Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը երեկ Ազատության հրապարակում Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքը դատապարտող ինքնաբուխ հավաքի ժամանակ իր հետ ունեցել է գազային ատրճանակ:
Նա Aravot.am-ին պատմեց, որ այդ ատրճանակը տրամադրել է ոստիկանությունը` համապատասխան լիցենզիայով. «Գազային զենքը մեկ տարուց ավելի է` կրում եմ: Երբ «Ծածկած շուկայի» համար բողոքի ակցիաների ընթացքում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները իմ ավտոմեքենաներն էին վնասում, ընտանիքիս անդամներին էին սպառնում, դիմել էի ոստիկանություն` պահանջելով, որ իմ ու ընտանիքիս անվտանգությունն ապահովեն: Ոստիկանությունն ինձ մերժել էր` հիմնավորելով, որ չեն գտնում, թե իմ անվտանգությունը վտանգված է: Այն ժամանակ, ոստիկանությունը թույլատրեց գազային զենքի օգտագործում, տրամադրեց համապատասխան լիցենզիա»:
Նրա խոսքով, ոստիկանությունում էլ էին տեղյակ, որ գազային ատրճանակ ունի, բերման ենթարկվելիս էլ նախապես տեղեկացրել է ատրճանակի մասին. «Ոստիկանությունը հայտարարում է, թե առգրավել են զենք, դա նշանակում է` ինձ խուզարկե՞լ են, բայց այդպես չի եղել: Ես բերման ենթարկվելու ճանապարհին` հենց ավտոմեքենայի մեջ, ասացի, որ զենք կա մոտս, ոստիկանները չարձագանքեցին: Ոստիկանության կենտրոնական բաժնում նորից ինձ բերման ենթարկող ոստիկաններին եմ դիմում` տղերք, բա էս զենքս ում մոտ թողնեմ, ասացին` գիտենք, պարոն Եղնուկյան, հարց չկա, եկեք: Հետո ինձնից բացատրություն վերցնող քննիչին եմ ասել ատրճանակի մասին ու տեսա` լռում է, հանեցի, դրեցի սեղանին ու պարտադրեցի, որ գրանցի: Այդ ընթացքում էլ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն էլ այդ պահին սենյակում էին ու տեսան, որ ինձնից ոչ թե զենք են առգրավել, այլ կամավոր հանձնել եմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ