Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների բողոքի քննությունը:
Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները բողոքարկում են Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը պնդեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումը չի բխում հետազոտված ապացույցներից:
«Դատավճիռը ենթակա է բեկանման, քրեական հետապնդումը ենթակա է կարգալուծման՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Կարդացեք նաև
Ընդունելի չէ այն դատավճիռը, որը հիմնված է ոստիկանների ցուցմունքների վրա: Դատավճիռը կայացվել է ենթադրությունների հիման վրա, չի կատարվել բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն, ապացույցները հավաքվել են միակողմանի»:
Ալեք Պողոսյանի պաշտպանի խոսքով, ոչ մի տեղ չի երեւում, որ իր պաշտպանյալը փորձել է հարվածել կամ դիմադրել որեւէ ոստիկանի. «Անհասկանալի է՝ ինչից է առաջին ատյանի դատարանը ենթադրել, որ պաշտպանյալս խուլիգանություն է կատարել, եթե քրեական գործում չկա ապացույց, որ խուլիգանություն է կատարել իր պաշտպանյալը: Իմ պրակտիկայում առաջին անգամ է, որ մեղադրանքի հիմքում դրվում են նրա անմեղության ապացույցները:
Ալեք Պողոսյանը իր ցուցմունքում նշել է՝ չի հարվածել ոստիկանի, տեսաերիզում ոչ մի տեղ չի երեւում, որ հարվածել է, ոստիկանը նույնպես ասել է, որ իմ պաշտպանյալը չի հարվածել: Հարց է առաջանում՝ ինչի՞ համար են մեղադրում»:
«Ռուսներին քննադատելու համար»,- պաշտպանի հարցադրմանը արձագանքեց Շանթ Հարությունյանը:
Դահլիճում ներկաները ծափահարեցին:
Պաշտպանը պահանջեց բեկանել ու փոփոխել առաջին ատյանի դատարանի որոշումը, քրեական հետապնդումը դադարեցնել:
Ալեք Պողոսյանն էլ անդրադարձավ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ցուցմունքին. «Ասում է, որ համազգեստ չկրող ոստիկաններին ինքն է հրահանգել մտնել ցուցարարների շարք, քանի որ զգացել է ագրեսիվություն ցուցարարների մեջ: Օսիպյանն իրեն հակասում է, եթե զգացել է ագրեսիվ տրամադրություն, ինչո՞ւ չի հրահանգել, որ ոստիկանները զինվեն: Այս ամենը սարքված է եղել որոշ ուժերի կողմից»: Դատավորն ու Պողոսյանի ընկերները հորդորեցին խոսել ըստ էության՝ բողոքի վերաբերյալ:
«Ուզո՞ւմ ես ապացուցել, որ խուլիգան չես, էս մարդը գիտի»,- արձագանքեց Շանթ Հարությունյանը: Բայց նա էլի շարունակեց խոսել ոչ ըստ էության ու անընդհատ արժանացավ դատավորների ու ընկերների դիտողություններին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ