Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի գործի քննությունը վերսկսվել է

Հունվար 16,2015 14:05

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների բողոքի քննությունը:

Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները բողոքարկում են Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը պնդեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը չի բխում հետազոտված ապացույցներից:

«Դատավճիռը ենթակա է բեկանման, քրեական հետապնդումը ենթակա է կարգալուծման՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Ընդունելի չէ այն դատավճիռը, որը հիմնված է ոստիկանների ցուցմունքների վրա: Դատավճիռը կայացվել է ենթադրությունների հիման վրա, չի կատարվել բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն, ապացույցները հավաքվել են միակողմանի»:

Ալեք Պողոսյանի պաշտպանի խոսքով, ոչ մի տեղ չի երեւում, որ իր պաշտպանյալը փորձել է հարվածել կամ դիմադրել որեւէ ոստիկանի. «Անհասկանալի է՝ ինչից է առաջին ատյանի դատարանը ենթադրել, որ պաշտպանյալս խուլիգանություն է կատարել, եթե քրեական գործում չկա ապացույց, որ խուլիգանություն է կատարել իր պաշտպանյալը: Իմ պրակտիկայում առաջին անգամ է, որ  մեղադրանքի հիմքում դրվում են նրա անմեղության ապացույցները:

Ալեք Պողոսյանը իր ցուցմունքում նշել է՝ չի հարվածել ոստիկանի, տեսաերիզում ոչ մի տեղ չի երեւում, որ հարվածել է, ոստիկանը նույնպես ասել է, որ իմ պաշտպանյալը չի հարվածել: Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են մեղադրում»:

«Ռուսներին քննադատելու համար»,- պաշտպանի հարցադրմանը արձագանքեց Շանթ Հարությունյանը:

Դահլիճում ներկաները ծափահարեցին:

Պաշտպանը պահանջեց բեկանել ու փոփոխել առաջին ատյանի դատարանի որոշումը, քրեական հետապնդումը դադարեցնել:

Ալեք Պողոսյանն էլ անդրադարձավ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքին. «Ասում է, որ համազգեստ չկրող ոստիկաններին ինքն է հրահանգել մտնել ցուցարարների շարք, քանի որ զգացել է ագրեսիվություն ցուցարարների մեջ: Օսիպյանն իրեն հակասում է, եթե զգացել է ագրեսիվ տրամադրություն, ինչո՞ւ չի հրահանգել, որ ոստիկանները զինվեն: Այս ամենը սարքված է եղել որոշ ուժերի կողմից»: Դատավորն ու Պողոսյանի ընկերները հորդորեցին խոսել ըստ էության՝ բողոքի վերաբերյալ:

«Ուզո՞ւմ ես ապացուցել, որ խուլիգան չես, էս մարդը գիտի»,- արձագանքեց Շանթ Հարությունյանը: Բայց նա էլի շարունակեց խոսել ոչ ըստ էության ու անընդհատ արժանացավ դատավորների ու ընկերների դիտողություններին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031