Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրատվամիջոցները սրում են իրավիճակը». փորձագետը՝ Գյումրու դեպքերի մասին

Հունվար 16,2015 16:09

«Լրատվամիջոցներում շիլաշփոթ է. ընդդիմադիր լրատվամիջոցները սրում են իրավիճակը՝ իշխանափոխության կոչեր հնչեցնելով: Հասարակ ընթերցողն էլ կուլ է տալիս բոլոր խայծերը, որովհետև չի տիրապետում ամբողջական տեղեկատվությանը: Արդյունքում վիճակն է սրվում, և հակառուսական տրամադրություններ են բարձրանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ հորդորելով լրատվամիջոցներին ուշադիր լինել, քանի որ բացի հայկականից, ներկա պահին 6-7 այլ հոսքեր էլ կան, որոնք, ըստ փորձագետի, փորձում են սրել իրավիճակը. «Ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցները ևս աշխատում են իրավիճակի սրման ուղղությամբ, մի ստվար զանգված էլ ուղղակի անգրագիտություն է ցուցաբերում՝ իրավիճակը հասցնելով պայթյունավտանգի: Սա այն դեպքն է, երբ Ռուսաստանն աշխատում է ինքն իր դեմ»,- ասում է Տ. Քոչարյանը:

Նրա դիտարկմամբ՝ իրադարձությունների սրընթաց զարգացումը շատերին երբեմն մոռացնել է տալիս ստեղծված իրավիճակի դրդապատճառները: «Ոստիկանների ու ակտիվիստների բախումներն ավելի լայնորեն են լուսաբանվում մամուլում,- ասում է նա,- կարիք չկա այդքան տրվել էմոցիաներին և անընդհատ սրել իրավիճակը՝ չհասկանալով խնդրի իրական պատճառները: Սա բավականին լուրջ իրավաբանական խնդիր է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև: Բոլորս էլ հասկանում ենք, որ հայկական կողմի պահանջն արդարացի է, և եթե մարդասպանի մեղքն ապացուցվի, նա պետք է իր պատիժը կրի հայկական բանտում: Ռուսական կողմը պետք է հասկանա, որ սա այն դեպքն է, որ նույնիսկ օրենքի սահմաններում չի կարող նման ոճիր կատարածին վերցնել իր ենթակայության տակ»:

Անդրադառնալով Գյումրու երեկվա ակցիայի մասնակիցների պահանջին՝ իրենց փաստեր ներկայացնել, որ Վալերի Պերմյակովն իսկապես ձերբակալված է և գտնվում է ռուսական ռազմաբազայում, Տ. Քոչարյանն ասաց, որ իրավապահներն իրավունք չունեն նման կադրեր ներկայացնել հանրությանը: Լրագրողների դիտարկմանը, թե ռուսական կողմը նույն կերպ չվարվեց Հրաչյա Հարությունյանի դեպքում, նա պատասխանեց. «Կա´մ իրավական հարթությամբ ենք գնում, կա´մ ասում ենք՝ դուք այդպես եք արել, մենք էլ այսպես կանենք: Ինձ համար ընդունելի են մեր արդարացի պահանջի բավարարմանը տանող բոլոր ճանապարհները, բացի արյունահեղությունից»:

Փորձագետի խոսքով՝ բազմաթիվ են դեպքի շուրջ դավադրության տեսությունները: Ռուսական կողմն էլ փորձում է Արևմուտքի գործոնը գտնել այս ամենում, մանավանդ որ կասկածյալի ծնողները կրոնական աղանդի ներկայացուցիչներ են, որը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից: «Հակառուսական, արևմտամետ մասսայի հիմնական սխալն այն է, որ առաջարկում են ռուսական ռազմաբազան Գյումրուց հանելու պահանջ բարձրացնել: Սա պատճառ դարձավ, որ շատերը փողոց դուրս չգան: Ինչքան էլ ցանկություն ունենան, որ ռազմաբազան չլինի, միևնույն է, այն լինելու է, պարզապես, պետք է պահանջել, որ դրա գործունեությունը խստորեն կարգավորվի»,- համոզված է Տ. Քոչարյանը:

Ինչ վերաբերում է տեղի ունեցողի շուրջ ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքին, Տ. Քոչարյանը թշնամու համար շատ բնական պահվածք է համարում այդ ամենը: «Շիրա են տալիս, փորձում են լարվածություն ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում»,- ասաց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031