Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Պերմյակովին ուզենային տանել Հայաստանից, արդեն 50 անգամ տարել էին. Взгляд

Հունվար 16,2015 14:53

Գյումրիում ընտանիքի սպանությունը ցույց տվեց, թե ինչ փխրուն են և ինչքան կարևոր Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում: Նման ողբերգությունները կարող են Մոսկվայի և նրա մերձավոր դաշնակիցների միջև հակամարտության հիմք դառնալ, գրում է «Վզգլյադ» թերթը՝ «Ռուսաստանը պետք է լուրջ հետևությունն անի» հոդվածում:

Շարունակելով՝ «Վզգլյադ»-ը քննադատում է հայ ցուցարարներին, ակտիվիստներին, մեղադրում է նրանց զգացմունքային լինելու, չհիմնավորված հայտարարություններ տարածելու ու շոկի մեջ գտնվող մարդկանց զգացումները շահարկելու մեջ: Մյուս կողմից, հրապարակման հեղինակը գրում է, որ թեև սպանությունից հետո սոցիալական ցանցերում շեշտադրվում էր ենթադրյալ հանցագործի քաղաքացիությունն ու ազգությունը, սակայն հայ փորձագետների մեծ մասը և իշխանությունը այդպես չէին վարվում, այլ փորձում էին հանդարտեցնել կրքերը` համոզելով, որ ազգության վրա հենվել չի կարելի:

«Վզգլյադ»-ը նաև անհեթեթ է համարում մեղադրյալ Վալերի Պերմյակովի Հայաստանում գտնվելու ապացույցներ ներկայացնելու գյումրեցիների հնչեցրած պահանջը՝ հիմնավորելով այսպես. «Ոչ ոքի համար հասկանալի չէր այն խելամիտ փաստարկը, որ եթե ուզենային, արդեն 50 անգամ նրան տարել էին»:

Հոդվածագիրը նկատել է, որ բարձրացված աղմուկը իրավական խնդրից է բխում, այն է՝ ըստ Ռուսաստանի սահմանադրության, իրենք չեն կարող իրենց քաղաքացուն հանձնել այլ երկրի իրավապահներին, սակայն ռազմակայանը Հայաստանում տեղակայելու հայ-ռուսական համաձայնագրի համաձայն, եթե զինծառայողը զորամասից դուրս հանցանք է գործել, ապա հետաքննությունն իրականացնում է հայկական կողմը: Եվ այստեղ «Վզգլյադ»-ը բերում է Աբխազիայի և Հարավային Օսեթիայի օրինակը, որտեղ ռուս զինծառայողը ոչ մի դեպքում չի ընկնում տեղի իշխանությունների իրավասության տակ:

Հեղինակի կարծիքով, փոխզիջումն արդեն գտնվել է. «Զինվորը մնում է ռազմակայանի մեկուսարանում, բայց հետաքննությունը հիմնականում հայ ոստիկանները կիրականացնեն: Դա խելամիտ է թե՛ քաղաքական, թե՛ իրավական առումով», – գրում է նա:

Ռազմակայանի պատճառով նախկինում տեղի ունեցած ողբերգությունները հեղինակն այսպես է մեկնաբանում. «1997թ. սկսած երրորդ դեպքն է: Առաջին անգամ տեղի երեխաները չգիտես թե ինչու գնացել էին հրետանային հրաձգարան խաղալու ու պայթել էին հին ականի վրա: Կայանը լուրջ հետաքննություն իրականացրեց ու հայտնաբերեց հրաձգարանի պահպանության թերությունները, թեպետ ծնողներն էլ պետք է ավելի ուշադիր լինեն իրենց երեխաների նկատմամբ: Մյուս դեպքը, իրոք, երկու ենթասպաներ ոչ սթափ վիճակում կրակահերթ էին բացել քաղաքի շուկայում: Այստեղ ամեն ինչ հասկանալի է»:

Այս դեպքի համար նա միակ խելամիտ ճանապարհն է համարում համատեղ հետաքննություն իրականացնելը. «Հանցանքի վայրում հետաքննություն են իրականացրել հայ ոստիկանները, նրանք էլ Ռուսաստանի դատախազության հետ հարցաքննում են կասկածյալին: Բայց հանցանքի շարժառիթները և զինվորի բնութագիրը հասկանալու համար կպահանջվի, օրինակ, հարցաքննել Ռուսաստանում ապրող իր հարազատներին»:

«Բայց արդեն հիմա կարելի է խոսել 102-րդ ռազմակայանում ոչ կանոնադրային հարաբերությունների մասին», – շարունակում է նա՝ խնդրի լուծման համար առաջարկելով նոր մեթոդներ ներմուծել կամ զորամասում նոր մարդկանց ներգրավել:

Պարբերականի համոզմամբ, հայ ակտիվիստները նախագահ Սերժ Սարգսյանի թուլությամբ ու Մոսկվայի առջև նվաստանալով են պայմանավորում Երևանի ձգտումը՝ պահպանել Ռուսաստանի հետ համաձայնագրերի ոգին ու տառը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031