլ չի տալիս ծնկի գալ: «Դրա մեջ խորը իմաստ կա. երբ թուրքը ներողություն է խնդրում, կամ բոլոր այն մարդիկ, որոնք ընդունում են հայերի Ցեղասպանությունը, հայերը թույլ չեն տալիս նրանց ծնկի գալ հայոց հողում, մենք դրանից էլ ենք բավարարված, եթե քաղաքակրթված չլինենք, կասենք, տո թող ծնկի էլ գա, քարերն էլ պաչի, լիզի: Բայց մենք ասում ենք՝ մեզ հայերիս բավական է, հայերս պատրաստ ենք ցանկացածին ներելու, եթե ընդունել է Ցեղասպանությունը»,-ասաց Հակոբ Հակոբյանը:

Նա նաեւ հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում ցեղասպանության թեմայով իր ֆիլմ նկարելու ուղղությամբ. «Շատ մարդիկ մտածում են, որ հարյուրամյակից հետո պայքարը կխամրի, իսկ մենք հաջորդ ֆիլմով աշխարհին ցույց ենք տալու, որ հարյուրամյակից հետո՝ 101-րդ ամյակին ավելի ակտիվ պետք է լինենք, աշխարհին ցույց տանք, որ պայքարելու ենք այնքան ժամանակ մինչեւ ընդունվի հայոց Ցեղասպանությունը բոլոր երկրների եւ Թուրքիայի կողմից»:

Հակոբ Հակոբյանը կարծում է, որ իր արած աշխատանքին ոմանք խանդով են վերաբերվում. «Մարդիկ կլինեն, որ կխանդեն, հազար ու մի մարդ կա, հազար բան կասեն, լավ գիտեք, որ մեր ժողովուրդը ոնց ա, բայց ես հպարտ եմ, որ հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանում նկարվել է նման ֆիլմ, որը կոնկրետ հայ ընտանիքի մասին է, որը կոնկրետ Հայաստան է գաղթել, կոնկրետ հայ դերասանների, ռեժիսորների, կոմպոզիտորի մասնակցությամբ է»:

Ցեղասպանության թեմայով «Հիշողություն» ֆիլմի սցենարի հեղինակ Հակոբ Հակոբյանի, ձեւակերպմամբ, ֆիլմում նկարված դերասանները իրենց ողջ կյանքում սպասել են այդ ֆիլմին. «Իրենք ամբողջ կյանքում սպասել են, որ էդ ֆիլմը նկարվի՝ դաշտերի մեջ, ցրտին… Էնքա՜ն հոժարաբար էին խաղում, հուզմունքից շատ-շատերը արտասվում էին: Դերը խաղալուց հետո, որ մտնում էին դաժան պահերի մեջ, հետո չէին կարողանում վերականգնվեին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ blog.1in.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031