Այսօր ողջ Գյումրին «Շիրակ» գերեզմանատանն էր. շարքային գյումրեցիները, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու նրա թիմակիցները, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաները՝ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, այցելել էին ննջեցյալների շիրիմներին:
Ոստիկանները ևս հատուկ հսկողություն էին սահմանել գերեզմանատանը: Սպանված տանտիրոջ՝ Սերյոժա Ավետիսյանի մորաքրոջ որդին՝ Սամվել Հովհաննիսյանը բոլոր հարազատների անունից հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Գյումրիում կատարված երեկվա բողոքի ակցիաները իրենք չեն կազմակերպել. Իրենք սգի մեջ են եղել: Ըստ նրա, իրենք պահանջում են օրենքի ամենայն խստությամբ և Հայաստանի Հանրապետությունում պատժել ոճրագործին: «Մենք ուզում ենք իմանալ ինչ պատճառներով տեղի ունեցավ այս սպանությունը, որի համար սգում ենք ոչ միայն մենք՝ հարազատներս, այլ ամբողջ ազգը: Չենք ցանկանում, որ այսպիսի դժբախտություն կրկնվի որևէ ընտանիքի հետ: Նմանները չպիտի տեղ ունենան մեր ազգի մեջ», -ասաց Սամվել Հովհաննիսյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բայց այս գործը այլևս միայն հարազատների խնդիրը չէ. սա արդեն համազգային հարց է: