Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատավորը թույլ չտվեց փաստաբանին հրապարակել Արա Զոհրաբյանի հաշտության պայմանագրի տիպային օրինակը (Տեսանյութ)

Հունվար 16,2015 16:37

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ուր շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական հերթական նիստը, տուժողներ Հակոբյանների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը հանդես եկավ հայտարարությամբ:

Ըստ նրա, տուժողները հանդիպել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ, հաշտության գործընթացի հետ կապված. «Նշված հանդիպմանը կողմերի փաստաբանները ներկա չեն գտնվել, սակայն հանդիպման մասին եղել են տեղեկացված»:

Ըստ փաստաբան Ռ.Բալոյանի, «կողմերին է տրամադրվել հաշտության պայմանների տիպային օրինակ, որում հաշվի են առնվել երկու կողմերի շահերը եւ դիրքորոշումները»:

Նախագահող դատավոր Վաղինակ Մկրտչյանը թույլ չտվեց, որպեսզի փաստաբանը հրապարակի այն, ասելով. «Սա մասնավոր մեղադրանքի գործ չէ: Չենք քննարկում, որ հաշտության եկել եք, թե ոչ»:

Սակայն Ռ. Բալոյանը գտնում էր, թե դա ուղղակիորեն կապված է քաղհայցի հետ:

«Եթե Հայաստանի փաստաբանների պալատի նախագահը կողմերին հրավիրում է, հաշտության է կոչում, եւ իրենք օրինական ճանապարհով չեն գնում, այլ գնում են ինչ-որ գաղտնի բաներ են անում, այսօր էլ բերում են, առարկում, ոնց կլինի»,-հարցնում էր Ռ. Բալոյանը:

Ըստ նախագահողի, ամեն ինչ չէ, որ պետք է դատաքննության ժամանակ հայտարարվի, կամ քննարկման առարկա դարձնել. «Ի՞նչ կապ ունի, փաստաբանների պալատի նախագահը որեւէ գործողությո՞ւն արել է, թե՞ ոչ՝ հաշտության հետ կապված»: Դատավորը հորդորեց, որպեսզի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն անի իր միջնորդությունը:

Ռ.Բալոյանը դժգոհ մնաց. «Փորձում են մատուցել, թե վթարից հետո հարց է լուծվել, եւ սաղ տեղերը հեղեղված են հոդվածները, թե վթարից անմիջապես հետո Վարդան Պետրոսյանը վնասը հատուցել է»:

Այս խոսքից հետո աղմուկ բարձրացավ դահլիճում:

Տուժող Արթուր Հակոբյանն էլ տեղից երբեմն վիրավորական արտահայտություններ էր անում պաշտպանական կողմի ուղղությամբ:

Ռուբեն Բալոյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ «Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»:

Ըստ այդ միջնորդության, տուժող, մեքենայի ուղեւոր Տաթեւիկ Հակոբյանին ավտովթարի հետեւանքով պատճառվել է ծանր վնաս:

Համաձայն «Արմենիայի» բժշկական տեղեկանքի, Տ.Հակոբյանը ստացել էր կոնքի ոսկորի սերտաճող կոտրվածքներ, ձախ ազդրի սերտաճող կոտրվածք, եւ նշանակվել էր վերականգնողական բուժում:

Փաստաբանը կատարված փորձաքննությանն անդրադարձավ, որը կապված էր վնասվածքների վերջնական խախտման հետ:

Ըստ ախտորոշման, հիվանդը կարիք ուներ երկարատեւ, տեւական բուժման, այդ թվում՝ ջրաբուժության:

Ներկայացնելով բժշկական փաստաթղթերը, Ռ. Բալոյանը վերստին հայտնեց, որ Տ. Հակոբյանն ավտովթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջնական չի ապաքինվել, եւ նրան անհրաժեշտ է տեւական վերականգնողական բուժում: Նա չի կարող օգտվել հանրային տրանսպորտից՝ երկու տարի:

Ռ.Բալոյանն ասաց, որ պաշտպանական կողմը վիճարկում է Տ.Հակոբյանի բուժման տեւողությունը, ինչն այսօր էլ, ի դեպ, վիճարկեց Ն.Բաղդասարյանը:

Վերջինն այսօր էլ պնդեց, որ չի հիմնավորվում այդ ժամանակահատվածում, եւ անընդմեջ բուժումը, այդ կապակցությամբ դատարանին ներկայացնելով «Արմենիային» արված հարցումն ու նրանց պաշտոնական պատասխանը:

Ռ.Բալոյանն ասաց, թե իրենց հայցապահանջում դրված է Տաթեւիկի բժիշկների եւ նրան հետազոտած մասնագետների դիրքորոշումը:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031