Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ 77.5 միլիոն եվրոյի (44 մլրդ դրամ) նոր աջակցություն Հայաստանին

Հունվար 16,2015 13:31

Հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպեցին ԵՄ-Հայաստան ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողություն: Աջակցության նոր փաթեթը նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Նոր գործիքներով նախատեսվում է 77.5 մլն եվրոյի (44 մլրդ դրամ) հատկացում:

Ութ համաձայնագրերը կոչված են խթանելու առաջընթացը երկկողմ համագործակցության որոշ հիմնական ոլորտներում. գյուղատնտեսությունից մինչև տարածքային զարգացում՝ ԵՄ ծրագրերի իրագործման համար կարողությունների զարգացման միջոցով, աջակցելու միգրացիային և սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երևանի մետրոյի վերակառուցմանը և միջուկային անվտանգությանը:

Արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: Ներկա էին կառավարության շահառու մարմինների, ԵՄ անդամ պետությունների և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր խոսքում նշեց, որ Եվրոպական միության կողմից տրվող աջակցությունը հնարավոր դարձրեց բարեփոխումների իրականացումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտրի հետ կապված կանոնակարգերը, սննդի անվտանգությունը, մտավոր սեփականության իրավունքը, արդարադատությունը, մասնագիտական կրթությունը, պետական ֆինանսների կառավարումը: Նա վստահություն հայտնեց, որ ստորագրված համաձայնագրերի իրագործումը կխթանի բարեփոխումները համապատասխան ոլորտներում, ինչպես նաև կամրապնդի ոլորտային համագործակցությունը ԵՄ-ի հետ:

«Եվրոպական միությունը ակնկալում է, որ այս զգալի աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների առաջիկա տարիների ընթացքում: Խորհրդարանական և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո բարձր մակարդակի հանձնառությունը և ներքին ամուր աջակցությունը անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար», – նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը: Նա հավելեց, որ «Արևելյան գործընկերության շրջաններում Հայաստանը մեկ շնչի հաշվարկով ԵՄ միջոցների երկրորդ խոշոր շահառուն է»:

Երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը:  Այն ներառում է աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը (25 մլն եվրո), ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ և կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի դարձնելով սննդի հասանելիությունը: Ի հավելումն, տարածքային զարգացման ծրագրով (10 մլն եվրո) ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր համագործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով:

Կառավարման ոլորտում, ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո): ԵՄ-ն նաև կաջակցի սահմանների կառավարմանը և միգրացիային (4 մլն եվրո)՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև Շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակներում:

Մեկ այլ համաձայնգրով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6մլն եվրո) և կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը՝ որպես երկկողմ համագործակցության խթանման և բարեփոխումների մշտադիտարկման գործընթացում կարևոր գործընկեր:

Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագրեր նույնպես համաձայնեցվել են՝ ուղղված Երևանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 մլն եվրո)՝ լուծելով հանրային առողջության և անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5.5 մլն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:

Ի վերջո, ԵՄ-ն կաջակցի միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման  միջոցով (1մլն եվրո):

Աջակցության այս նոր փաթեթը վերահաստատում է Հայաստանի և ԵՄ-ի հանձնառությունը՝ երկկողմ համագործակցությունը ամրապնդելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031