Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՒԳՈՒՆԸ

Հունվար 16,2015 13:46

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ երեսունմեկերորդ

ՉՈՒԳՈՒՆԸ

Չնայած վաղուց էդ գրական խմբակներում Սեւակներ չէին ծնվում, ծնվողները ծնվում էին, ու էդ կենտրոնական գրական խմբակի եւ նույնիսկ ծայրամասային գրական խմբակների ղեկավարների հաստիքները պահպանվում էին, եւ ահա էդ հաստիքներից մեկը բաժին էր հասնելու Պարկետչիկ Հրաչին, բայց հենց էդ օրերին Ղարաբաղյան շարժումն  սկսվեց, եւ չնայած պոեզիան ու գրական խմբակը Հրաչին ձգում էին, մյուս կողմից էլ  Ղարաբաղյան շարժումն էր Հրաչին չափազանց ձգում, եւ չնայած Շարժումն էլ էր ամբողջովին պոեզիա, այդուհանդերձ, Հրաչն արդեն տրամադրվել էր, որ Սարգսյան Լիպարիտի աջակցությամբ անձամբ ինքը պիտի Շահումյանի շրջանի Պիոներ պալատի գրական խմբակը ղեկավարի, եւ, դրանից էլ բացի, Հրաչն արդեն սկսել էր կազմել բանաստեղծությունների իր անդրանիկ ժողովածուն, եւ իր էդ ժողովածուի հրատարակության երաշխավորն էլ ձեր խոնարհ ծառան էր, որովհետեւ երբ Ղարաբաղյան շարժումն սկսվեց, ձեր խոնարհ ծառան  գլխավոր խմբագիրն էր «Սովետական գրող» հրատարակչության, որն արդեն «Նաիրի» էր վերանվանվել, բայց միտինգներն ու գործադուլներն արդեն սկսվել ու թափ էին առել, եւ Հրաչի գրքի ու մանավանդ գրական խմբակի հարցերն ինքնըստինքյան էին հետաձգվում, եւ երբ իր գրքի տպագրության մասին Հովհաննեսն ու ես իրեն հիշեցնում էինք, ինքն ամոթխած ժպտալով ասում էր՝ «Ղարաբաղը վեկալենք, հետո հանգիստ խղճով գրքովս կզբաղվենք», եւ Հովհաննեսը Հրաչին ասում էր՝ «ախր մեկը մյուսին հեչ չի խանգարում, այ Հրաչ», եւ ես էլ էի Հովհաննեսի կարծիքին, եւ Հրաչն ամոթխած ժպտալով ասում էր՝ «աշխարհն իրար ա խառնվել, ես նստեմ գիրք կազմե՞մ», եւ Հովհաննեսը նախատինքով Հրաչին ասում էր՝ «վաղուց պիտի կազմած լինեիր», եւ ես Հրաչին ասում էի՝ «ինչ որ պատրաստ ունես, ներկայացրու, որ էկող տարվա պլանի մեջ խցկենք», եւ Հրաչը մի քիչ մտածում ու ամոթխած ժպտալով ինձ ասում էր՝ «ուզում եմ Հովհաննեսը մի հատ  նայի, հետո նոր ներկայացեմ», եւ Հովհաննեսը նեղսրտած ասում էր՝ «ի՞նչը պիտի նայեմ. համարյա սաղ գրածներդ անգիր գիտեմ», եւ Հրաչն ամոթխած ժպտալով Հովհաննեսին ասում էր՝ «ուզում եմ մի հատ վերջնական նայես», եւ Հովհաննեսը Հրաչին նեղսրտած ասում էր՝ «էրկու օրինակից մեքենագրել տուր, առաջին օրինակը ներկայացրու հրատարակչություն, երկրորդը տուր ինձ՝ վերջնական կնայեմ», եւ Հրաչն ամոթխած ժպտալով Հովհաննեսին ասում էր՝ «լրիվ էրկու օրինակից մեքենագրած պատրաստ ա», եւ Հովհաննեսը Հրաչին ասաց՝ «քանի Արմենը գլխավոր խմբագիր ա, էդ գրքիդ հարցերը պիտի հորովմորով անենք» եւ մի քիչ մտածեց  ու ավելացրեց՝ «հետո ուշ կըլնի», եւ Հրաչը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ պիտի ուշ ըլնի», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա Սովետը քանդվի, ու հրատարակչությունն էլ փակվի», եւ Հրաչը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Սովետը քանդվող պտուղ չի», եւ Հովհաննեսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գորբաչովը ոնց որ դրան ա տանում», եւ Հրաչը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «Սովետը որ քանդվի, ավելի լավ գրքեր կտպենք», եւ Հովհաննեսը բավական երկար մտածեց ու ասաց՝ «հաստատ չես կարա ասես», եւ Հրաչը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս վիճակը որ մի քիչ խաղաղվի, հետո հանգիստ վիճակում գրքովս կզբաղվենք», եւ Հովհաննեսը բավական երկար մտածեց ու ասաց՝ «էս վիճակը դժվար էլ խաղաղվի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քանի Արմենը գլխավոր խմբագիր ա, արի էդ գրքիդ հարցերը հորովմորով անենք», եւ Հրաչը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «զահլա չկա, Հովհաննես ջան», եւ Հովհաննեսը զարմացած հարցրեց՝ «այսինքն, ո՞նց զահլա չկա», եւ Հրաչը նայեց ինձ, հետո նայեց Հովհաննեսին ու ժպտալով ասաց՝ «հետո էլ պիտի տարածեն թե՝ Արմենենց տան պարկետը խփել եմ, դրա համար ա գիրքս տպել», եւ ես ժպտալով Հրաչին ասացի՝ «մեր տան պարկետը տասը տարի առաջ Վալոդ անունով մի հետ մարդ ա խփել», եւ Հրաչը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «բամբասողների համար էդ ոչ մի նշանակություն չունի», ու էդ ասելով՝ Հրաչն  արհամարհական նայեց մեր սեղանի շուրջ նստած մեկին, որը Հրաչի մասին բամբասանքների ու հերյուրանքների հիմնական հորինողն ու տարածողն էր, ու էդ մեկի անունը հիմա չեմ գրում՝ ոչ միայն էն պատճառով, որ էս պահին էդ մեկի իսկական անունը չեմ հիշում, այլեւ էն պատճառով, որ եթե հիշեի էլ, անվանական ու անվանապես չէի հիշատակի, որովհետեւ էդ մեկի անունը Հովհաննեսի, Հրաչի եւ մյուս արժանավորների անունների կողքին գրելը սրբապղծություն կլիներ, ու էդ մեկի անունը գրելը հատկապես ու առանձնապես իմ կողմից  սրբապղծություն կլինի, որովհետեւ դուք էլ եք վկա, որ իմ էս վեպում սովորաբար անհաջող մարդկանց անվանապես չեմ անդրադառնում, ավելի ճիշտ՝ գրեթե չեմ անդրադառնում, իսկ ավելի ստույգ՝ դրանցից մի քանիսին անկախ ինձանից եմ անվանապես անդրադարձել, որովհետեւ տվյալ հատվածներում պարզապես մոռացել եմ դրանց անունները շրջանցելու նվիրական առաքելությունս, բայց հիմա՝ էս պահին Հրաչի ու էդ մեկի առիթով էդ բացառիկ առաքելությունս  հատկապես եմ մտաբերում եւ եթե չմտաբերեի էլ, տեքստիս ու սկզբունքներիս առումով որեւէ բան չպիտի փոխվեր, որովհետեւ, անկախ ամեն ինչից, կյանքն ինքնըստինքյան  մոռացնում է բոլոր էն անունները, որոնք հիշվելու արժանի չեն, մինչդեռ Հրաչի պես տղի ոչ միայն անունն եմ հիշում, այլեւ մականունը՝ Պարկետչիկ, եւ հիմա, Հրաչի մականունը գրելիս, էդ անարժան անանունի մականունն էլ հիշեցի՝ Չուգուն, եւ, համաձայնվեք, էդ Չուգուն  մականունն իսկ եւ իսկ էն է՝ ինչն էդ մեկին հիշատակելիս մշտապես կարելի է գրել, մանավանդ որ՝ էդ Չուգուն մականունը թե արտաքին եւ թե բովանդակային  առումով էր համապատասխանում էդ մեկին:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031