Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը համեմատեց ռուսական ռազմաբազայի հետ, հիշեց Գյումրու սպանությունը ու սկսեց խոսել ռուսերեն

Հունվար 16,2015 14:41

«Ինչքան երկար եմ նստում այս դահլիճում, այնքան ավելի շատ եմ տարօրինակ հոտը զգում: Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ այդ հոտը նման է 1937 թվականի հոտին: Կարծես իմ դիմաց նստած է տխրահռչակ ՆԿՎԴ-ի եռյակը, որը կանխավ մտածված վճիռ է կայացնելու իմ և իմ ընկերների նկատմամբ, պիտակավորելու է մեզ»,- այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի ու ընկերների գործով դատական նիստի ժամանակ ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Նիստը նախագահող դատավորը հարցրեց, թե ում նկատի ունի եռյակ ասելով:

Արմեն Հովհաննիսյանը մեկնաբանեց, որ ինքը նկատի ունի ամբողջ արդարադատության համակարգը, որի անդամ են նաև իրենք:

Հետո Հովհաննիսյանը իր հայտարարությունը շարունակեց ռուսերենով, անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի սպանությանը, ինչը առաջացրեց դատավորի վրդովմունքը. նա հրահանգեց դատական նիստերի դահլիճում խոսել միայն հայերենով, ասաց՝ որ իրենք էլ հասկանան:

«Ես իրավունք ունեմ խոսել այն լեզուներով, որոնց տիրապետում եմ»,-հակադարձեց ամբաստանյալը և իր ելույթը շարունակեց ռուսերենով:

Դատավորը հորդորեց խոսել, ըստ էության, բողոքի վերաբերյալ, հետո նախազգուշացրեց՝ հակառակ դեպքում կզրկի ձայնի իրավունքից:

Արմեն Հովհաննիսյանն էլ հակառակվեց, ասաց՝ Հայաստանում է:

«Վերաքննիչ դատարանում»,- ուղղեց դատավորը:

«Վերաքննիչ դատարանը Հայաստանում չէ՞, թե՞ 102 –րդ ռուսական ռազմաբազայում է»,- շարունակեց Հովհաննիսյանը եւ վերադարձավ բողոքին.

«Մեզ մեղադրողը հանցագործ, ոչ լեգիտիմ ռեժիմի հրահանգով՝ ինձ ու իմ ընկերներին մեղադրեց մի հանցագործության կատարման մեջ, որի ապացույցներն այդպես էլ չներկայացրեց: Նույն ռեժիմի ցուցմունքով՝ առանց իմ մեղքը ապացուցելու նույն հայտնի զակազ կատարող դատավոր Մարտիրոսյանը ինձ դատապարտեց 2 տարի ազատազրկման: Նման պայմաններում առնվազն ծիծաղելի կլիներ իմ կողմից Վերաքննիչ դատարանից պահանջել արդարադատություն»:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031